Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծխախոտի օգտագործման հետևանքով տարեկան մահանում է 8 մլն մարդ

Ծխախոտի օգտագործման հետևանքով ամեն տարի մահանում է 8 մլն մարդ։ Ընդ որում կառավարությունները շարունակում են սուբսիդավորել ծխախոի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը։

Նա կոչ է արել երկրների իշխանություններին աջակցել առողջ մշակաբույսերի մշակմանը, որը կկերակրի միլիոնավոր մարդկանց։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ը նշվում է առանց ծխախոտի օրը։ Դրան ընդառաջ հրապարակվել է զեկույց, որը վերնագրված է «Աճեցրու սնունդ, ոչ թե ծխախոտ»։
ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ ծխախոտը վնասում է ոչ միայն սպառողներին։ Դրա արտադրության հետ կապված գործընթացները հանգեցնում են հենց ֆերմերների մոտ հիվանդությունների, ներառյալ թոքերի քրոնիկ հիվանդությունը և նիկոտինային թունավորումը (նաև հայտնի է որպես «կանաչ ծխախոտի հիվանդություն»): Միևնույն ժամանակ աշխարհում ավելի քան մեկ միլիոն երեխա աշխատում է ծխախոտի արդյունաբերության ոլորտում:

«Ծխախոտ արտադրող ամեն չորրորդ ֆերմերը տառապում է կանաչ ծխախոտի հիվանդությամբ։ Հիվանդությունն առաջանում է ծխախոտի տերեևների մշակման ժամանակ մաշկի միջոցով նիկոտինի ներծծման հետևանքով, որն այնուհետ տարածվում է ողջ օրգանիզմով։ Ախտանիշներից մի քանիսը ներառում են ռեֆլեքսային փսխում, գլխապտույտ, գլխացավ, որովայնի ցավ և շնչահեղձություն, որոնք տևում են միջինը մեկից երեք օր», - ասվում է ԱՀԿ զեկույցում։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ բախվում է պարենային լուրջ անապահովության խնդրին։ Սրանով հանդերձ, մոտ  120 երկրներում ավելի քան 3 միլիոն հա  հողատարածք օգտագործվում է ծխախոտ աճեցնելու համար, նույնիսկ այն երկրներում, որտեղ մարդիկ սովամահ են լինում:

Բրազիլիան, Չինաստանը և Հնդկաստանն ապահովում են ծխախոտի համաշխարհային արդյունաբերության 55 տոկոսը: