Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տաղանդից հետո մեծատառով գալիս է աշխատասիրությունը». Անդրանիկ Բերբերյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման՝ «Ամերիկացի» եւ «Արծաթե ծիրանի» արժանացած «Ավրորայի լուսաբացը» ֆիլմերի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, դիրիժոր եւ գործիքավորող Անդրանիկ Բերբերյանն է: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է առանձնահատուկ նման նախագծերում մաս կազմելը, հատկապես որ Բերբերյանը շուրջ 30 ֆիլմի համար երաժշտություն է գրել ու գործիքավորել:

Նա ընդգծեց, որ երկու ֆիլմերն էլ ցեղասպանությունից փրկված հայի պատմություն են, սակայն երկու ֆիլմերում պատմությունները տարբեր դրամատուրգիայով են «շարժվում», տարբեր են մատուցման ձեւերով. «Առհասարակ ամեն ֆիլմ առանձնահատուկ է իր տեսակով, դրամատուրգիայով, ռեժիսորի մոտեցումներով … Կապ ունեն նաեւ թիմերը, որոնք աշխատել են ֆիլմերի վրա, կապ ունի ստեղծագործական կազմերի լրջությունը: Ահա այս բոլորը ստեղծում են մի նոր հետաքրքիր աշխատանքային միջավայր, որն ինձ համար ֆիլմը դարձնում է առանձնահատուկ:

Ինչ վերաբերվում է երաժշտությանը, երկու ֆիլմերի դեպքում էլ երաժշտությունը ձայնագրվել է նվագախմբերով. Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի դեպքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ ձայնագրեցինք՝ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, մենակատարն էլ ջութակահար Անուշ Նիկողոսյանը, իսկ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացում» ձայնագրեցինք Սիմֆոնիկ նվագախմբով՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, այստեղ էլ մենակատարը թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էր:

Այս երաժշտակազմերի ու երաժիշտների ներգրավումը ֆիլմ՝ ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ Հայաստանում նման պրակտիկան նոր է, որ կինոերաժշտությունը կենդանի ձայնագրվի ու ներգրավվեն նման մակարդակի երաժիշտներ»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրանիկ Բերբերյանը հավելեց, որ ստեղծագործելիս կարեւորել է այն, որ ֆիլմերը երաժշտական գունապնակում ինչ-որ տեղ ունենան հոլիվուդյան հնչողություն, միջազգային ասպարեզ դուրս գալու մոտիվներ, կիրառվի հայ ավանդական գործիքների միքսումը, ավանդական երաժշտության տարրերի ներառումը, ստացվի այնպիսի զուգորդում, որտեղ կլինեն ազգային նվագարաններ՝ դուդուկ, բլուլ, դափ, թառ եւ այլն, ինչպես նաեւ նվագախումբ կլինի:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Բերբերյանի դիրիժորական փորձին, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են միմյանց փոխլրացնում դիրիժորությունն ու կոմպոզիցիան: Երաժշտի ձեւակերպմամբ, դրանք իսկապես փոխլրացնում են միմյանց, եւ ինքը դեռեւս կոնսերվատորիայում սովորելու ժամանակ է որոշում կայացրել նաեւ դիրիժորական կրթություն ստանալ, ուստի երկու ֆակուլտետ է ավարտել: Հարցրինք՝ հատկապես ի՞նչ է վերցրել Արամ Սաթյանից եւ Ռուբեն Ասատրյանից, որոնց մոտ ուսանել է Երեւանի պետկոնսերվատորիայում:

«Երկուսից էլ վերցրել եմ ամենալավը, գնահատում եմ հատկապես իրենց փորձը, որ ամենակարեւորն է ինձ համար: Անգամ, երբ շփվում էինք դասերից դուրս, ես ցանկանում էի որսալ իրենց մոտեցումները՝ երաժշտության հանդեպ, թե կոմպոզիցիայի եւ թե դիրիժորության սկզբունքների իմաստով: Այդ շփումների շնորհիվ է, որ ես գտել եմ իմ մոտեցումները, իմ ճանապարհը»,-ասաց Անդրանիկ Բերբերյանը:

Այնուհետեւ անդրադարձավ կինոերաժշտության ոլորտում մասնագիտանալուն, եւ Էդուարդ Թոփչյանի, եւ Հարություն Արզումանյանի հետ աշխատանքի նրբություններին. «Ինձ ավելի շատ հետաքրքրում էր աշխատանքը՝ թե Էդուարդ Թոփչյանի, թե Հարություն Արզումանյանի հետ այն առումով, որ ես ավելի շատ ուզում էի կենտրոնացած լինել ղեկավարման սենյակում, որտեղ կարողանում ես լսել երաժշտության վերջնարդյունքը՝ ձայնագրման պրոցեսի ընթացքում»:

Անդրադարձանք իր կազմակերպած ժամանակակից երաժշտության Crossroads փառատոնին: Ասաց, որ քովիդի ժամանակ ժամանակավոր դադար էր եղել, ու առցանց է անցկացվել, ինչը նոր ձեւաչափ էր: «Ոսկե ծիրանին» զուգահեռ Crossroads-2022 փառատոնը կայացավ, որտեղ կատարվեցին տարբեր կոմպոզիտորների գործեր, երկու համերգ ունեցանք, երկու համերգ էլ սպասվում է սեպտեմբերին: Բավական լեցուն դահլիճներ ունեցանք: Շատ գովելի է, որ այդ երաժշտության հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադարձ եղավ Բերբերյանի հիմնադրած եւ ղեկավարած՝ սիլիկոնյան հովտում գրանցված երաժշտական ՏՏ Symbolium ընկերությանը: Երաժիշտն ասաց, որ նախագիծը ժամանակավորապես դադարեցվեց, երբ ինքը մեկնեց զինվորական ծառայության, բայց այն անպայման կշարունակի գործել՝ որպես առաջին հայ երաժշտական կրթական առցանց հարթակ:

Իսկ իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է՝ այս հարցին ի պատասխան Անդրանիկ Բերբերյանը նշեց, որ միշտ իր առաջ դնում է նպատակներ ու պարտադիր փորձում հասնել վերջնակետին, որ հետո էլ հաջորդ նպատակը դնի, իսկ դրանց իրականացումը կապում է հաջողակ լինելու հետ: Անդրանիկ Բերբերյանն ասում է, որ միայն տաղանդը բավարար չէ հաջողությունների հասնելու համար: Նրա խոսքով. «Երբ քեզ մոտ ինչ-որ բան ստացվում է, հասկանում ես, որ պետք է դրանով զբաղվես, դրանից հետո մեծատառով գալիս է աշխատասիրությունը, ապա՝ նպատակների կառուցումը: Ես միշտ ինչ-որ բանի մասին երազելուց հետո, իմ առջեւ դրան հասնելու նպատակ եմ դնում: Ի դեպ, երազանքներն ու նպատակները միշտ փոխկապակցված են, երբեմն դրանք նաեւ փոփոխվում են՝ բերելով նոր մոտիվացիա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Բերբերյանը