Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

8 տարի ազատազրկման դատապարտված կինն ամուսնուն հրկիզելու ցանկություն չի ունեցել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սյունիքի քաղաքներից մեկում այս տարվա օգոստոսին ամուսնուն հրկիզելու մեջ մեղադրվող կնոջ դատաքննությունը։ 30-ամյա կինը, տեղեկացված լինելով  ամուսնու՝ Բաբկեն․Ծ-ի կողմից մեկ այլ կնոջ հետ արտամուսնական կապի մեջ գտնվելու մասին, փորձել է ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկել։ Նա, մասնավորապես, բենզինով լցված մեկ լիտրանոց շշի պարունակությունը  շփել է ամուսնու վրա եւ  վառած լուցկին նետել նրա ուղղությամբ։

Տղամարդը վազել է մոտակա  ավտոլվացման կետ, որտեղ փրփուրի շիթը պահել են նրա վրա, որից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Դատարանում ամբաստանյալը նշել է, որ ամուսնուն վառելու որեւէ նպատակ կամ սպանելու ցանկություն չի ունեցել․ ուղղակի ցանկացել է վախեցնել, որպեսզի տուն վերադառնա։  Ամուսինները երկու անչափահաս երեխա ունեն։

Կնոջ պատմելով՝ մի քանի օր Բաբկենը տուն չի եկել։ Կինը՝ Արմինեն հետաքրքրվել է ու պարզել, որ ամուսինը սիրուհի ունի եւ նրանք միասին ապրում են հյուրանոցում։ Արմինեն զանգել է ամուսնուն, կանչել տուն՝ քննարկելու իրենց ապագան։ «Այդ զանգից հետո ամուսինը եկել է տուն, հայտնել, որ այլ մարդու է սիրում եւ այլեւս չի պատրաստվում իր հետ ապրել, իրեն ծեծի է ենթարկել, որի պատճառով երեք օր չի կարողացել աշխատանքի գնալ։ Ամուսնու խոսքերից եւ վարքագծից վիրավորվել է, քանի որ իրենց ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում ինքն է ընտանիքի ամբողջ կարիքները հոգացել, նա ընտանեկան ծախսերով երբեւէ չի հետաքրքրվել։ Ամուսնու համար իր մոր անվամբ վարկ է ձեւակերպել,  մեքենա են գնել, որը նա վարել է որպես տաքսի, սակայն անգամ այդ վարկի գումարը չի վճարել, դա էլ է ինքը վճարել։ Ամուսնու՝ տնից գնալուց հետո պահանջել է, որ մեքենան վաճառեն՝ վառելափայտ գնելու համար, իսկ վերջինս պատասխանել է, որ դա իր մեքենան է եւ չի պատրաստվում վաճառել։ Դեպքի օրը կրկին զանգահարել է ամուսնուն, որպեսզի գա՝ խոսեն եւ մեքենան հանձնի իրեն»,- նշված է դատավճռում։ Հենց այդ օրն էլ վիճաբանել են, որի ժամանակ Բաբկենը ասել է, որ ինքը «իր սերը գտել է եւ չի պատրաստվում ընտանիք վերադառնալ»։ Արմինեն սպառնացել է, որ «նրան ու նրա սիրուհուն վառելու է»։ Սա լսելով՝  Բաբկենը մեքենան թողել է եւ հեռացել։

Բաբկենը դատարանում նշել է, որ դեպքից հետո 1 ամիս 15 օր բուժվել է հիվանդանոցում, որտեղ նրան խնամել է Արմինեն։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերադարձել է տուն։ Բաբկենի ցուցմունքով՝ բուժման բոլոր ծախսերը հոգացել է կինը, արդեն միասին են  բնակվում, իրար ներել են։ Ամուսինը դատարանում հայտարարել է, որ չի ցանկանա կինը դատապարտվի, որովհետեւ Արմինեն մեղավոր չի, «պարզապես զայրացած ժամանակ նման քայլի է գնացել իրեն ընտանիք վերադարձնելու նպատակով»։

Դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով Արմինե Ծ.-ն մեղավոր է ճանաչվել 2003թ․-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքի» 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) նախատեսված հանցավոր արարքում։ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքի» 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-ից տասնհինգ տարի ժամկետով»: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նշել  է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է նոր օրենսգիրք, սակայն ամբաստանյալ Արմինե Ծ.-ին  մեղսագրվող արարքի հանցավորությունը չի վերացվել, ինչպես նաեւ նրա վիճակը որեւէ կերպ չի բարելավել, հետեւաբար վերջինիս նկատմամբ ենթակա է կիրառման իրեն մեղսագրված արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգիրքը։ Արմինե Ծ.-ն դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 4 տարի փորձաշրջան։

Դատավճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։

Հոդվածում ամուսինների  անունները փոխված են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ