Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալմաթին Լավրովի քթից եկավ. Երեւանում երեւի էլ չպպզի

Հակահայ հյութ ծորացող Լավրով-Քալանթարովի դեկտեմբեր 1-ի ճառը [Лавров, 1] իրականում 2020թ. նոյեմբեր 10-ի պուտինյան դիրքորոշման ճոխացրած շարադրանքն է: Պուտինը խոսել էր Եռակողմ հայտարարությունը հեղինակելու մասին, Ղարաբաղյան խնդրի բարեհաջող փակման եւ բոլորին հայտնի Ադրբեջան-Ատրպատականից ահագին հեռու տեղակայված «Ադրբեջանին»՝ Արցախի պատկանելության մասին: Այս պնդումներից, թերեւս, միայն հեղինակային իրավունքը կասկած չի հարուցում: Խնդիրը, սակայն, պնդումների ճշմարիտ կամ կեղծ լինելը չէ: Կարեւոր է, թե երբ են արվել

Լավրովի ողբերգությունը այն է, որ  քաղաքական ձեւակերպումը, որ ընդամենը քիչ համոզիչ էր հնչում պատմական մի տեսակի հանգամանքներում, կատարյալ ապուշության է վերածվում, երբ արտասանվում է այլ հանգամանքների ներքո:

Որն է պատմական պայմանների փոփոխությունը երկու տարվա ընթացքին: Դա, անշուշտ, ՌԴ զինուժի 2022 թ. ներխուժումն է Ուկրաինա հինգ ուղղություններից, օտար տարածքների վրա ՌԴ պետական իրավասությունը տարածելու փորձը եւ 1991 թ. ԱՊՀ Ալմաթիի Հռչակագրի առաջադրումը՝ իբրեւ Արցախի պատկանելության հիմնավորում:

Հիմա ուշադիր հետեւենք Ռուսաստանի շարժումներին ՌԴ արտգործնախարարի առաջ քաշած «ալմաթիական» իրավական կոորդինատներում: Տեսնում ենք, որ Ուկրաինայի սահմանը հատելիս, անշուշտ թմրանյութերից կախյալ եւ Ադոլֆ Հիտլերի համախոհ մի հրեայի քաղաքական ռեժիմը տապալելու վեհ նպատակով [Путин, 2], Ռուսաստանյան Դաշնությունը ամենեւին կաշկանդված չէր իր ստորագրած Ալմաթիի Հռչակագրի դրույթներով: Իսկ դրանք պահանջում էին հարգել միութենական հանրապետությունների սահմաններն ու ազգային ինքնիշխանությունը:

Սա դեռ սկիզբն է: Լավրովի համակարգում, համաձայն Ալմաթիի Հռչակագրի, ուկրաինական բոլոր տարածքների կարգավիճակը ծայրահեղ պարզ էր եւ ենթակա չէր փոփոխության որեւէ հանրաքվեով, մանավանդ օտար ռազմական ուժի ներկայությամբ: Բայց փոփոխվեց նախ Ղրիմում, այնուհետեւ եւս չորս մարզերում: Մնում է ենթադրել, թե ՌԴ համար 1991 թվականը եկել է արդեն 2022 թվականի փետրվար 24-ից հետո եւ, նույնիսկ, նույն տարվա աշնանն է հաջորդել: 2022 աշնանը Ռուսաստանը ոչ միայն զորքով էր ներկա Ուկրաինայում, այլեւ փորձել էր իրավաբանորեն «վերաձեւել» ուկրաինական հողերը իր օգտին: Ըստ Լավրովի՝ 1991 թիվը մեծ է 2022 թվից: Հետաքրքիր է, թբիլիսյան որ մանկապարտեզում են մանչուկին նման մաթեմատիկա ներշնչել:

Պարոնի կրթության ցավալի բացը թե զառամախտը՝ մեզ համար ինչ տարբերություն, դրսեւորվում է արցախյան խնդրի եւս մեկ ասպեկտում: Ընդսմին նկատենք, որ նրա լեզվից ոչ ոք չէր քաշում: Ալմաթիի Հռչակագիրը իբրեւ Արցախի պատկանելության իրավական հիմնավորում առաջադրելով, Սերգեյ Վիկտորովիչը պնդում է, թե Ադրբեջանական ԽՍՀ-ն դուրս է եկել ԽՍՀՄ կազմից Արցախը իր կազմում ունենալով: Հերթական անգամ նախարար Լավրովին ի ցույց դնենք, որ ժամանակը ծավալվում է միայն մեկ, առաջընթաց ուղղությամբ: Ալմաթիի Հռչակագիրը ստորագրվել է 1991թ. դեկտեմբերին, իսկ ԼՂԻՄ-ը լքել էր Ադրբ. ԽՍՀ-ն դեռեւս սեպտեմբերին, ընդ որում, ԽՍՀՄ այդ պահին գործող օրենքների համաձայն: Սակայն, ում ենք ասում. եթե Լավրովի համար 1991-ը մեծ է 2022-ից, ապա 1991-ի սեպտեմբերն էլ գալիս է 1991-ի դեկտեմբերից անմիջապես հետո՝ քանի դեռ Ձմեռ Պապը Նոր Տարին չի հասցրել ազդարարել: Ոչինչ չենք շփոթում չէ՞, բազմափորձ մեր տիար Քալանթարով՝ հայկական յուրահատուկ տոմար է:

Դիտավորությամբ չենք հիշատակում Պրագայի մամլո կոմյունիկեի համահեղինակ ՀՀ վարչապետի անունը: «Հայրախույզ» հոգեբանական տիպարին պատկանող այդ անձնավորությունը աճպարարության իր իսկ լարած որոգայթներում խճճվեց այնքան, որ ստիպված էր պնդել, թե ներկայիս Հայաստանը ոչ Առաջին Հանրապետության, ոչ էլ Հայկական ԽՍՀ իրավահաջորդն է [Госканал ТВ, 3]: Ընդսմին, ուղեղում որեւէ անհարմարություն չզգալով կառչեց հենց խորհրդային հանրապետությունների իրավահաջորդությունը հաստատող Ալմաթիի Հռչակագրից: Կասեք իդիոտիզմ է, շիզոֆրենիա, կամ իրավական ցնորքի սահմանային աստիճա՞ն: Ինչպիսի միամտություն: Կա շատ ավելի հնարամիտ մի քիշի, որ առիթը բաց չթողեց զեղծարարների բաղաձայն զուգերգին միանալ սեփական ղժժան մուղամով:

«Գեոքաղաքականությունը Միջնուղու երկայնքով» վերտառությամբ լավ բեմականացված եւ առատ յուղված կոնֆերանսում, նոյեմբեր 22-ին Բաքվում ասվեց, որ «Պրագայում Ալմաթիի Հռչակագրի հիման վրա Հայաստանը արդեն ճանաչել է Բաքվի իրավասությունը, բայց դեռ պարզ չեն սահմանները: Պարզ է միայն, որ այդ սահմաններում է Ղարաբաղը, բայց հնարավոր է նաեւ, որ ներկայիս Հայաստանի մի զգալի մասը եւս, համաձայն պատմական քարտեզների»: Այդպես ասաց քրդաբնակ խուլ գյուղից սերող հնարամիտ քիշին: Այդ դեպքում ինչ եղավ խորհրդային օրենքներով Ադրբ. ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու փաստը: Եվ դեռ ավելին՝ ուր կորավ խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտության մասին Ալմաթիի  Հռչակագրի հիմնական դրույթը: Միթե ձեր ազգանունն էլ Լավրով է, խոշոր իրավագետ, մգիմոավարտ Իլհամ-մյուալլիմ: Թե տարբեր Ալմաթիներ կան՝ խաբար չենք:

Մոլորվել են պարոնայք, խճճվել ստի եւ կեղծիքի մեջ: Ակներեւ է, որ իրավագիտությունը այս եռյակի բանը չէ: Բաքվի պարագլուխը նույն կոնֆերանսում հայկական ազգայնամոլության մասին մեկժամյա շաղակրատանքի ընթացքում հասցրեց Ուկրաինայի խորհրդային սահմանների անխախտության կողմ արտահայտվել: Դա Մոսկվայի եւ Բաքվի միջեւ 2022 թվականի փետրվար 22-ին ստորագրված Ռազմավարական փոխգործողության մասին Հռչակագրի կոպտագույն խախտում է: Հռչակագրի կորիզը՝ տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների փոխադարձ բացառումն է, որը ուժի մեջ է երկու երկրների ողջ տարածքի նկատմամբ՝ Հռչակագրի գործողության ժամկետի որեւէ պահի առչությամբ:

Թբիլիսյան մաթեմատիկան, թե հայկական հետընթաց տոմարը այս դեպքում ուժ չունեն, նույնիսկ մի փորձեք լարել ձեր ուղեղը, հարգարժան Սերյոժա: Ավելի լավ է ասեք՝ որ բացառությամբ է Բաքվին թույլատրված նման ոտնձգություն՝ մանաթներով Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը քանի՞ս ա հիմա: Այն նույն ամբողջականությունը, որի համար «ղալբ արաղի ու ՃՏՊ-ների հետեւանքով անիմաստ մեռնելու փոխարեն» հազարավոր ռուսաստանցիներ իմացյալ զոհվում են ֆրոնտում [Պուտին, 5]:

Իրենց իսկ եփած իրավաբանական ապուրի մեջ խեղդվող երկու նախկին կոմունիստ-լենինյանների ու մեկ անկուսակցականի համար ելք կա եւ շատ պարզ: Ազատեք ժողովուրդներին ձեր գարշահոտ ներկայությունից: Հայաստանի դեպքում բանաձեւը փոքր-ինչ ավելի բարդ է. ազատեք Հայաստանը ձեր ձախորդ պետության նաֆասից՝ 102 ռազմակայանով հանդերձ, Լավրով: Չմոռանաք հետներդ տանել ետխորհրդային նախագահներին ու ձեր գրչակին էլ՝ վրայից: Մի չարաշահեք հայ ժողովրդի համբերությունը: