Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում հետ ինչ հարաբերություններ ունի Փաշինյանն իր թիմում

Դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վեցերորդ համաժողովն էր հրավիրել, որի ժամանակ կուսակցությունը վարչության նոր կազմ ընտրեց: Բայց կրքերը դեռ չեն հանդարտվում:

Հիշեցնենք, որ կուսվարչության անդամների ընտրությունից հետո պարզվեց, որ ընտրությունները կեղծվել են, վերահաշվարկ կազմակերպվեց ու վերջնական կազմ հրապարակվեց: Բայց արի ու տես, որ շուրջ 5 ամիս է անցել ՔՊ վարչության կեղծված ընտրություններից, սակայն ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի ներում ու մոռանում այդ խայտառակ իրավիճակը: ՔՊ վարչության ընտրություններից հետո գրեթե բոլորի հետ Փաշինյանը լարվել է ու այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է: Նա անգամ շշեր էր շպրտել զայրույթի պահին, որ իր քաղաքական ողջ միֆը՝ արդար ընտրությունների վերաբերյալ, հենց կոտրել է հարազատ թիմը՝ ներսում:

ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, թե վարչության 20 անդամների հետ ի՞նչ փոխհարաբերություններ ունի այս պահին Փաշինյանը և ո՞ւմ, ինչ հարցերում է կասկածում կամ վստահում:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նոր կազմն այս պատկերն ունի

1․ Փաշինյան Նիկոլ Վովայի
2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի
3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի
4. Ավինյան Տիգրան Արմենի
5. Պապոյան Գևորգ Հարությունի
6. Միքայլեյան Սասուն Մեխակի
7. Հարությունյան Արայիկ Էդուարդի
8. Դավոյան Արփինե Հրահատի
9. Սանոսյան Գնել Հենզելի
10. Ալեքսանյան Վահագն Հովիկի
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի
12. Հակոբյան Վաղարշակ Սոսի
13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի
14. Թորոսյան Արսեն Գևորգի
15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի:

Հիմա ներկայացնենք, թե այս 15 անձանց ինչպես է Փաշինյանը վերաբերվում ու ինչ հարաբերություններ ունի նրանց հետ, քանի որ մեր երկրի համար կարևորագույն որոշումները կայացվում կամ գոնե բեմադրվում են հենց թվարկված անձանց հետ հանդիպումների ձևաչափով:

ՍՈւՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ– ՀՀ Պաշտպանության նախարար Պապիկյանը ժամանակին Փաշինյանի ամենավստահելի պաշտոնյաններից մեկն էր, գրեթե բոլոր հարցերը Փաշինյանը Պապիկյանի հետ էր խորհրդակցում, բոլոր գաղտնի ինֆորմացիաներին Պապիկյանը տիրապետում էր, սակայն վարչության ընտրություններից հետո Փաշինյանը այդ կեղծիքների գլխավոր մեղավորը համարում էր Պապիկյանին ու նրա հետ չէր ցանկանում որևէ առնչություն ունենալ մինչև վերջերս: Փաշինյանը նպատակ ուներ անգամ պաշտոնանկ անել ՊՆ նախարարին, սակայն օրերս զրույց է ունեցել նախարարի հետ ու ասել, որ կշարունակեն աշխատել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն երկու օր է՝ Պապիկյանը բարձր տրամադրությամբ է աշխատանքի գնում, բայց դեռ խնդիր ունի Փաշինյանի մոտ նախկին դիրքերը ամբողջությամբ վերականգնելու: Իհարկե, նրա գնած բնակարանների թեմայի աղմուկը մեծ է, բայց քայլեր են արվում, որ հանրության ուշադրությունն այդ թեմաներից շեղվի:

ՌՈւԲԵՆ ՌՈւԲԻՆՅԱՆ-ԱԺ փոխնախագահ

Ռուբինյանի հետ Փաշինյանի հարաբերությունները պաշտոնական են, ոչ լավ են, ոչ վատ: Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Փաշինյանը Ռուբինյանի հետ գործից գործ է շփվում, իրեն համարում է աշխատող մարդ, որի հետ այդքան էլ ջերմ մարդկային հարաբերություններ չունի: Վարչության նիստերի ժամանակ էլ չեն փայլում նրանց շփումները, եթե կան հարցեր, ուղղակի քննարկում են և վերջ: Ասել թե՝ Փաշինյանի վստահելիներից է Ռուբինյանը սուտ կլինի, քանի որ շատ ինֆորմացիաներին Ռուբինյանը չի էլ տիրապետում՝միայն արտաքին քաղաքական որոշ հարցեր:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ-Երևանի փոխքաղաքապետ

Ավինյանը ի սկզբանե Փաշինյանի աչքի «լույսը» չի եղել, քանի որ այս իշխանության ստեղծման օրվանից Ավինյանը ձգտել է թիմի ներսում իր թիմն ունենալ, ինքնուրույնություն դրսևորել, ինչը չի ներվում Փաշինյանի կողմից: Նրան անվերապահ բոլորը պետք է ծառայեն:

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն մի տարի է՝ ինչ Փաշինյան-Ավինյան հարաբերությունները սառել են, ոչ մի շփում չկա, բացի բարևելուց ու միմյանց դեմքին ժպտալուց, պաշտոնական տեսակետներ փոխանակվելուց:

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության նախագահի տեղակալ

Պապոյանի և Փաշինյանի փոխհարաբերություններն էլ պաշտոնական են: Պապոյանը ամեն առիթի փորձում է հաճոյանալ Փաշինյանին՝ նրա վստահությունը շահելու համար, սակայն դեռևս չի հասել այն կետին, որ Փաշինյանը Պապոյանին «իր մարդը» համար: Միևնուն է, չի մոռանում Պապոյանի ՀՀԿ-ական անցյալը: ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ, գրեթե բոլոր հարցերում Պապոյանը փորձում է իր դերակատարումն ունենալ, բայց դրան զուգահեռ, ցանկացած հարց ճշտում է Փաշինյանի հետ ու նոր հայտնում որևէ հարցի հետ կապված իր դիրքորոշումը: Նա ունի զրո ինքնուրույնություն: Հավելենք, որ հատկապես ՔՊ վարչության խայտառակ ընտրություններից հետո, ՔՊ վարչության բոլոր անդամները ցանկացած հարց նախապես ճշտում են Փաշինյանի հետ ու հետո նոր մի քայլ անում:

ՍՍԱՍՈւՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ- ԵԿՄ նախագահ

Միքայելյանի և Փաշինյանի հարաբերությունները առաջվանը չեն, բայց և լարված չեն: Միքայելյանն իր գործն է անում, Փաշինյանն էլ ոչ մի ձևով չի «խառնվում» ավագ գործընկերոջ աշխատանքներին: Ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների՝ Միքայելյանին շատ հազվադեպ կարելի է տեսնել ՔՊ-ականների հետ, վերջինս անհրաժեշտության դեպքում է միայն վարչության նիստերին ներկայանում ու բոլորի հետ ունի սովորական հարաբերություններ, այդ թվում նաև Փաշինյանի՝ պահպանելով ավագի՝ իր դերը:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հարությունյանը ևս Փաշինյանի աչքից «ընկել» է, քանի որ Հարությունյանը արդեն շատ է ինքնուրույնացել ու կան որոշումներ, որ երբեմնի ԿԳՄՍ նախարար Հարությունյանն անգամ Փաշինյանից կարծիք չի հարցնում: Իր համար ցանկալի մարդկանց տարբեր պաշտոնների է նշանակում, ինչն ակնհայտ դուր չի գալիս Փաշինյանին: Եւ մի օր կպայթի օրեցօր ձգվող փուչիկը:

ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆ-ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր

Դավոյանին Փաշինյանը ժամանակին շատ էր վստահում, ավելին նա խորհրդարանում և խմբակցությունում Փաշինյանի աչքն ու ականջն էր: Բայց քանի որ ՔՊ վարչության ընտրությունների կեղծման գլխավոր դերակատարներից մեկը Դավոյանն էր, Փաշինյանը նրա հանդեպ ևս իր վստահությունը կորցրել է: Իսկ Դավոյանն էլ այս ընթացքում փորձում է հաճոյանալ Փաշինյանին` խորհրդարանում իր սուր ելույթներով ու ընդդիմությանը վարկաբեկելով, դեռ անօգուտ: Այս շրջանում ԱրփիԴավոյանը շատ է մտերմացել Անդրանիկ Քոչարյանի հետ և թիմի ներսում խարդավանքներ հյուսելով են զբաղված:

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆ- ՀՀ ՏԿԱ նախարար

Սանոսյանն այն անձանցից է, որ վարչապետ Փաշինյանի հետ կարողացել է «լեզու գտնել» իր պաշտոնին մնալու համար: Ըստ մեր ՔՊ-ական աղբյուրների՝ Փաշինյանը տևական ժամանակ առաջ լարվել էր Սանոսյանի հետ, քանի որ ինֆորմացիաներ էր ստացել, որ Սանոսյանը մեկ անձից գնումներն ընտրողաբար է անում, իր բոլոր հարազատներին իր մոտ աշխատանքի է տեղավորել, իսկ իր հայրենի գյուղում մեծ թվով հողեր է սեփականաշնորհել: Փաշինյանին Սանոսյանը կարողացել է համոզել, որ դրանք մտացածին ինֆորմացիաներ են ու կարծես, թե Փաշինյանը զիջումների է գնացել, սակայն Սանոսյանի հետ լարված հարաբերությունները պահպանվում են: Նրանց շփումները բացառապես պաշտոնական են:

ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր

Ալեքսանյանի և Փաշինյանի հարաբերությունները նոր վարչության ընտրություններից առաջ ամենաջերմն էին, սակայն հիմա այն անցյալում է, ինչպես մյուս բոլորի դեպքում:
Նշենք, որ ՔՊ վարչության նիստերի ժամանակ Ալեքսանյանն այդքան էլ ակտիվ չէ, հիմնականում լսողի դերում է:

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ-ԱԺ նախագահ

Սիմոնյանի և Փաշինյանի հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են, քանի որ խմբակցության տարբեր պատգամավորներ` Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, Սիմոնյանի մասին բացասական ինֆորմացիաներ են ներկայացնում: Ու Փաշինյան-Սիմոնյան հարաբերություններն առաջվանը չեն: Նախկինում շատ հարցեր քննարկում էր նա Սիմոնյանի հետ, բայց հիմա՝ հազվադեպ: Թեև համեմատության մեջ, ամենալավ հարաբերությունները դեռ պահպանվում են Սիմոնյանի հետ:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր

Հակոբյանը, կարելի է ասել, պատահական է հայտնվել ՔՊ վարչությունում, վերջինս ո՛չ Փաշինյանի մտերիմներից է, և ո՛չ էլ իր դերն է ունեցել ՔՊ-ում: Թիմում անհասկանալի է, թե ինչպես, կամ ինչի շնորհիվ Հակոբյանը դարձավ ՔՊ նորընտիր վարչության անդամ. արդյոք միայն ակտիվ ելույթներն էին ընդդիմության դեմ, պարզ չէ: Հակոբյանը ջերմ հարաբերություններ ունի գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ:

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ-ԱԻ նախարար (դեռ)

Փամբուխչյանը վարչության անդամ դարձավ վերահաշվարկի արդյունքում, ու վերջինս տևական ժամանակ է՝ նեղացածի կարգավիճակում է: Բանն այն է, որ Փաշինյանը նրան խորհրդարանից տեղափոխեց գործադիր նշանակելով ԱԻ նախարար, հետո ստեղծելով ՆԳ նախարարություն ԱԻՆ-ը «փլուզվեց» ու Փամբուխչյանը մի քանի ամիս հետո կմնա առանց պաշտոնի: Ու դա է պատճառը, որ վերջինս նեղացած է ու Փաշինյանը դեռևս Փամբուխչյանի հարցում դիրքորոշում չունի:
Այս պահին նրա հարցը առկախված է:

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր

Թորոսյանը ՔՊ վարչության այն անդամն էր , որ կարողացել է «բացահայտել» ՔՊ վարչության ընտրությունների կեղծ լինելը՝ տարբեր համակարգիչներ «մուտք» գործելով, ինչի համար Փաշինյանը սկսեց ավելի վատ վերաբերվել Թորոսյանին, չնայած մինչև այդ էլ նրա հետ լարված հարաբերություններ ուներ: Հիմա Փաշինյան-Թորոսյան հարաբերությունները ամենալարված կետում են, քանի որ բացահայտվել է, որ Թորոսյանի՝ առողջապահության նախարար եղած ժամանակահատվածում կոռուպցիոն մեխանիզմներ են գործել: Փաշինյանը Թորոսյանի հետ արհամարհական է ու շփումը նրա հետ 0-ական է: Սպասում է նախաքննության ավարտին, որից հետո դիրքորոշում կհայտնի Թորոսյանի մասին:

ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ՊՎԾ ղեկավար

Պետրոսյանը ամեն բան անում է Փաշինյանի աչքին երևալու, հաճոյանալու համար, սակայն, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, Պետրոսյանին Փաշինյանն այլևս լուրջ չի վերաբերվում, քանի որ այն պաշտոններում, որտեղ նրան Փաշինյանը նշանակել է, բացի Կոտայքի մարզպետ պաշտոնից, ձախողվել է:

Ամփոփելով ասվածը՝ հավելենք, որ փոփոխական բնավորությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանը իշխանության ներսում միայնակ է, չունի որևէ մեկը ում 100 տոկոսով վստահում է: Նա կասկածում է բոլորին, դժգոհ է բոլորից, բայց միշտ չէ, որ հրապարակավ արտահայտվում է:

Քրիստինա Մուշեղյան