Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել. Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն 50-րդ օրն է արգելափակված է, իրավիճակը մնում է վտանգավոր։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումներում հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Կոնստանտինոս Սալոնիտիսը։

«Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է։ Մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, և մտավախություն ունեմ, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապորեն չմիջամտի»,- ընդգծեց նա։

Կոնստանտինոս Սալոնիտիսը ներկայացրեց շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը. «Ավելի քան 1000 անձ կտրված է ընտանիքից և ընկերներից, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: Պատկերացրեք, թե վերջին 50 օրերին ամեն րոպե այդ երեխաները, նրանց ծնողներն ինչ են զգացել: 

Ցուցարարները իսկապես  վերահսկում են այս անձանց կյանքը կամ մահը։ Քիմիաթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են:

Այս պահին հարյուրավոր պլանային վիրահատություններ անժամկետ կասեցված են, հիվանդանոցների պալատները հնարավոր չէ բավականաչափ ջեռուցել, որ նվազագույն ջերմաստիճան ապահովվի: Դեղորայքի, մանկական սնունդի քանակը շատ քիչ է։

Գազամատակարարումն այս նիստից անմիջապես առաջ վերականգնվեց, բայց պարզ չէ, թե քանի ժամով կամ որքան ժամանակով:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները նախկինի պես անհրաժեշտ են, որպեսզի  էլեկտրաէներգիայի ցանցը շարունակի կայուն գործել։

Դպրոց հաճախելու փոխարեն հազարավոր երեխաներ նստում են տանն առանց էլեկտրաէներգայի, դատակ սառնարանով, ոմանց պարագայում միայն փայտի վառարանի տաքությամբ։

Այս ամենի ազդեցությունը նրանց զարգացման վրա ամբողջովին ակնհայտ է։

Ողջ տնտեսական  գործունեությունը կանգ է առել»։

Այնուհետև նշեց. «Ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորումներ կլինի,  ինչպես նաև՝ ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ ու ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ բանակցել ու կազմակերպել տեղափոխությունը,  կարծես պատերազմական իրավիճակ լինի:

Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը, որպեսզի այս դաժան արգելափակումից տուժողների համար հետևանքները վերացվեն: Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է»,-ասաց նա:

Նա հիշեցրեց Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ անմիջապես լիովին դադարեցնել արգելափակումը՝ հրատապ կարգով երաշխավորելու անխոչընդոտ հասանելիությունը:

«Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է»,- ընդգծեց Կոնստանտինոս Սալոնիտիսը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը:

«Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, և անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումն իրեն չի կարող կանգնեցնել»,- նշեց փաստաբանը։