Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ադրբեջանը դառնում է ՌԴ-ի էքսկլյուզիվ գործընկերը». Էդգար Ղազարյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«ՌԴ-ն՝ անկախության ողջ շրջանում, Հայաստանի հետ ոչ միայն եղել է ջերմ բարեկամական երկիր, այլ նաեւ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ու ռուսաստանցի ոչ մի պաշտոնյայի շուրթերից, այդ թվում նաեւ Սերգեյ Լավրովի շուրթերից, նման ձեւակերպումներ երբեւէ չեն հնչել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին՝ աղմկահարույց հայտարարություններին, որ հայերը բռնազավթել էին 7 շրջանները եւ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է, նաեւ Ալմա-Աթայի հռչակագրին հղումը, ըստ որի՝ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում եւ ՌԴ-ում 2022-ի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը դրա շուրջ համաձայնության էին եկել:

Բանախոսի դիտարկմամբ՝ չի կարելի որեւէ օտար երկրի որեւէ դիվանագետի մեղադրել՝ հայտարարությունների համար, որոնք բխում են իր երկրի շահերից: Տվյալ դեպքում էլ Սերգեյ Լավրովն արել է ՌԴ-ի շահերից բխող հայտարարություններ, իսկ թե ինչո՞ւ են ՌԴ-ի շահերից բխում այլեւս հայտարարությունների այս ձեւակերպումները, բանախոսի կարծիքով, մտածելու տեղիք է տալիս. «Առավել ևս, Լավրովի նման մարդը, որն ունի տեղեկացվածության գերբարձր մակարդակ՝ նաեւ այս հարցի վերաբերյալ, շատ լավ գիտի, որ տարածքները, որոնք եղել են Արցախի ՊԲ-ի վերահսկողության ներքո, ոչ թե զավթվել են, այլ եղել են կրակակետեր, որոնք լռեցվել են: Աղդամ քաղաքը եղել է կրակակետ, որտեղից հրթիռակոծվել է Ստեփանակերտը եւ Արցախի մի շարք այլ բնակավայրեր ու Արցախի ինքնապաշտպանական ուժերը, ժամանակին դրանք լռեցրել են: Այդ կերպ նաեւ մյուսները: Բանակցային գործընթացն էլ երկար ժամանակ վերաբերվել է դրանց կարգավիճակին, Արցախի կարգավիճակին»:

Ալմա-Աթայի հռչակագրի առնչությամբ էլ բանախոսը հիշեցնում է, որ դրա ստորագրման ժամանակ Արցախն արդեն դուրս էր եկել Ադրբեջանի կազմից ու Ադրբեջանի հետ որեւէ կապ չուներ: Նաեւ, այդ հռչակագիրը ՀՀ ԳԽ-ն վավերացրել է վերապահումներով, որոնք վերաբերվել են հենց սահմանների հստակեցման, պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման խնդրին, քանի որ այդ ժամանակ արդեն ընդունվել էր ՀՀ անկախության հռչակագիրը, ըստ որի, ՀՀ-ն այլ իրավական եւ գաղափարական հենքի վրա պետություն էր:

Ի դեպ, Ադրբեջանի խորհրդարանը չի էլ վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը ու Էդգար Ղազարյանը պատահական չի համարում, որ Արցախի հարցի կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական դիվանագիտությունն առհասարակ հիշատակում չի կատարել այդ փաստաթղթի մասին: Նաեւ հիշեցնում է, որ ԱՊՀ-ն հիմնադրել են ՌԴ-ն, Ուկրաինան եւ Բելառուսը եւ եթե այն ժամանակ այդ պետությունները սույն հռչակագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ արդյոք նրանց պատկերացումներն այսօր էլ նույնն են, օրինակ՝ ՌԴ-ի պատկերացումները Ուկրաինայի տարածքի նկատմամբ: Այս համատեքստում, ըստ բանախոսի, եթե անգամ Փաշինյանն ու Ալիեւն այդ փաստաթղթով ներկայացել են ՌԴ, ապա ակնհայտ է, որ առնվազն ՌԴ-ն պետք է ասեր, որ տվյալ հռչակագիրը իրավազոր փաստաթուղթ չէ նման հարցերը քննելու համար: Մանավանդ, որ պետությունների՝ միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելը, միջազգային կազմակերպություններին անդամակցելով չի որոշվում, դրա համար այլ իրավակարգավորումներ գոյություն ունեն:

ՌԴ դիրքորոշման նման փոփոխությունը Էդգար Ղազարյանը պայմանավորում է Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերով եւ այդ շահերի ամրապնդման համար անհրաժեշտ գործընկեր-պետությունների գոյությամբ. մինչեւ հիմա տարածաշրջանում ՌԴ-ի համար վստահելի գործընկեր է եղել Հայաստանը, Սերգեյ Լավրովի այս հայտարարությունից հետեւում է, որ ՌԴ-ի համար այլեւս կարեւոր, վստահելի գործընկեր է Ադրբեջանը: Թե ինչո՞ւ՝ դիվանագետի բացատրությունն այս է. «Հայաստանի քաղաքականության հետեւանքով ՌԴ-ն տարածաշրջանում ստիպված է գտնել այլ վստահելի գործընկեր. Վրաստանի հետ ՌԴ-ի համար բարդ է նման տիպի հարաբերություններ կառուցել, Հայաստանը թշնամաբար է տրամադրված ՌԴ-ի նկատմամբ, Ադրբեջանը դառնում է ՌԴ-ի էքսկլյուզիվ գործընկերը, հետեւաբար, իրենց քաղաքականությունը կառուցում են՝ հաշվի առնելով հենց Ադրբեջանի շահերը»:

Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության՝ մինչ օրս Արցախի եւ 7 շրջանների մասին հայտարարություններին, դիվանագետը ուշագրավ է համարում, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է 7 շրջանների մասին՝ Արցախն առանձնացնելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ