Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2020 թ.-ին երբ խնամքի նպաստ տրվեց չաշխատող գյուղաբնակ ծնողներին՝ քաղաքաբնակ ծնողները դժգոհեցին. Դավիթ Խաչատրյան

«Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից»,-ԱԺ-ում հայտնեց Աշխատանք և սոցիալալակն հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը զեկուցելով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից:

«2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի է պետական հոգածության»,-հայտնեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ գործող կարգավորմամբ մինչև երեխայի երկու տարին լրանալը ծնողի աշխատանքի վերադառնալու պահից դադարում է խնմաքի նպաստի ստանալու պարտադրանքը, իսկ նախագծով նախատեսվում չդադարեցնել երեխայի ծնողի նպաստ ստանալու իրավունքը և այն վճարել խնմաքի արձակուրդում գտնվելու ժամկետով և նախատեսված չափով:

«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 %-ը չգերազանցող չափով»,-հայտնեց Դավիթ Խաչատրյանը:

Նա ասաց, որ նախագծով խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին նպաստը կվճարվի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

«Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»,-հայտարարեց փոխնախարարը և, տեղեկացնելով, որ 2023 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսված է շուրջ 20 մլրդ 400 մլն դրամ բյուջետային հատկացում, լրացրեց. «Մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը արձակուդրում գտնվող մայրերի համար կսահմանվի 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձի 50 %-ի չափով, իսկ չաշխատող մայրերի համար դրա 85 %-ի չափով»: