Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամանորյա զեկույց #2. Գրիգորյանը Մոսկվային. Եթե բավարար չեմ դավաճանում, ասացեք շտկվեմ

ՀՀ ԱԽ տխրադալուկ «քարտուղար» Արմեն Գրիգորյանը երեկ փորձեց պարզաջրել ու ի մի բերել Փաշինյան-Սիմոնյան-Միրզոյան եռյակի վերջին օրերի զեկույցները Մոսկվա [Ամանորյա #1 զեկույց]։ Եռյակի նենգաժոռ բառախաղերը Գրիգորյանը բացեց՝ սփռելով իշխանության օտարի առաջ պարտավորությունների համայնապատկերը ողջ պարզությամբ։ Մեզ համար պարզ է, բայց պարզ է նաեւ, որ նիկոլականները արդեն գլուխ չեն հանում՝ արդյոք լավ են կատարում օտարի առաջադրանքը, թե մի պահի, երբ անզգուշորեն իրար գլխի հավաքվեն՝ խմբովի անհետանալու են մեր տեսադաշտից:

Մի քանի մեջբերումներ ԱԽ քարտուղարի ասուլիսից․

(1) «Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներն անջատ են միմյանցից, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու:

Հնչում է իբրեւ հավատարմության երդում միաժամանակ Աստավածաշնչի ու Ղուրանի վրա:

(2) Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»:

Անշուշտ դժվարացնում է, եւ այստեղից կարելի է եզրկացնել, թե արդեն իր իսկ ասածի իմաստը դժվարությամբ պատկերացնող ստրատեգը ինչն է համարում «առաջընթաց»: Առաջընթացը կապիտուլյացիան է: Եղած տարածի վրա շեն կյանքի կառուցում (© Տեր-Պետրոսյան): Բայց եղած տարածքն էլ հօդս ցնդեց [Ալիեւ, 1]:

(3) «Հայկական կողմը փորձում է հասկանալ, թե Լեռնային Ղարաբաղին անդրադարձ պե՞տք է կատարվի խաղաղության պայմանագրում, թե խաղաղության պայմանագրից դուրս, այսինքն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

«Ախր պարոն պալկովնիկ, եթե ես իմանամ թե ինչ պիտի անեմ, կանեմ, բա որ չգիտեմ»: Կինոկլասսիկա: Այլ կերպ ասած, մեզ հստակ ասեք մեր անելիքը, մենք պատրաստ ենք ամեն ստորության: Պալկովնիկը չարագուշակ  լռում է: Իրականում պադպալկովնիկ է, բացի այդ:

Սրանց տերերը բացահայտ զլացել են, դիմելով «որքան մտքով տկար, այնքան ավելի հավատարիմ» պարզունակ մոդելի: Ահա արդյունքը՝ նոքարը եթերով ճշգրտման խնդրանք է ուղարկում տիրոջը: Իսկ եթե տերը ինքը չգիտի թե ինչպե՞ս վարվել եւ ձախողումը բարդելու է ձեզ վրա: Չէ, էլ մի տեղում մի խռնվեք:

(4) «Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրով ենք դա անելու, թե խաղաղության պայմանագրից դուրս»:

Գրիգորյանի այս նեյնիմը կարծես վերջ չի ունենալու՝ այդպես է լալիս մանուկը, երբ արդեն մոռացել է լացի բուն առիթը ինչ էր: Չկա Լեռնային Ղարաբաղ, ինչպես գլխավոր հեղափոխականի բառապաշարում չկա այլեւս Արցախ:

(5) «Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա դա պետք է հստակ նշվի, կամ ստեղծվի միջազգային մեխանիզմ»:

Այստել փոքր-ինչ ավելի պարզ է: Ակնարկը հստակ արեք, այլապես միջազգային մեխանիզմի մասին ենք խոսելու: Անշուշտ՝ եթերով: Դեմքին ասել ընդունակ չեն: Բայց սրանք բոլորը բեմականացված մանրուքներ են: Մանեժային նիկոլականը փորձում է հանրությանը մոլորեցնել շատ ավելի կարեւոր հարցում: Եթե նույնիսկ «ակնարկը հստակ արվի», ապա Բաքվի (Ալիեւ) եւ Մոսկվայի (Լավրով) պատկերացմամբ հայերի իրավունքները և անվտանգությունը ինքնաբերաբար ապահովված են «ադրբեջանական» քաղաքացիության ինստիտուտով: Ավելացնենք՝ պարտավոությունները, այդ թվում զինապարտությունը եւս ապահովված են լինելու: Համեցեք սաֆարովների բանակ, սիրելի հայեր, տղաներ եւ աղջիկներ:

(6) «Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ նա չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծվել, բայց Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը: Դա կարող է լինել Սանկտ Պետերբուրգում, դա կարող է լինել Բրյուսելում կամ որևէ այլ տեղ»:

Բա Մակրո՞նը, ձեր շեֆի անմաքուր խաղի զոհ դարձած Մակրոնն ինչ եղավ: Պետերբու՞րգ է գալու, Պուտինի դեմքին է կարոտել, թե Ալիեւի: Փաշինյանի դեմքին՝ հաստատապես ոչ, մանավանդ Ստեփանակերտի իդիոտների փարիզյան գաստրոլից հետո [Լրագիր, 2]:

(7) «Խաղաղության պայմանագրի երկու տարբերակ կա՝ ռուսական եւ ադրբեջանական։ Հայաստանն աշխատում է Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տեքստի վրա, որպեսզի հայկական կողմի նկատառումներով վերադարձնի․․․ Երբ մենք Ադրբեջանի 5 կետերից հետո իրենցից ստացել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, կարող եմ ասել, որ այդ տեքստը, ըստ մեզ, այդքան էլ խաղաղության համաձայնագրի նման չէր»։

Նորից գանգատ Բաքվից, որ ուղղված է Աստված գիտի ում՝ Մոսկվային, Արեւմուտքին, Անկարային՝ ու՞մ, կարելի՞ է իմանալ հարգարժան պարոն: Եւ ինչու հայ հանրությունը պիտի լսի ձեր գանգատները, որպեսզի ի՞նչ անի:

Արմեն Գրիգորյանն ասուլիսի ժամանակ այդպես էլ չի հստակեցրել՝ արդյոք Հայաստանը դիմել է Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ժամկետը երկարաձգելու համար։

(8) «Լավ կլիներ, եթե նրանք ավելի երկար լինեն տարածաշրջանում, և եթե Եվրոպական միության կողմից այդպիսի քայլ լինի, Հայաստանը կողջունի»:

Սա արդեն բոլոր սահմանների հատում է, «լավ կլիներ ինձ կնության տանեիք, եթե այդքան շատ եք ուզում ամուսնանալ»: Մեկը մնում-մնում հիստերիա է սարքում, մյուսը հորթի հայացքով լեզուն կապ գցում, էս մեկն էլ հետաքրքիր կողմնորոշում է որդեգրել, կարծես: Ու ժողովուրդը պիտի ձեր բոլորիդ ջարման քաշի ձնածածկ կատարներից վերջապես անպաշտպան հովիտներ իջած (Փաշինյանի նախընտրական խոստում):

Ինչ պատկեր է պարզվում․ Հայաստանը չունի խաղաղության պայմանագրի իր տարբերակը, շարունակում է տարանջատել խնդիրները՝ դրանցից ավելի հեշտ հրաժարվելու եւ ռուս-թուրքական ծրագրերի իրագործումը չխոչընդոտելու համար, պայմանագրի տեքստում չկա Նախիջեւանը, որը պարտադիր է՝ նկատի ունենալով երկրամասի միջազգային առանձին կարգավիճակը եւ Բաքվի հովանավորության տակ գտնվել-չգտվելու եւ ըստ այդմ ՀՀ պատկանելու իրավական հարցը: Չի շոշափվում երկրամասում Բաքվին ենթակա զորամասերի դուրսբերման պահանջը եւ երրորդ կողմերի զորամիավորների տեղակայման անթույլատրելիությունը:

Պայմանագրում բացակայում է պատերազմների պատճառ հանդիսացած Արցախի պատկանելության խնդիրը որպես այդպիսին: Այլ կերպ ասած՝ ՀՀ նիկոլական վարչախումբը հենց 2018 թվականի մայիսից կատարում է միջազգային միջնորդության հնարավորությունները չեզոքացնելու մոսկովյան հրահանգը՝ հայտնի Լավրովյան ծրագրի շրջանակներում։ Թիրախը ՀՀ իրավունքներն էին 1921 թվականի Կարսի պայմանագրի ժամկետը լրանալու պայմաններում: Որպեսի չլինեն իրավունքներ՝ չպետք է լինի ՀՀ: Կամ հայ ժողովուրդ, ընդ որում՝ պարտադիր չէ ոչնչացնել կամ տարագրել՝ կա եւս մեկ եղանակ, որ նիկոլականները առավել հաջողությամբ են իրագործում: Կբացենք դա էլ շուտով:

Արդեն կարելի է հստակ պատկերացնել, որ նիկոլականների հանձնառությունը վերաբերում է Լավրովյան ծրագրի հայկական երաշխավորությանը՝ ծրագրով ոչ միայն Արցախի, իբրեւ քաղաքական միավորի, այլեւ Հայաստանի Հանրապետության ջնջումը տարածաշրջանի քաղաքական քարտեզից: Մնում է հետաքրքրվել, պարոնայք քանի գլխանի են, կամ դիմելով իրենց հաճելի դարձած թուրքական իմաստությանը՝ արդյոք կարծում են, թե «մի երկրորդ գլուխ էլ բոստանում է աճելու»: