Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալիեւի գործողությունները պետք է կապել պուտինյան ռեժիմի հետ, միջազգային հանրության համար ավելի ընկալելի կլինի

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Բաքվի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության դեպքը ռազմական հանցագործության փաստ է, ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը՝ միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու համար։

Միանշանակ է, որ առնվազն պետք է Միջազգային քրեական դատարանում հարցը բարձրացվի՝ անկախ նրանից Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, թե ոչ։ Մենք տեսանք, որ Ուկրաինայի դեպքում Միջազգային քրեական դատարանի դատախազը քննություն է սկսում, չնայած, որ Ուկրաինան նույնպես չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Ոչ միայն այս վերջին դեպքերով, այլ նաև նախորդ բոլոր դեպքերը նույնպես պետք է ի մի բերել և Ադրբեջանի ռեժիմի՝ կառավարության դեմ քրեական պատասխանատվության հարցը բարձրացնել՝ որպես պատերազմի հանցագործությունները ոչ միայն կատարող, այլ նաև հովանավորող ու խրախուսող։ Ինչպես միջազգային պատժամիջոցներ են կիրառվում պուտինյան ռեժիմի դեմ, նույնկերպ պետք է անհատական պատժամիջոցներ կիրառվեն ալիևյան ռեժիմի դեմ։ Այսինքն՝ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների, պաշտպանության նախարարի նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ պետք է ջանքեր գործադրել։ Սա ենթադրում է անընդհատ աշխատանք։

Այսինքն՝ պետք  է ներկայացնել, որ ալիևյան ու պուտինյան ռեժիմները նույն ավտորիտար ռեժիմնե՞րն են։

Այո, մենք տարբեր հարթակներում հենց դա ենք պնդում ու հիմնավորում։ Իհարկե, հիմա աշխարհի ուշադրության կենտրոնում առավելապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան է, որովհետև իր ուժգնությամբ ու ազդեցությամբ այն ոչ միայն Ուկրաինայի դեմ է, այլ ամբողջ աշխարհի։ Եվ այս կոնտեքստում պետք է ցույց տալ, որ Իլհամ Ալիևի ռեժիմն այս հարձակումները, պատերազմական հանցագործություններն ու ագրեսիան չէր կարող իրականացնել, եթե պուտինյան ռեժիմն այդպիսի վարքագիծ չցուցաբերեր։ Առավել քան նպաստավոր շրջան է՝ նման պնդումները տեղ հասցնելու և ընկալելու համար։ Միջազգային կառույցները խնդիր են ունենում երկու հիմնական ռեժիմների հետ՝ պուտինյան և Էրդողանի ռեժիմների վարքագծով պայմանավորված, որոնց հովանավորությամբ էլ գործում է Ալիևը։ Իհարկե, հեշտ չի լինելու, բայց նման ցավալի ու ողբերգական փաստերը տրամադրում է հենց Ալիևի ռեժիմը։ Եվ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի այդ հանցագործությունները և դրանց նշանակությունը նույնպես ընկալվի քաղաքակրթական մեծ հակամարտության կենտեքստում։ Այն է՝ ժողովրդավարական պետությունների դեմ ավտորիտար ռեժիմների հարձակման և ագրեսիայի կոնտեքստում է այս ամենը տեղի ունենում։

Այն օրերին, երբ հայտարարվել էր, թե Հայաստանի ու Բաքվի ԱԳ նախարարներն իբր պետք է քննարկումներ սկսեն «խաղաղության պայմանագրի» շուրջ, Բաքուն նման գործելաոճ է ցուցաբերում, ինչո՞ւ։

Ես չգիտեմ՝ Ադրբեջանն է, թե Ռուսաստանը, բայց միանշանակ է, որ Բաքուն որևէ պայմանագրի, խնդիրների խաղաղ լուծման որևէ ցանկություն չունի։ Եթե նման ցանկություն ունենար, ընդհանրապես 44-օրյա պատերազմը չէր սանձազերծի։ Ադրբեջանը միայն մեկ գործիք է կիրառում՝ սպառնալիքներ, ագրեսիա, պատերազմ՝ առավել մեծ տարածքներ և ազդեցության ոլորտներ վերցնելու համար։ Դա փոքր իմպերիայի նկրտում է, որից շատ ոգևորվել է Իլհամ Ալիևը՝ մնալով անպատիժ։ Այսինքն՝ այս տեսանյութերը տարածելու բուն իմաստը հենց դա է։ Ցանկացած ողջամիտ մարդու ուղեղում չի տեղավորվում, որ նման հանցագործությունները կնկարահանեն, նաև կտարածեն։ Երբ ոչ միայն հանցագործությունը կատարում ես, այլ նաև փաստագրում ես, սա առաջին հերթին անպատժելիությամբ է պայմանավորված։ Երկրորդը՝ այդ գործողությունների կատարումը հենց այն ժամանակահատվածում, երբ հերթական անգամ պետք  է հանդիպել ու ինչ-որ խոսակցություն ունենալ, ցույց է տալիս, որ սա խաղաղ ճանապարհով ցանկացած խնդրի դեմ ուղղված գործողություն է։ Դա ավելի շատ ցույց է տալիս, որ մինչև Ադրբեջանը չստանա հակահարված, երբեք հակված չի լինելու զուսպ պահել իրեն ու նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Բայց ոչ միայն հակահարված պետք է ստանա, այլ նաև ռեժիմի, նրա պարագլուխների ու աջակիցների դեմ պետք է կիրառվեն անհատական պատժամիջոցներ։ Դրա համար կան Մագնիտսկու օրենքը, Եվրախորհրդի, Եվրամիության պատժամիջոցները։

Մեծ աշխատանք պետք է կատարել, բայց հիմնական մեկնակետը, որը կարող է արդյունք տալ, Հայաստանը պետք է հստակ քաղաքակրթական ընտրություն կատարելու խնդիրը լուծի։ Այսինքն՝ պետք է ասի, որ միանշանակ հակաժողովրդավարական և ավտորիտար պետությունների դեմ է, ինչպես տվյալ դեպքում Ուկրաինան է հանդես գալիս։ Հայաստանը պետք է հստակեցնի, որպեսզի վստահելի գործընկեր հանդիսանա ժողովրդավարական պետությունների համար, որոնցից ակնկալվում է աջակցություն։