Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալմաթիի փաստաթուղթն առոչինչ է, պետք է նայել, թե դրանից առաջ ինչ սահմաններ են եղել։ Եվ դարձյալ գալիս ենք Ազգերի լիգայի առաջարկած տարբերակին

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ «Ալմաթիի հռչակագիրը հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է»։ Այսինքն՝ ռուսական կողմը հերթական անգամ պնդում է իր այն թեզը, թե «Արցախը Ադրբեջանի մաս է», ինչպե՞ս եք գնահատում սա։

Որևէ տարօրինակ բան չկա, որ Ռուսաստանի արտգործնախարարը նման հայտարարություններ է անում, որովհետև իրենց երկրի ղեկավարը բազմիցս է նույնատիպ հայտարարություններ արել։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այս պնդումները ճիշտ են, որովհետև Ալմաթիի հռչակագիրը, ինչպես յուրաքանչյուր միջազգային փաստաթուղթ, գործում է ամբողջության մեջ։ Եվ այնտեղ, այո, կետերից մեկը գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության մասին է, բայց այստեղ միանգամից մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, այդ հռչակարգի նախապայմանները չեն կատարվել Ադրբեջանի կողմից, այսինքն՝ մարդու իրավունքների հարգում և այլն։ Հետևաբար, չի կարող այդ փաստաթուղթը գործել, եթե չի գործում թեկուզ դրա կետերից մեկը։ Եթե խոսում են գոյություն ունեցող սահմանի մասին, պետք է հստակեցնենք՝ 1991 թվականի դեկտեմբերին ի՞նչ սահման գոյություն ուներ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ։ Եթե ենթադրվում է, որ այդ սահմանն այն վարչական բաժանարար գիծն է, ապա դա սահման չէ։ Երկրորդ՝ թերևս ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը դեռևս 1991 թվականի հոկտեմբերի 18-ին դատապարտել է ԽՍՀՄ ժառանգությունը և հրաժարվել դրանից։ Հետևաբար, այդ փաստաթուղթն առոչինչ է, պետք է նայել, թե դրանից առաջ ինչ սահմաններ են եղել։ Եվ այստեղ դարձյալ գալիս ենք Ազգերի լիգայի առաջարկած տարբերակին։

1991 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վրա չուներ արդյունավետ կամ լիակատար վերահսկողություն, որը միջազգային իրավունքն անվանում է effective control։ Այսինքն՝ եթե դու որևէ տարածքի վրա վերահսկողություն չունես, դա քոնը չէ։ Հետևաբար, այդ ժամանակ ստորագրելով այդ հռչակագիրը, ինքն այդ տարածքը չէր վերահսկում։ Այսինքն՝ առնվազն մի քանի հիմնավոր պատճառ կա ասելու, որ Ալմաթիի հռչակագիրը չի վերաբերում և երբևէ չի վերաբերել Լեռնային Ղարաբաղին և հայ-ադրբեջանական սահմանին ընդհանրապես։

Ի՞նչ նպատակ է հետապնդում ռուսական կողմը նման հայտարարություններով։

Փողոցի լեզվով ասած՝ Ռուաստանը Հայաստանի իշխանությունների գրպանն է գցում այդ հարցը։ Եթե մինչև իսկ ենթադրենք, որ Հայաստանը ճանաչել է Հայաստան-Ադրբեջան սահմանը, եթե մինչև իսկ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, միևնույն է, դա կարգավիճակի մասին չի խոսում։ Այսինքն՝ Արցախը կարող է կարգավիճակ ունենալ, լայն ինքնավարություն, ինքնորոշման իրավունք ունենալ, ընդհուպ՝ անկախացման կամ Հայաստանի հետ միացման իրավունք։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ Միմյանց սահմաները ճանաչած երկրների ներսում էլ է լինում ինքնորոշում, և ինքնորոշման ճանապարհով պետություններ են ստեղծվում։

Լավրովը նաև ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ԵՄ-ին մեղադրել է Մինսկի խումբը «թաղելու» մեջ՝ նշելով, որ նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով համագործակցելուց: Առաջին անգամ չէ, որ Լավրովը նման հայտարարություն է անում, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Հերթական սուտն են ասում, որովհետև Ռուսաստան ինքն է հայտարարել, որ հակամարտությունը լուծված է, և Մինսկի խումբն անելիք չունի։ Էլ չեմ ասում, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հենց այդ Մինսկի խումբը «թաղելու» փորձ է։ Բոլոր նախորդող քննարկումների, բանակցությունների ժամանակ հստակ գրվել է, որ ուժի կիրառում և ուժի կիրառման սպառնալիք չպետք է լինի։ Այնինչ, Ռուսաստանը վավերացրեց ուժի կիրառումը, այսինքն՝ Մինսկի խմբի պահանջները ոտնահարեց։ Բացի այդ, Ռուսաստանը միայնակ իրավունք չուներ միջնորդելու, պետք է հրավիրեր ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ինչը չի արել։ Այսինքն՝ իրենք իրենց գործողություններով, հայտարարություններով անընդհատ քար են նետել Մինսկի խմբի վրա և հիմա ինչ-որ հայտարարություններ են անում։ Մինսկի խումբը, իհարկե, կա, այն դե յուրե որևէ մեկը չի լուծարել, բայց դրա աշխատանքն առաջին հերթին ռուսներն են խոչընդոտում։ Պարզապես իրենք հասկանում են, որ իրենց ուզածին չեն հասնում, Ալիևը, ինչպես բնորոշ է թուրքերին, հերթական անգամ իրենց «գցեց», իրենցից կորզեց ինչ ուզում էր, խոստացավ տարբեր կառույցներում ինչ-որ անդամակցություն, բայց չարեց։ Ռուսներն իրենք են պատասխանատու իրենց քայլերի համար, ինչպես սպասելի էր։ Իրենք չեն ստանա թուրքերին՝ որպես բարեկամներ, բայց կստանան հայերին՝ որպես թշնամիներ։ Եվ դա տեղի է ունենում։