Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաց քաղաքագետ. Առաջնորդվում ենք վրացական շահերով՝ մնալ չեզոք ու ոչ մեկին չօգնել

«Այո, Վրաստանը երբեք, ոչ մի պարագայում թույլ չի տա, որ իր տարածքով զենք ու զինամթերք տեղափոխվեն ո՛չ Ադրբեջան, ո՛չ Հայաստան, հատկապես եթե այդ գործընթացը տեղի ունենա ռազմական գործողությունների ընթացքում։ Սա մի քաղաքականություն է, որը Վրաստանը վարում է երկար տարիներ, սա չեզոքության, նեյտրալիտետի քաղաքականություն է, որը մենք վարում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողությունների ժամանակ»,-hraparaka.am-ի հետ զրույցում ասել է վրաց քաղաքագետ Արչիլ Սիխառուլիձեն՝ պատասխանելով հարցին, որ  ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասաց՝  եթե սկսվեն ռազմական գործողություններ, Վրաստանը կրկին կփակի ճանապարհները՝ դեպի Հայաստան զենքի մատակարարումների համար, ինչպես դա արեց 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ինչո՞ւ Վրաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքով զենք բերվի Հայաստան։

Նա նշել է, որ այս քաղաքականությունը ոչ մի կապ չունի այն հարցի հետ, թե արդյոք Վրաստանը սիրում է հա՞յ ժողովրդին, թե՞ ադրբեջանական ժողովրդին. «Սա բացառապես ազգային շահերով է թելադրված, մասնավորապես՝ պաշտպանել Վրաստանը հնարավոր ոտնձգություններից և հնարավոր ռազմական գործողություններից։ Վրաստանում բնակվում են մեծ թվով թուրքեր, ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, և սա միակ երկիրն է, որտեղ այս մարդիկ իրար չեն սպանում, չեն ծեծում՝ հասցնելով մահվան, որտեղ նրանք ոչինչ չեն կիսում իրար միջեւ, և Վրաստանը շահագրգռված է, որ Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները չմասնակցեն ռազմական գործողություններին, որ նրանք գտնվեն տանը, և որ նրանց ոչ ոք չմոտիվացնի գնալ, պայքարել պատմական հայրենիքի համար, որ նրանց չօգտագործեն այս կամ այլ կողմից, որ Վրաստանը չսադրի իր քաղաքացիներին։

Եթե մենք աջակցենք Հայաստանին, ապա դա կնշանակի, որ Վրաստանը պրովոկացիայի է ենթարկում ադրբեջանական ազգային փոքրամասնությանը, որն ապրում է մեր երկրում։ Ահա թե ինչու Վրաստանը չեզոքություն է պահում։ Սա կոչվում է ազգային շահ։ Ավելին՝ Վրաստանը պարտավոր չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին աջակցել՝ զինվելու։ Մենք դրա վերաբերյալ ոչ մի միջազգային կամ այլ պայմանագիր, կամ փաստաթուղթ չենք ստորագրել։ Եթե զենք-զինամթերքը ՌԴ-ից ուղարկվի Վրաստան, ապա՝ Հայաստան, սա կրկնակի անգամ անթույլատրելի է»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնազբյուր կայքում։