Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զախարովան ներկայացրել է Լավրովի երևանյան այցի օրակարագը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ընթացքում նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի ու նախագահի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում։

«Ուշադրության կենտրոնում են երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ հարթակներում Մոսկվայի ու Երևանի միջև գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում  համակարգման ամրապնդման հարցեր»,-ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ բացի այդ նախատեսվում է կարծիքների փոխանակում 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ փաստաթղթերի իրականացման ընթացքի մասին։

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ մեծ ակտիվությամբ  երկկողմ  շփումներ են տեղի ունենում։ 2022-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի այցը մեր երկիր, ԱԳ նախարարի աշխատանքային այցը... Եվ, իհարկե, մենք ամենօրյա երկխոսություն ենք պահպանում մեր արտաքին առաքելությունների միջոցով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ արդեն տեղեկացրել են հունիսի 10-ին Սերգեյ Լավրովի Երևան այցի մասին, նշել, որ նա կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների հերթական նիստին։

«Հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա գործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրադրության և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ։

Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականության հարցերով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը»,- նշել է նա։