Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժամանակները դաժան են եւ քմահաճ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ասում է բանաստեղծ, հրապարակախոս Դավիթ Միքայելյանը

– Պարոն Միքայելյան, Արցախը շարունակում է շրջափակման մեջ ապրել, կարծես, գրականությունն ինչ-որ տեղ սպեղանի է մարդկանց համար: Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը: Որտեղից ո՞ւր ենք հասել…

– Արցախը 44-օրյա պատերազմից հետո իր ամենատխուր, զրկանքներով եւ հոգեկան ծանր տառապանքներով լի օրերն է ապրում՝ բուժելով վերքերը եւ դիմակայելով թշնամուն: Իսկ վերջինս, որ շուրթերին «վայելքի» շիթերը դեռ չեն չորացել, բնազդային իր բնավորությանը հատուկ սեթեւանքներով շարունակում է արցախցիների համբերությունը հատել եւ նոր զոհեր փնտրել… Ժողովուրդը հոգնել եւ զզվել է դրանց ցուցադրական ներկայացումներից եւ իրեն ծանոթ ձանձրալի սցենարներից եւ շոուներից: Մինչդեռ դրանք իրենց հատուկ բնավորությունից հրաժարվելու մտադրություն չունեն եւ այս օրերին անվերջ խրախճանքների մեջ են: Հիմա էլ իրենց առաջնորդի խոսքերից ոգեւորված, «նովրուզ բայրամը» խանդավառությամբ տոնում են Լաչինի միջանցքի՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկում «բնապահպանների» հետ, այդպես խորհրդանշելով Արցախի շրջափակման 100-րդ օրը… Բարոյականությունից եւ մարդկային տարրական նորմերից զուրկ ցեղախմբին շա՞տ է հետաքրքրում, թե իրենց ձեռքով, ընդամենը օրեր առաջ երեք հայ ոստիկաններին սպանած՝ երեխաների աչքերի արտասուքը դեռ չի չորացել, նրանց ընտանիքները սգի մեջ են…

Արցախցու պայքարի, դժվարությունների եւ փորձությունների հաղթահարման ճանապարհն անորոշ է, տատասկոտ ու երկար: Հետեւաբար, նա միշտ փորձությունների, որոնումների մեջ է: Հենց նման տրամադրություններն էլ խորհելու, մտորելու առիթ են տալիս, ինչը հաճախ վերածվում է հոգեւոր հացի, կտավների կամ բանաստեղծության: Իսկ Արցախում, իմ համոզմամբ, երկուսից մեկը՝ հաստատ ստեղծագործող է, արարող: Ու թեկուզեւ տխուր երանգներով, սակայն լավատեսական շեշտադրումներով այսօր ծնվող գրականությունը (բանաստեղծությունը) սպեղանի է մարդկանց վերքերին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե «որտեղից ուր ենք հասել», պիտի խոստովանել, որ դեռ մեր երազանքների ճանապարհին ենք ու երկար ժամանակ կպահանջվի վերջնական հանգրվանին մոտենալու համար: Ժամանակներն այնքան դաժան են, քմահաճ ու անհասկանալի, որ լույսն ու խավարն ասես իրար են խառնվել…

– Ի՞նչն է Ձեզ համար դեռեւս առեղծվածային…

– Ոչ թե միայն ինձ համար, այլեւ «բախտակիցներից» շատերի համար առեղծվածային է մնում մարդու գոյատեւման խնդիրը: Պայքարը միշտ չէ, որ ծավալվում է ազնիվ եւ արդար նպատակների համար: Թվում է, թե յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս բարի նպատակներով՝ սիրելու, արարելու, նվիրվելու համար: Բայց մեր օրերում պարզվում է, որ չարը, սուտն ու կեղծիքը (խաբկանքը) գերակշռում են մարդկային փոխհարաբերությունններում, իսկ մենք հանդուրժում ենք այդ ամենը եւ լռության մատնում: Մեր շիտակ հոգիներն ովքե՞ր են փորձում պղտորել: Մեղավորներին եկեք ուրիշ տեղ չորոնենք, փնտրենք մեր մեջ: Սերը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը սերտաճելու փոխարեն, շարունակ նվազում են, ինչից բացառապես տուժում է Հայրենիքը…

– Կա՞ մի բան, որ չասել չեք կարող…

– Հայի ոգին միշտ հաղթող է եղել, զորեղ եւ հպարտ: Այսօր, երբ Արցախի, ազգի գոյատեւման խնդիրն է բոլորիս առջեւ ծառացած, մենք երբեք պարտվելու իրավունք չունենք…

– Խոսենք վերջերս լույս տեսած Ձեր «Հայացք ձմեռնամուտի» բանաստեղծությունների ժողովածուի մասին: Ինչո՞ւ է հաճախ բառը ներգործում մեր կյանք՝ պոեզիայի տեսքով:

– «Հայացք ձմեռնամուտի» ժողովածուն իմ թվով 20-րդ գիրքն է, որ ներկայացրել եմ ընթերցողների դատին: Նրանում ամփոփել եմ արցախյան երեք պատերազմների ժամանակ վերապրած իմ զգացումներն ու ապրումները, փորձել ընկալել դաժան փորձությունների միջով անցած մարդկանց ճակատագրերը, չպարտվող նրանց ըմբոստ ոգին, անգամ ողբերգական իրավիճակներում չհուսահատվելու, լույսի շող որոնելու, հայրենի հողը պաշտպանելու եւ արմատներին հավերժ կառչած մնալու, այն երբեք չլքելու, շենացնելու եւ զորացնելու կամքի ուժը: Կարծես ենթադրում էի, որ պատերազմական իրավիճակում գտնվող Արցախին, մեր ժողովրդին ծանր փորձություններ ու դժվարություններ են սպասում ձմռանը. Շրջափակում, անվերջանալի սաստիկ ցրտեր եւ խավար գիշերներ, սահմաններից եկող տագնապալի լուրեր, կիսաքաղց եւ վախվորած մանուկների երազող հայացքներ… Ու ահա այս հոգեվիճակներում ծնվում են չափածո եւ արձակ տողեր՝ թախծախառն, բայց ոչ հուսահատ ճիչերով… Երեւի սա մեր բաժին ճակատագիրն է, որ դարեր շարունակ ուղեկցել է՝ մշտարթուն պահելով անցյալի մեր հիշողությունները: Անկախ ժամանակների տեղապտույտից, բառը՝ ներքաղաքական, ռազմական եւ կենսական հոգեվիճակներով պայմանավորված, մեր կյանք է ներգործել եւ այսօր էլ շարունակում է «ուղղորդիչ ուժ» հանդիսանալ նաեւ պոեզիայում, գրականության մեջ: Ինչպես Գեւորգ Էմինն է հիշեցնում հանրահայտ բանաստեղծության մեջ, պարտավոր ենք զգուշորեն օգտագործել բառը, որպեսզի չվրիպենք եւ կարողանանք ճիշտ նշանակետին ուղղել «մեր կրակոցները»…

– Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը…

– Ազատ պահերին գիրք շատ կարդացեք, այն սովորեցնում է մաքառել դժվարությունների դեմ, արարել ու գնալ երազանքների հետեւից, ինքնամաքրվել եւ, որպես գերագույն արժեք, սիրել եւ պաշտել Հայրենիքը…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ