Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտնելու, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին». Անդրանիկ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռազմական էսկալացիայի հավանականությունը միշտ կա, դրա համար էլ բանակը միշտ ուժեղանալու խնդրի առաջ է կանգնած. այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե էսկալացիայի ռիսկերը մեծ են։

Սոցցանցերում երեկվանից տեսանյութեր եւ տեղեկություններ են տարածվում, որ Գեղարքունիքի հատվածում թշնամին կուտակումներ է անում. համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը՝ հարցին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ կուտակումներ, ո՞վ է խոսում, Թագուհի Թովմասյանն ինչ-որ իրեն զանգերի մասին է խոսել։ Դա դարձնենք հիմք ու քննարկումների առարկա՞, պաշտպանության նախարարը տվյալ հարցադրմանը տվել է հստակ պատասխան»։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ թշնամու կուտակումների վերաբերյալ տեղեկատվություն չունի՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ միշտ տեղեկություններ ունի, որ թշնամին դիմացը կանգնած է եւ մեղադրանքի սլաքները կրկին ուղղեց լրագրողներին. «Հիմա ո՞նց անենք, որ դեմ դիմաց կանգնելու պարագայում լարվածության, էսկալացիայի հնարավորություն չլինի։ Բանակ ենք կառուցում, կառավարության ծրագիրն ենք իրականություն դարձնում: Իհարկե, կուզենայի, որ այս աշխատանքին էլ լրատվական համույթն ակտիվ մասնակցեր, այլ ոչ թե հակառակորդին ցանկալի մեկնաբանություններ հնչեցնի»:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների մասին. նա հայտարարեց, որ պաշտոնական գրություններ են ուղարկելու բոլոր այն անձանց, որոնք խուսափում են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

«Խնդիրն այն է, որ տեսեք՝ ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ ու հանձնաժողովի հետ աշխատի։ Նույնիսկ այսօր մեր հանձնաժողովի անդամներից մեկը գրառում էր արել, չգիտակցելով, թե Օնիկ Գասպարյանը 6 ժամվա ընթացքում գեներալների մասին ինչ է ասել։ Այդ դեպքում ես արձագանքում եմ՝ Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտնելու, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես, թե նույն գեներալ գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած գեներալ Օնիկ Գասպարյանի՝ հանձնաժողով ներկայանալուն եւ 6 ժամ հարցաքննվելուն:

«… Թե՞ Գասպարյանը հույս ունի, որ իր հետևից չեն գալու, Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողեն: Բոլոր դեպքերում Օնիկ Գասպարյանը պարտավոր է արձագանքել ինչպես իր` քննիչ հանձնաժողովի այցին, այնպես էլ` իր ենթակայությամբ կռիվ տված հրամանատարների նկատմամբ կարված գործերին` Գրիգորի Խաչատուրովից մինչև Միքայել Արզումանյան»,- գրել էր ընդդիմադիր պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից հետո, Տիգրան Աբրահամյանը կրկին ֆեյսբուքյան գրառում է արել՝ զարմանք հայտնելով, որ իր տեսակետին անդրադարձել է ոչ թե Օնիկ Գասպարյանն, այլ Անդրանիկ Քոչարյանը՝ անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս.

«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս:

Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում` տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն:

Զարմանալի է իշխանությունը ներկայացնող այն դեմքերի ինքնավստահ տոնն ու պահվածքը, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի ու դրան հետևած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի հսկայական տարածքային ու մարդկային կորուստների, երկրի անվտանգության համակարգը «պռախադնոյ դվոռի» վերածելու մեջ, սակայն շարունակում են դաշտը լցնել անիմաստ դատարկաբանություններով:

Այս իշխանության նպատակը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ հերթական կորուստները առավելագույնս «սվաղելը», իսկ բանակում տեղի ունեցած/ունեցող «փոփոխությունները» իրենց դրսևորումը ստանում են ծառայության ընթացքում մարտական խնդիրներ լուծելիս:

Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում:

Ձեր ներկայությունն Արցախին ու Հայաստանին միայն ողբերգություն, զիջում և անդառնալի կորուստներ է բերել, իսկ երկիրը հրել եք դեպի անդունդ, հիմա էլ թե բա` քննիչ հանձնաժողով, քննարկում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ