Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«5-րդ տարին է՝ հայ ժողովրդի շահերը վաճառքի դնելով են զբաղված. այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». Արմեն Մանվելյան. «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 29-ին Իրանի մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտներ խոցելու փորձ արվեց: Տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային մամուլում տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում: Թե ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ և ինչի՞ կարող է հանգեցնել առկա լարվածությունը, քննարկել ենք միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: Մանվելյանի կարծիքով, նմանատիպ զարգացումները սպասելի էին:

Իսկ թե թիրախում գտնվող Իրանի շուրջ իրավիճակը, նաև Ադրբեջանի հետ ունեցած լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում մեր երկրի համար, Ա. Մանվելյանը նկատեց. «Ադրբեջանը շատ խորքային համաձայնություն ունի Իսրայելի և Թուրքիայի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, Թուրքիան աջակցում է: Արցախյան վերջին պատերազմում ակտիվ կերպով օգտագործվել է իսրայելական զենք, կային լուրեր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում որոշակի կենտրոններ է ստեղծել, որտեղ ԱԹՍ-ների միջոցով փորձում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացնել Իրանի տարածքում: Երբ այդ պատերազմի հետևանքով հայկական ուժերի կողմից վերահսկվող Արաքսի ափամերձ շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Իսրայելը սկսեց շատ ակտիվ կերպով վերահսկել նաև Իրանի տարածքը: Պարզ էր, որ Իրանի շուրջ ձևավորվում էր հակաիրանական որոշակի կոալիցիա՝ սունի մահմեդականների, Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներգրավմամբ: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել ռազմական բախման: Բացառված չէ, որ այդ դեպքում Հայաստանի հարավային շրջաններում կարող են նաև որոշակի ռազմական գործողություններ ձևավորվել: Բացառված չէ, որ, օգտվելով հնարավոր պատերազմի առիթից, իր, այսպես կոչված, «միջանցքի բացման» անվան տակ Ադրբեջանը փորձի մտնել նաև ՀՀ տարածք և գործողությունների մի մասը այդպիսով տեղափոխել նաև Հայաստանի տարածք»:

Թեև, ըստ Ա. Մանվելյանի, լայնածավալ գործողությունների հավանականությունը բացառել հնարավոր չէ, բայց առնվազն այս պահին, մոտակա ու տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ գործողությունների հնարավորություն չի տեսնում: Իսկ թե ինչ սպառնալիքների առաջ է մեր երկիրը, երբ պայթյունավտանգ տարածաշրջանում արտաքին քաղաքականությունը միանշանակ չէ հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, Ա. Մանվելյանը շեշտեց. «Հայաստանում գործող իշխանությունը տեղով սպառնալիք է հայ ժողովրդի համար: Այս իշխանությունը երբեք չի հասկացել, թե ինչ է հայ ժողովրդի շահ ասվածը, անընդհատ այդ շահը դրել է վաճառքի, ինչը նոր բան չէ: Արդեն 5-րդ տարին է՝ հայ ժողովրդի քաղաքական ու կենսական շահերը վաճառքի դնելով են զբաղված: Ու դա իրականացնում են ինչ-որ խաղաղության մասին թեզերով, մինչդեռ դրա շուրջ գործընթացները ևս ամբողջովին ձախողել են: Հետևաբար, այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ նաև Ուկրաինայում, մեզ համար կրկնակի սպառնալիք է: Կրկնակի ու եռակի սպառնալիքի տակ ենք, քանի դեռ ոչ ադեկվատ քաղաքական ռեժիմ է իշխում Հայաստանում: Խոսքը մի քաղաքական ռեժիմի մասին է, որի համար Բաքուն և Անկարան ավելի լավ գործընկեր են, քան Մոսկվան ու Թեհրանը: Այս տրամաբանության մեջ գտնվող քաղաքական ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար: Այս իշխանության շարունակության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Հայաստանի հարավում, թե՛ Արցախի շուրջ կարող է մահացու լինել մեր երկրի համար»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։