Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծանր հարված ռուսական «միջուկային վահանին»

Բրիտանական հետախուզությունն իր առավոտյան զեկույցում ուշադրություն է հրավիրում դեկտեմբերի 5-ին Ռյազանի մերձակայքում և Սարատովի մարզում ռուսական ավիաբազաներում տեղի ունեցած պայթյունների վրա, որոնց արդյունքում, ըստ բաց աղբյուրների, զոհվել է երեք մարդ, խոցվել են երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ։

Հետախուզությունը նշում է, որ պայթյունների պատճառները դեռ պարզված չեն։ Բայց եթե Ռուսաստանը համարում է, որ դրանք դիվերսիա են, ապա դրանք կարող են համարվել ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ռազմական օբյեկտների պաշտպանության ամենալուրջ ձախողումներից մեկը:

Բանն այն է, որ տուժած բազաները տեղակայված են Ռուսաստանի տարածքի խորքերում՝ Սարատովի մարզում գտնվող Էնգելսի ավիաբազան գտնվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներից 600 կմ հեռավորության վրա։

Էնգելսը ռուսական հեռահար ավիացիայի գլխավոր օպերատիվ բազան է երկրի արևմտյան հատվածում, այդտեղ բազավորված են 30 ռմբակոծիչներ։ Այս ինքնաթիռները Ռուսաստանի միջուկային վահանի մաս են կազմում և արդեն օգտագործվել են Ուկրաինայի վրա ոչ միջուկային թեւավոր հրթիռներով հարձակվելու համար։ Ռուս զինվորականները ռմբակոծիչները կհեռացնեն պահեստային բազաներ, կարծում է բրիտանական հետախուզությունը։