Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Միրզոյան

Հունվարի 14-ին Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է միջ­խորհրդա­րանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը և այս առումով առանձնահատուկ կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար»,- հայտնում են ԱԳՆ-ից: