Armenia

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղատնտեսության ոլորտն ուշքի չի գալիս. դարձյալ անկում

Թեեւ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, բայց գյուղատնտեսությունը անկում է ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական ընդհանուր արտադրանքը, անցած տարվա արդյունքներով, նվազել է 4.2 տոկոսով` կազմելով 852 մլրդ 788,9 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որմեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 888 մլրդ 138 մլն դրամ, ինչը, 2018-ի համեմատ, նվազել է 3.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 410 մլրդ 361.5 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից պակաս է 7.7 տոկոսով: Ըստ մասնագետների՝ անցյալ տարին գյուղատնտեսության համար այդքան էլ բարենպաստ չի եղել:

Պատճառներից մեկն էլ այն է եղել, որ կառավարությունը գյուղացիներին պետական աջակցության շրջանակներում չի տրամադրել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն: Նշենք, որ ընթացիկ տարում եւսգործադիրըչի տրամադրելու վառելանյութ, պարարտանյութ, փոխարենը գյուղատնտեսությանոլորտի պետական աջակցության ծրագրեր է իրականցնում, որից, ի դեպ, ոչ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել. դրանք հիմնականում կյանքի են կոչվում վարկավորման միջոցով, իսկ ինչպես հայտնի է, մեր օրերում ոչ բոլորին են բանկերը վարկ տրամադրում, այն էլ՝ այդքան մեծ չափերի, որով հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտումտնտեսություն վարել:

Օրինակ՝ անցյալ տարի հացահատիկի բերքատվությունը պակասել է 6.9 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Արարատի մարզում 22.6 տոկոսով պակասելէ հացահատիկի բերքատվությունը, Գեղարքունիքի մարզում՝ 38.8 տոկոսով, Կոտայքում՝ 47.3 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կարտոֆիլի դեպքում. բերքատվության անկում արձանագրվել է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերից:

Ստացվում է, որ կառավարությունը, մի կողմից, գյուղացուն «զրկում է» էժան գնով վառելանյութից, սերմացուից, պարարտանյութից, մյուսկողմից՝ առաջարկում է վարկ վերցնել (իհարկե, ցածր տոկոսադրույքով) եւ զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, ոչխարաբուծությամբ կամ տավարաբուծությամբ:

Գյուղատնտեսության ոլորտում եւս մեկ խնդիր կա, որն արդեն մի քանի տարի է՝չի լուծվում. չկա ոռոգման ջուր: Արարատյան դաշտավայրում ջուրչլինելու պատճառով դաշտերը չորանում են: Արմավիրի, Արարատի մարզերում բազմաթիվ հողակտորներ կան, որոնք արդեն մի քանի տարի է՝չեն ոռոգվում, հետեւաբար չեն մշակվում:

Շատ են դեպքերը, երբ գյուղում ապրող մեր հայրենակիցները, չկարողանալով հողագործությամբ ընտանիք պահել, առօրյա հոգսերը հոգալ, ստիպված են լինում գյուղից գնալ՝ աշխատանք գտնելով ՀՀ քաղաքներում, եւ այնտեղ էլ բնակություն են հաստատում կամ էլ երկրից հեռանում են՝ արտագնա աշխատանքի: Իհարկե, կառավարությունը այս խնդրի լուծումը գտել է. ՀՀ տարածքում չմշակվող հողերը կառավարությունը ծրագրում է հետ վերցնել սեփականատերերից:

Այսինքն՝ մշակվում է մեխանիզմ.ըստ մարզերի եւ հողի կատեգորիաների՝ կսահմանվի հողի վարձակալության պետական գին, կունենա օրենսդրական կարգավորում, որ երբ մի հողը երկար ժամանակ չի օգտագործվում, օրենքիուժով այն պետությունըկվերցնիմարդուց վարձակալության համար, իրեն կվճարի վարձակալության վճար եւ հետո վարձակալությամբ կհանձնի տնտեսվարողին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 442 մլրդ 427 մլն 400 հազար դրամ, ինչը, 2018-ի համեմատ, նվազել է 1.2 տոկոսով: Այլ կերպ ասած` անցյալ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Սրան զուգահեռ նկատենք, որ անցյալ տարվա արդյունքներով` 3.3 տոկոսով նվազել են նաեւ մսի արտադրության ծավալները:

Միայն խոզի մսի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում պակասել են 13.8 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 14.6 տոկոսով: Փոխարենը ընդհանուր կաթնամթերքի արտադրության ծավալները, անցյալ տարվա արդյունքներով, 39.1 տոկոսով աճել են: Օրինակ` 2019թ.-ին պանրի արտադրության ծավալները աճել են 5.6, թթվասերինը` 34.3, մածունինը` 29.3, իսկ կաթնաշոռինը` 23,9 տոկոսով:

Ըստ ոլորտի մասնագետների` կաթնամթերքի արտադրության ծավալներն աճել են ներկրված կաթի փոշու հաշվին,փոխարենը ձկնաբուծության ոլորտում է 7.3 տոկոսովաճ արձանագրվել: Եւ զարմանալի չէ, քանի որ Հայաստանում վերջին շրջանում սնկիպես աճել են ձկնաբուծարանները։ Միայն ձկնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 35 մլրդ 349.1 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ փոխվել են գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:

Պատճառն այն է, որ այսպես գործադիրը փորձելու է ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց, չնայած սրան, գյուղատնտեսության ոլորտում բացասական միտումը շարունակվում է, եւ դեռ հայտնի չէ, թե երբ այն ուշքի կգա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան