Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն. Հակոբ Ղազանչյան

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ. 

«Հարգելի գործընկերներ.
Ամեն տարի անհամբեր բոլորս սպասում ենք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվան: Այն մեզ համար վերածվել է մասնագիտական տոնի, հրաշալի առիթի, երբ իրար շնորհավորելու, բարեմաղթանքներ հղելու, ինչու ոչ, շնորհավորանքներ ընդունելու պատեհությունն է ներկայանում:

Ցավոք սրտի, մեր երկրի տոնացույցերի ցանկում կարմիրով նշված չէ Թատրոնի օրը, բայց մենք գիտենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը:

Մեզ համար թատրոնը նաև մեկ այլ արժեք ունի՝ սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց: Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական բարդ ու երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, սերը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը՝ ճանապարհ բացելով դեպի վաղվա օր:

Թող մեր տոնը բոլորիս խնդություն պարգևի: Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»։