Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Ի՞նչ գործով պետք է Սիսակ Գաբրիելյանը ներկայանա Երևան քաղաքի դատարան, որ չի ներկայացել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել և պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել:

Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան: Իսկ ի՞նչ գործով պետք է Սիսակ Գաբրիելյանը ներկայանա Երևան քաղաքի դատարան:

Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում` ՀՀ Ազգային ժողովի մոտ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:

«Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից և առաջարկել է բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Գաբրիելյանին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային:

Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Աշոտ Սիմոնյանը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, քաշքշել և այլն»: Այս գործը դատարանում է, և այն քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը, որի ծանուցումները ևս պատգամավոր Գաբրիելյանը անտեսում է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Սիսակ Գաբրիելյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, ի վերջո, ներկայանալու է արդյոք դատարան, կատարելու է դատարանի որոշումը, թե էլի «ծանուցում չի ստացել»: «Չգիտեմ՝ ինչ գործի մասին եք ասում: Ծանուցում ստացել եմ, բայց այս անգամ էլ չեմ գնա, քանի որ երկրում չեմ լինելու. Միացյալ Նահանգներ եմ մեկնում»։

Մանրամսները թերթի այսօրվա համարում