Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 25,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Մյուս դեպքով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ցամաքային ճանապարհով 2022 թ. օգոստոսին փորձ է արվել արտահանել շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 199,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 66 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Իսկ 2023 թվականի մարտին Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից կանգնեցվել և զննման են ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ապրանքներ տեղափոխող 2 բեռնատարներ: Արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և խաղողի տակ առկա է «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից արտադրված 400,000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ` շուրջ 220 միլիոն ՀՀ դրամ արժեքով: Նշված դեպքերով պետությանը պատճառվել է շուրջ 154 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Մեկ այլ դեպքով էլ՝ 2023թ-ի ապրիլին է փորձ արվել ՀՀ-ից դեպի ՌԴ օդային ճանապարհով արտահանել շուրջ 270 միլիոն ՀՀ դրամ արժեքով,  առանց ակցիզային դրոշմանիշերի 490,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 188 միլիոն ՀՀ դրամի վնաս: