Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տեսնում եք, չէ՞, երբ իրենց պատասխանը տալիս ենք, հանգիստ նստում են։ Թուրքն ո՞վ է դարձել

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, մարտի 25-ին Բաքվի զինված ուժերը հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: Ի՞նչ իրավիճակ է։

Աջից-ձախից թշնամին դիրքավորվում է։ Դեպի Ստեփանակերտ ճանապարհն արդեն երկու օր է՝ փակ է։ Բայց մյուս ճանապարհը ռուսների համար գործում է, սննդամթերք են տեղափոխում։ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի կապը Սյունիքի մարզի հետ կա, բայց արդեն վերջին գյուղից դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակ է։ Բնակիչները մնում են գյուղերում, գնալու մասին չեն մտածում, ո՞ւր գնանք։ Եթե այստեղից փախնենք գանք Հայաստան, բա Հայաստանից ո՞ւր ենք փախնելու։ Ալիևի ախորժակը մեծ է՝ Սևանում ձուկ ուտելու, ոտքերը ջրում դնելու մասին է խոսում։ Դրան պետք է դիմակայենք։

Տեղեկություն եղավ, որ մարտի 27-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Այսինքն՝ որտեղ բանակը դիմադրություն է ցուցաբերվում, թշնամին չի՞ կարողանում տարածքներ օկուպացնել։

Սրին սրով են պատասխանում, և հաջորդ անգամ սրից վախենում են։ Երկու տարի է՝ մենք բարձիթողի վիճակում ենք այդ առումով։ Իհարկե, ինչ իրենք նախաձեռնում են, մենք պետք է դիմադրությամբ արձագանքենք։ Տեսնում եք, չէ՞, իրենց պատասխանը տալիս ենք, հանգիստ նստում են։ Թուրքն ո՞վ է դարձել, որ հայի վրա «վերխ հավաքի»։ Հիմա նոր սերունդ է եկել, ասում է՝ վայ, թուրքը այստեղ է, թուրքը այնտեղ է։ Այո, հասկացանք, որ թուրքին բաց են թողել, որ գան հասնեն այստեղ, բայց տարիքն առած մարդիկ, ովքեր պատերազմ են տեսել ու հաղթահարել, ճանապարհ են անցել, հո բաց չեն թողնելու թուրքին։ Իհարկե, պետք է դիմադրել, ամենքի հետ իր լեզվով պետք է խոսես, որ իր տեղն իմանա ու ճանաչի։ Սա է մեր խնդիրը՝ մի հատ հավաքվենք, մեզ թափ տանք, զգաստ շարք կանգնենք, մեր պայքարն արդար է։

Դրա փոխարեն շատ է քարոզվում, որ պատերազմից հետո թույլ ենք, ռեսուրս չունենք։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Ես համաձայն չեմ այդ թեզերի հետ։ Որ իմանաք 1988 թվականին ոնց ենք սկսել պայքարը․․․ մահակով ենք սկսել, ինքնաշեն զենքով ենք սկսել։ Հիմա ամեն ինչ էլ ունենք, ինչո՞ւ են ասում՝ չունենք։ Ինչ էլ չունենք, պետք է բացթողումները լրացնենք, որ աշխարհը մեզ հավատա ու իմանա, թե ում հետ գործ ունի։ Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր լինում, մենք պետք է ուժեղանանք։ Երբ տան տղամարդն ուժեղ է լինում, կնոջ վարքը, տան դրվածքը իդեալական է լինում։ Իմ ասածի միտքն այն է, որ պետք է երկրի ղեկավարն ուժեղ լինի։ Եթե մենք ունենանք ղեկավար, որը կպատասխանի ցանկացած պետության ագրեսիվ քաղաքականությանը, խոսքով, թեկուզ ուժով, այսպես գլուխներս կախ չենք լինի։ Մենք պետք է նաև աշխատանք տանենք, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախը։ Եթե ասենք, որ մեզ պետք չէ, որ միջազգային հանրությունը մեզ ճանաչի, սուտ է։ Բայց առաջնահերթ մենք ինքներս մեր վրա պետք է հույս դնենք, զինվենք, ամրանանք։ Եվ եթե մենք ամուր լինենք, այդ նույն միջազգային հանրությունը ինքնըստինքյան ճանաչելու է մեզ։ Մենք նախ ինքներս մեզ պետք է վստահենք, մեր ձեռքով մեր առաջ դրված խնդիրը լուծենք։ Մենք ինքներս պետք է մեր իրավունքները պաշտպանենք։

Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին է այսօր խոսվում, դա ընդունելի՞ է ձեզ համար։

Դա էլ է պետք, ինչո՞ւ ոչ, պետք է բանակցել։ Պետք է ոչ թե ինտեգրացիայի գնանք, այլ բանակցենք՝ մեր խնդիրները լուծելու համար։ Բայց չի կարելի թեկուզ մտքի ծայրով անցկացնել, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա Արցախի ժողովրդի համար անընդունելի է։ Այստեղ որոշողը Արցախի ժողովուրդն է, իշխանությունը չէ։