Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարի ականատեսները հրավիրվում են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեո-Պարոնյան փողոցների ավտոճանապարհին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ավտոմեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու քրեական գործով արդեն իսկ հաստատված է, որ վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով։ Այս մասին դեռեւս օրեր առաջ հայտնել էր տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ իր համար հատկապես զարմանալի է, որ վիճարկվում է հղի, դժվարությամբ տեղաշարժվող կնոջ հուսահատ տեղաշարժը՝ վրաերթից փրկվելու նպատակով, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել։

Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմը միջնորդություն էներկայացրել նախաքննական մարմին միջնորդել են դեպքի վայրի շրջակայքի անձանց հարցաքննել, ասել է թե` ականատեսներին պահանջում են հարցաքննել: Արդյունքում ArmLur լրատվականը դիմեց ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ են արել նրանք այդ միջնորդության մասով` ի պատասխան կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ տվյալ դեպքի վայրում եղած ականատես վկաներն այս օրերին հրավիրվում են Քննչական կոմիտե հարցաքննության և սահմանված կարգով հարցաքննվում են: Հավելենք, որ արդեն իսկ ստացվել է նաև դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որով հիմնավորվում է վարորդի մեղքը:

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների հատվածում: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ու հեռացնել դեպքի վայրից: ՔԿ-ն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ:

Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել, որը մերժվել է։ Այդուհանդերձ, Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Նավասարդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է։ Քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ ArmLur.am-ը առաջիկայում այլ մանրամասներ եւս կներկայացնի:

Քնար Մանուկյան