Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տեղահանվածների գրեթե 80 տոկոսը չեն կարողանում օգտվել բնակարանների ձեռքբերման ծրագրից

Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված վերաբնակիչները չեն կարողանում Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով բնակարաններ ձեռք բերել։ Բնակարանների վկայագրերը նրանք ստացել են, բայց կառավարության որոշմամբ սահմանված պայմաններն այնպիսին են, որ ընդամենը մեկ շահառու է կարողացել օգտվել ծրագրից։ Արցախից տեղահանվել է մոտ 12 հազար վերաբնակիչ համարվող անձ, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր համայնքներում։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ նրանց  80 տոկոսը Քաշաթաղից են, մյուսները՝ Քարվաճառից ու Շուշիից տեղահանված վերաբնակիչներ են։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում, որ ըստ որի Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանի բնակիչներին, ովքեր վերաբնակիչ են համարվում, հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ է հատկացնելու՝ սերտիֆիկատների տեսքով։ Երևանում բնակարան ձեռք բերելու դեպքում պետական սուբսիդավորումը մինչև 8 մլն դրամ է կազմում, իսկ մարզերում՝ մինչև 10 մլն դրամ։ Բայց խնդիրներ են հարուցում նաև ծրագրին մասնակից բանկերը, օրինակ, եթե անձը 10 մլն դրամանոց բնակարան է գտնում, գնահատող կազմակերպությունները գնահատում են 6, 7 կամ 8 մլն դրամ, և բանկը չի տալիս այդ 10 մլն դրամը։ Մարդիկ էլ հիպոթեքային վարկի բեռի տակ չեն կարող մտնել, քանի որ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն։ Օրերս «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ անդամները հանդիպում են ունեցել կառավարությունում, ներկայացրել են խնդիրները և ծրագիրը փոփոխման ենթարկելու պահանջ դրել։ Կարինե Մովսիսյանի խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում կառավարությունը տեղեկացնելու է՝ ծրագիրը փոփոխման ենթարկելու են, թե ոչ։

«Մենք կարծում ենք, որ ծրագրում պետք է լինի փոփոխություն, որովհետև այսօր արդեն ակնհայտ է, որ տեղահանվածների գրեթե 80 տոկոսը չեն կարողանում օգտվել այդ ծրագրից, և եթե այսպես մնա, դժվար էլ թե կարողանան օգտվել։ Նախ մենք պահանջում ենք գումարի ավելացում, որովհետև 8 մլն դրամով տուն գնել ուղղակի անհնար է, քանի որ տների գները շատ են թանկացել։ Իսկ սահմանամերձ բնակավայրերում գուցե տուն կգտնեն մարդիկ, բայց բանկը չի գնահատի այդքան։ Հայաստանի ոչ սահմանամերձ բնակավայրերում էլ ուղղակի հնարավոր չէ տուն գտնել այդ  պայմաններով։ Մենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու նրա տեղակալին ներկայացրել ենք նաև մեր այն պահանջը, որ այս ծրագրի շրջանակներում մենք բանկերի կողմից չդիտարկվենք որպես հասարակ շահառուներ, որովհետև մենք հնարավորություն չունենք ոչ կանխավճար վճարելու, ոչ էլ հետագայում մուծումներ անելու։ Մեզ հատուկ վերաբերմունք պետք է լինի որպես մարդկանց, ովքեր ամեն ինչ կորցրել են և երկու տարի Հայաստանում ապրում են վարձով։ Նաև հնարավորության դեպքում ցանկանում ենք, որ այդ տները բանկերում որպես գրավ չհանդիսանան, թող լինեն առանց վաճառք իրավունքի, բայց ոչ գրավ բանկում։ Նաև հարց ենք բարձրացրել, որ այդ գույքը կարողանանք որպես ժառանգություն թողնել»,- ասում է Կարինե Մովսիսյանը։

Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ այս ծրագրի շահառու են 4300 ընտանիքներ։ Վկայագրերը տրամադրվում են մեկ տարի ժամկետով։ «Կարելի էր այս հարցը շուտ լուծել, եթե ցանկություն լիներ։ Մենք անընդհատ այս հարցերը բարձրաձայնել ենք, և կառավարությունում հիմա արդեն տեսան, որ ծրագիրն արդեն 3-4 ամիս է՝ մեկնարկել է, բայց օգտվողներ չկան։ Արդեն 3000 շահառուի արդեն ստացել են վկայագրերը, և նրանցից ընդամենը մեկ ընտանիք է կարողացել այդ ծրագրից օգտվելով՝ բնակարան գնել։ Այսինքն՝ պետության հետ ընդամենը մեկ ընտանիք է պայմանագիր կնքել, դա պարզ ցույց է տալիս, որ մարդիկ ուղղակի ի վիճակի չեն այդ պայմաններով տուն գնել»,- հավելեց նա։