Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանցի ծովահենների դեմ միջազգային կառույցները որպես «զենք» «գործի են դրել» կոչերը. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2005 թ. Ռուսաստանում Սոմալիի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը սոմալեցի ծովահենների գործողությունները մեկնաբանել էր մասնավորապես հետեւյալ կերպ. «Ինչո՞ւ են արտասահմանյան նավերն աղբը թափում մեր ափերի մոտ, զբաղվում ապօրինի ձկնորսությամբ, մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում սոմալեցի ձկնորսների վրա հարձակումների մասին: Հեշտ է սոմալեցիներին մեղադրել միջազգային ծովահենություն կազմակերպելու մեջ… Համաշխարհային հանրությունը պետք է մեզ հնարավորություն տա պաշտպանել մեր ափերը…»: Ինչպես ասում են, գտեք տարբերություն այս մեկնաբանության եւ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արդեն մեկ ամիս փակած Ադրբեջանի իշխանությունների ու նրանց սուտ բնապահպանների «արդարացումների» միջեւ: Նմանություններն ակնհայտ են ոչ միայն խոսքերի, այլեւ՝ գործողությունների առումով: Մի տարբերություն կա՝ սոմալեցի ծովահեններին սաստելու համար ժամանակին անգամ ռազմանավեր ու ինքնաթիռներ են գործի դրվել, ադրբեջանցի ծովահենների դեմ միջազգային կառույցները որպես «զենք» «գործի են դրել»… մտահոգությունները եւ կոչերը:

2005 թ. նոյեմբերի 5-ին Սոմալիի ափերի մոտ ծովահենները հարձակվեցին «Seabourn Spirit» զբոսանավի վրա, որը նավարկում էր Եգիպտոս-Քենիա երթուղով եւ տեղափոխում էր մոտ 600 զբոսաշրջիկների` Հյուսիսային Ամերիկայից եւ Ավստրալիայից: Նավը SOS ազդանշան տվեց…

2008 թ. սեպտեմբերի 25-ին Սոմալիի ափերի մոտ ծովահենները բռնազավթեցին ուկրաինական «Ֆաինա» նավը: Նավի անձնակազմը բաղկացած էր 21 հոգուց՝ 17 ուկրաինացի, երեք ռուս եւ Լատվիայի մեկ քաղաքացի։ Զավթումից մի քանի օր անց ՌԴ քաղաքացի նավապետը մահացավ սրտի կաթվածից։

Որոշ ժամանակ անց այդ գոտում հայտնվեցին ԱՄՆ վեց ռազմանավ, ապա նաեւ Ռուսաստանի Բալթյան նավատորմի պարեկային նավերից մեկը: Ծովահենները նավը բաց թողնելու համար պահանջում էին 20 միլիոն դոլար փրկագին…

Արդեն հաջորդ ամիս ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները որոշեցին միանալ եւ Սոմալիի ափերի մոտ ծովահենության դեմ պայքարի շրջանակներում այնտեղ ուղարկել ռազմանավերի խումբ: Դաշինքի այդ ժամանակվա գլխավոր քարտուղարն ասել էր, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արմատախիլ անել ծովահենությունը եւ թույլ չտալ, որ միլիոնավոր մարդիկ, որոնց կյանքը կախված է միջազգային պարենային օգնությունից (որը հաճախ է ընկնում ծովահենների ձեռքը), մահանան:

Իսկ նույն այդ օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրեց Սոմալիի ափերի մոտ ծովահենների դեմ ավելի վաղ ընդունած բանաձեւի տեքստը. փաստաթուղթը կոչ էր անում «ծովային գործողությունների անվտանգությամբ շահագրգռված բոլոր պետություններին ակտիվորեն մասնակցել Սոմալիի ափերի մոտ բաց ծովում գտնվող նավերի դեմ ծովահենության դեմ պայքարին»: Մասնավորապես` առաջարկվում էր ռազմանավեր ու ինքնաթիռներ ուղարկել Սոմալիի ափ՝ ծովային ավազակների գործողությունները կասեցնելու նպատակով:

Սա ոչ այնքան հեռավոր 2008-ին էր…

2023 թ. հունվար… Արդեն մեկ ամիս է` Արցախի հայ բնակչությունը հայտնվել է ադրբեջանցի ծովահենների շրջափակման մեջ՝ անվտանգային, սննդային ու դեղորայքային շրջափակում, կապի ու հաղորդակցության շրջափակում, հումանիտար աղետ, մահ եւ առողջապահական խնդիրներ… Արդեն մեկ ամիս Արցախի նավը SOS տագնապի ազդանշան է ուղարկում ողջ աշխարհին՝ փրկեցե՛ք ոչ թե մեր հոգիները՝ Save Our Souls/Save Our Spirits, այլ՝ մեր կյանքերը, երեխաների, կանանց, տարեցների կյանքերը, փրկեցեք մեր Արցախ նավը՝ Save Our Ship: Իսկ SOS-ի՝ Swim Or Sink երկընտրանքից Արցախն ընտրել է swim-ը՝ լողալը, որովհետեւ չի՛ կարող, չի՛ ուզում եւ իրավունք չունի՛ խորտակվել, որովհետեւ երբեք չի՛ խորտակվել…

Արդեն ավելի քան մեկ ամիս է` որեւէ միջազգային կառույցից գործնական քայլ չկա ադրբեջանցի ծովահեններին սաստելու եւ Արցախը փրկելու ուղղությամբ, ոչ ոք չի խոսում հայկական նավն ազատելու, հազարավոր մարդկանց սովամահությունից փրկելու մասին: Իսկ ադրբեջանցիները շարունակում են փրկագին պահանջել, որն արցախցիների կյանքի գինն է:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ