Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանը մեքենաների գրանցման և պետհամարանիշների գինն ավելացնում է

Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հայտնում է, որ նախատեսվում է թանկացնել ՆԳՆ-ի կողմից մատուցվող անհատական ​​ծառայությունների վճարները: Այս մասին գրում է «Ալիք Մեդիա»-ն։

Վրաստանի կառավարությունը նշված օրենսդրական նախաձեռնությամբ դիմել է խորհրդարանին։

Օրինագիծը նախատեսում է բարձրացնել հետևյալ ծառայությունների վճարները.

  • Տրանսպորտային միջոցների գրանցման վճարը սահմանվում է 100 լարի (35 դոլար)՝ 35 լարիի (12 դոլար) փոխարեն
  • Տրանսպորտային միջոցի մեկ զույգ պետհամարանիշ տրամադրելու վճարը՝ 80 լարի (28 դոլար), 35 լարիի (12 դոլար) փոխարեն
  • Տրանսպորտային միջոցի պետհամարանիշի վերականգնման վճարը՝ 80 լարի (28 դոլար)՝ 35 լարիի (12 դոլար) փոխարեն

«Ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ սպասարկման գործակալության կողմից մատուցվելիք ծառայությունների վճարների ճշգրտումը կբարձրացնի սպասարկման գործակալության եկամուտները, ինչը կբերի նաև պետական ​​բյուջեի եկամտի ավելացման։

Ակնկալվող եկամուտը կազմում է մոտ 40 մլն լարի, որն ուղղվելու է ՆԳՆ ծառայության և պարեկային ոստիկանության բաժնի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորմանը»,-ասված է խորհրդարան ներկայացված օրենքի նախագծում։

Օրենք ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։