Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալիեւ-Փաշինյան տանդեմին պայմանագիր պետք չէ․ Նախիջեւանի բռնակցումը Բաքվին մեկնարկեց

Նախիջեւան. Ագուլիսի մերձակայքում Օձաժայռը Մասիսի համայնապատկերի վրա

Լրագիր այսօր հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ կոչվող կառույցին՝ «Խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները նախատեսո՞ւմ են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ՀՀ սահմանի տարազատում եւ պարունակո՞ւմ են արդյոք 1921 թ․ Կարսի պայմանագրի հղում իբրեւ միակ օրինական կռվանի»։

Մինչ պատասխան ստանալը, հայտնի դարձավ, որ Բաքվի վարչակազմի պարագլուխ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պետական մաքսային կոմիտեի լուծարման վերաբերյալ: Հրամանագրի համաձայն, ստեղծվում է Նախիջեւանի մաքսային գլխավոր վարչություն, որը մտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կազմի մեջ։

Այս հրամանագիրը ստորագրվել է Նախիջեւանում «աղմկոտ ստուգումների ու բացահայտումների» քողի տակ, ձերբակալվել է ՆԻՀ ֆինանսների նախարարը։ Այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան Նախիջեւանի կարգավիճակի լուծարման մեկնարկ։

Նախիջեւանի ինքնավարության կարգավիճակը լուծարելու վերաբերյալ քննարկումները Բաքվում ակտիվացել են Փաշինյանի «խաղաղության դարաշրջանին» զուգահեռ։ Բաքվի Միլի Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևն, անդրադառնալով այս հարցին, հետեւյալ դիտարկումներն էր արել․ «Չեմ կարծում, որ այս պահին այս թեմայի քննարկման քաղաքական անհրաժեշտություն կա։ Հետագայում, եթե բացվի Զանգեզուրի միջանցքը, եթե տարածաշրջանն ունենա ընդհանուր պետական ​​և մաքսային սահմաններ, և նրա տարածքում ինտեգրացիոն գործընթացները զարգանան Եվրամիության մակարդակով, այս թեման իսկապես արդիական կդառնա։ Բայց ես համաձայն չեմ նաև այն կարծիքի հետ, որ մենք սկզբունքորեն չենք կարող փոխել Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը, որը որոշվել է 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով»։

Լրագիրը բազմիցս անդրադարձել է Նախիջեւանի խնդրին։ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես Բաքվի պրոտեկտորատի տակ, հայկական կողմի որոշակի իրավասություններով, մասնավորապես՝ ՆԻՀ կարգավիճակի երաշխավորի։ Իրավունքը Նախիջեւանի հանդեպ, որը, ի տարբերություն Արցախի, հստակ միջազգային կարգավիճակ ունի, չի չեղարկվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն է՝ 1920 թվականի պատերազմական գործողությունների հետեւանքով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունից օտարված տարածքի վրա Ադրբ. ԽՍՀ հովանավորության, Մոսկվա/Կարսի 1921 թվականի պայմանագրի տեքստով՝ պրոտեկտորատի ներքո կազմավորված հայկական ինքնավարության կարգավիճակ: Դրանից բխող հանգամանքների եւ հայկական կողմի՝ ստեղծված իրավիճակում Նախիջեւանի խնդրով իրավական ու դիվանագիտական մանեւրի լայն հնարավորությունների մասին, այդ թվում սահմանազատման հարցերում, մանրամասն՝ այստեղ եւ այստեղ։ Ավելացնենք միայն, որ եթե Ալիեւը սկսել է ՆԻՀ լուծարման գործընթացը, ուրեմն չեն գործում Մոսկվա/Կարսի պայմանագրերը, եւ այդ դեպքում Նախիջեւանը, ինչպես նաեւ Կարսը եւ Արարատ լեռան շրջանը պետք է վերադարձվեն Հայաստանին։

Արցախի եւ Նախիջեւանի իրավական կծիկը Երեւանի համար հնարավորությունների լայն դաշտ էր բացում՝ թե Կարսի պայմանագրի գործող, թե չգործող կարգավիճակների դեպքում:

Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավի պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի՝ իրավական առավելագույն 100-ամյա ժամկետի սպառումն էր։ Հայաստանին պարտադրվող «հետպատերազմյա կարգավորումը» 1921-ի պայմանագրերի ընդլայնված կիրառումն է Հայաստանի հաշվին, Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության եւ Թուրքիայի սահմանների ճանաչմամբ։ Ալիեւը չէր դիմի նման քայլի՝ չունենալով Մոսկվայի ու Անկարայի երաշխիքները, բայց ամենակարեւորը՝ պաշտոնական Երեւանի երաշխիքը, որի ձեռքին են բանալիները, որ հայկական իրավունքների խնդիրը չի բարձրաձայնվի։ Պաշտոնական Երեւանը հանձնում է այդ բանալիները, դա անում է գիտակցված, 1921-ի թեմայի շուրջ քպ-ական ու խորհրդարանում նրա հենակ «ընդդիմադիր» երկու խմբերի լռության ու տաբուի պայմաններում։

Վերադառնալով ԱԳՆ ուղարկած մեր հարցին, կասկած չկա, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հայկական առաջարկներում չկա Նախիջեւանի թեման։ Ալիեւ-Փաշինյան տանդեմին պայմանագիր պետք չէ․ Նախիջեւանի բռնակցումը Բաքվին մեկնարկեց։ Մինչ այդ, Փաշինյանը հայտնի հարցազրույցում պաշտոնապես կասկածի տակ էր Սահմանադրության ու Անկախության հռչակագրի իրավազորությունը, հետեւապես ժխտել ոչ միայն Առաջին հանրապետության, այլեւ Հայկական ԽՍՀ իրավահաջորդությունը: