Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալիեւը բացում է փակագծերը

Ադրբեջանն ի սկզբանե աջակցել է Եվրամիության և անձամբ պարոն Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանը, քանի որ պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի «հուղարկավորումից» հետո պահանջվում է ինչ-որ հարթակ, ինչ-որ ինստիտուտ, որը կօգնի Ադրբեջանին և Հայաստանին ինչ-որ համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիեւը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում։

«Այս առումով պարոն Միշելի նախաձեռնությունը շատ տեղին էր։ Մինչ այժմ մենք Բրյուսելում հանդիպումների մի քանի փուլ ենք անցկացրել։ Կարծում եմ՝ նրանք բոլորն էլ հաջող էին: Մեր բանակցություններին հաջորդած մամուլի հաղորդագրություններն իրականում օգնեցին մեզ մշակել կարգավորման բանաձեւը։ Որովհետեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում որոշակի պատրանքներ առաջացան։ Նրանց թվում էր, թե մեզ հետ կշարունակեն քննարկել Ղարաբաղի հարցը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ հարցը բացարձակապես չի քննարկվում, որ մենք չենք պատրաստվում Ղարաբաղը քննարկել ոչ մի երկրի, ոչ մի միջազգային կազմակերպության հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, սա մեր տարածքն է՝ ճանաչված բոլորի կողմից։ Ղարաբաղը մեր ներքին խնդիրն է։ Բայց մեզ անհրաժեշտ էր դրան ֆորմալ բնույթ տալ, ինչն էլ արվեց։ Եթե ​​նայեք Պրահայի վեհաժողովում ընդունված կոմյունիկեին, ապա կնկատեք, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը նշանակում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Նույն մամուլի հաղորդագրության մեջ հղում կա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որը պաշտոնականացնում էր նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի հայերի համար կարգավիճակի մասին ցանկացած շահարկում տեղին չէ», ասել է Ալիեւը։

«Ի սկզբանե Եվրամիության և անձամբ պարոն Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանն աջակցությունը» հնչում է Փաշինյանի՝ ի սկզբանե ռուսական պլանն ընդունելու խոստովանության ֆոնին։ Ալիեւի հայտարարություններից պարզ է դառնում Փաշինյանի ագենտուրային պարտավորությունների ողջ սպեկտրը, որը բխում է Մոսկվայի ու Բաքվի ձգտումից՝ ռուսական պլանի «լեգիտիմացում» եվրոպական հարթակում, չեզոքացնելով հայկական իրավունքների քննարկման հնարավորությունները։ Գործընթացի բոլոր կողմերը խոստովանել են արդեն, որ Միշելի միջնորդությունը բովանդակային առումով կրկնում է ռուսական առաջարկները, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հայկական կողմի դիրքավորման պատճառով։ Ի տարբերություն քպ-ական իշխանության ու նրա հենակ ռուսանպաստ ընդդիմության՝ Ալիեւը շատ լավ էր հասկանում, որ Մոսկվա-Երեւան-Բաքու ձեւաչափն անօրինական է, խնդիրը պետք էր տեղափոխել լեգիտիմ հարթակ՝ նախապես Մոսկվայի հետ միացյալ ջանքերով ՄԽ ձեւաչափի չեզոքացումով։