Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղետի գոտում 5419 ընտանիքից 5391-ի բնակարանային խնդիրը լուծվել է.

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում լուծվել է 5391 ընտանիքի բնակարային խնդիրը։ Այդ նպատակով նախորդ տարիներին պետբյուջեից հատկացվել է շուրջ 70 մլրդ դրամ։ Այսօր տեղի ուենցած ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը վերաբերում է 2008 թվականին համայնքների ղեկավարների կողմից հաշավառված հերթացուցակներում ընդգրկված անձանց և այդ անձանց փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու ճանաչվածներին: Ընդհանուր առմամբ, շահառու էին ճանաչվել 5419 ընտանիք։

Տանյա Արզումանյանը հայտնեց, որ դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: «Այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Այդ ընտանիքներին աջակցություն կտրամադրվի այդ ծրագրով նախատեսված չափով և պայմաններով։ Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչած ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված»,- նշեց նա։

Այդուհանդերձ, ըստ Տանյա Արզումանյանի, դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում են ու դատական կարգով վերականգնում իրենց իրավունքը: Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանվել է, որ այն ընտանիքները, որոնք կորցրած բնակարանի չափով բնակարան ստանալուց հետո վերականգնում են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը, նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով։ Բացառություն կկազմեն գյուղական համայնքներում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ֆինանսական աջակցություն 3 մլն դրամի չափով։

Նրա խոսքով՝ 2021 թվականին իրենց իրավունքները վերականգնել է 16 ընտանիք։

Հարցին՝ հաշվի առնելով այն, որ վերջին ամիսներին անշարժ գույքի շուկայում գները բարձրանում են,  որքանով է պետության կողմից տրված գումարը բավարար, Տանյա Արզումանյանը նշեց, որ կառավարության որոշմամբ ամրագրվել է՝ ֆինանսական հատկացման ժամանակ հիմք են ընդունվում տվյալ պահի շուկայական գները, որոնք ներկայացվում են ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

Անդրադառնալով տնակային շինությունների խնդրի լուծմանը, վարչության պետն ասաց, որ  ծրագրի մեկնարկը կտրվի 2023 թվականին։