Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2023 բյուջեի նախագծով հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, Հայաստանում տնտեսության ակտիվությունը դրական զարգացումներ է դրսևորում, պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է։

2023 բյուջեի նախագծով հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով։ Մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը։ Վերջին մակրոտնտեսական  զարգացումները և դրամի արժևորումը նպաստել են, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցության զգալի բարելավում։ Եթե 2021 թվականի արդյունքներով՝ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60․3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմաններում։ Նախատեսվում է հաջորդ տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը։ 2023 թվականի պարտքի ներգրավումը կլինի այնպես, որ տարեվերջին ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը գտնվի 50 տոկոսի սահմաններում։

«Դրանից ելնելով՝ ծրագրում ենք, որ 2023 թվականի ընթացքում պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3․1 տոկոսը։ 2023 թվականին ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27․8 տոկոսը։ Այն 2022 թվականի բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18․3 տոկոսով։ Դա թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով»,- ասաց նախարարը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալի կաճեն և կկազմեն 557 մլրդ դրամ։ Դա մոտ 200 մլրդ դրամով ավելին է, քան այս տարվա պետական բյուջեով սահմանվածը։ Ըստ նրա՝ զգալիորեն կավելանան հենց անվտանգության ենթակառուցվածքներին հատկացվող հատկացումները։ Կավելանան նաև սոցիալական ենթակառուցվածքներին, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին ուղղվող միջոցները։