Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մի շարք գերատեսչություններ պետական գնումներում խտրական պայմաններ են կիրառել, սահմանափակել տնտեսվարողների գործունեությունը․ ՄՊՀ զեկույց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Որոշ պետական գերատեսչություններ A4 ձեւաչափի թղթի պետական գնումների ընթացակարգում խտրական պայմաններ են սահմանել տնտեսվարողների նկատմամբ։ Այս եզրահանգման է եկել մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը հրապարակել է 2021 թվականի գործունեության ծավալուն հաշվետվությունը։

Ըստ հաշվետվության, հանձնաժողովն ուսումնասիրել է պետական գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերը եւ առանձնացրել է A4 ձեւաչափի թղթի համար սահմանված մի շարք պահանջներ՝ խտություն, սպիտակություն, խոնավություն, թափանցելիություն, կոշտություն, հղում ապրանքային նշանին եւ այլն, քանի որ խնդիր է նկատել։ Մասնավորապես, ըստ հանձնաժողովի, A4 ձեւաչափի թղթի գնման մրցույթում նման պահանջների սահմանման դեպքում տնտեսավարող սուբյեկտների համար կարող են չապահովվել հավասար մրցակցային պայմաններ։

Հանձնաժողովը 2021 թվականին հարուցել է վարույթներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, էկոնոմիկայի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, դատական դեպարտամենտի, ոստիկանության, քննչական կոմիտեի եւ Կադաստրի կոմիտեի նկատմամբ:

Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է, որ գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերով՝ որոշ չափորոշիչների սահմանումը ստեղծում է խոչընդոտներ եւ անհավասար մրցակցային պայմաններ գնումների ընթացակարգերի հնարավոր մասնակից տնտեսավարող սուբյեկտների համար։ Մասնավորապես՝ սպիտակություն չպատճառաբանված բարձր աստիճանի, թղթի հաստության, պայծառության, անթափանցելիության, խոնավության, անհարթության, անցանելիության, տոքսիկայնության, ֆենոլի եւ ֆորմալդեգիդի պարունակության չափորոշիչների հետ կապված պայմանները հանգեցնում են տնտեսավարող սուբյեկտների կողմից նշված պատվիրատուների կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերին մասնակցելու հնարավորության սահմանափակմանը:

Ի վերջո, հանձնաժողովը նշված գերատեսչությունների գործողությունները որակել է որպես պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանում եւ կիրառում։ ՄՊՀ-ն այս գերատեսչություններին հանձնարար է հետագայում A4 ձեւաչափի թղթի ձեռքբերման նպատակով հայտարարվելիք գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերը կազմել հնարավոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ։

ՏՄՊ-ն պետական գնման ընթացակարգում խախտում է հայտնաբերել նաեւ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում գործող մեքենաների համար գլոբալ ցանցի ծառայությունների գնման ընթացակարգում։

«ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ն հանձնաժողով է ներկայացրել տնտեսական մրցակցության ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդում, որը վերաբերում է ոստիկանության կազմակերպած գնման ընթացակարգերի եւ վերջիններիս հրավերների տեխնիկական բնութագրերով սահմանված մի շարք պայմաններին։ Սրանից հետո հանձնաժողովը ոստիկանության նկատմամբ հարուցել է վարույթ: Մասնավորապես՝ ընթացակարգերի տեխնիկական բնութագրերով պահանջվել է ծրագրային փաթեթից եւ տվյալների հաղորդման սարքերից բաղկացած ամբողջական համակարգ, որը պետք է ինտեգրվի պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ ՊՊԳՎ-ում գործող մեքենաների GPS վերահսկման համակարգի հետ եւ ապահովի գործառույթներ՝ կապված մեքենաների եւ պահպանվող օբյեկտների նույն քարտեզի վրա ցուցադրման եւ դրանից բխող այլ գործառույթների հետ:

Հանձնաժողովը արձանագրել է, որ ՊՊԳՎ-ում գործող պահանջվող համակարգի եւ մեքենաների վրա տեղադրված GPS վերահսկման համակարգի միմյանց հետ ինտեգրման համար անհրաժեշտ կոդերի (протокол) տրամադրման վերաբերյալ հստակ պայմանի բացակայության, ծառայությունների մատուցման սեղմ ժամկետների եւ ոչ հստակ քանակներով սարքերի տեղադրման աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերում սահմանվել են խտրական պայմաններ, ինչը հանգեցրել է ոստիկանության կողմից կազմակերպված գնման ընթացակարգերին տնտեսավարող սուբյեկտների մասնակցության, ըստ այդմ՝ նաեւ վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության սահմանափակման։

Ոստիկանության այս գործողությունները ՄՊՀ-ն որակել է որպես պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանում, կիրառում եւ ձեռնարկատիրական գործունեության սահմանափակում՝ Օրենքի խախտում։ Ոստիկանությանը տվել է նախազգուշացում եւ հանձնարարվել գլոբալ ցանցի ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվելիք գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերը կազմել՝ հնարավոր մասնակիցների համար ապահովելով հավասար մրցակցային պայմաններ։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ