Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ամեն ինչ սպառված է, որոշված է»՝ անբանի եզրույթ է. Կարեն Բեքարյան

«Հայաստանի իշխանություններից որևէ ակնկալիք չկա, ինքնախաբկանքով եկեք չզբաղվենք»,-«Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ այստեղից չպետք է հետևություն անել, որ չպետք է քննադատել, չասել, թե ինչու չեն անում. «Պետք է անընդհատ ասել, հանրության համար պարզ ու տեսանելի լինի, բայց  ինչ վերաբերում է գործողություն ու այդ գործողությունների միջոցով որևէ արդյունքի ակնկալիք, այստեղ արդեն պետք է միշտ մտքում ունենալ, որ դու այնտեղ ունես  լավագույն դեպքում բացակա հատված, վատագույն դեպքում քեզ  հակառակ աշխատող հատված։ Քեզ՝ նկատի ունեմ ազգային և պետական շահերի առաջմղման  բոլոր հնարավոր ճանապարհներն ու եղանակները»։

Խոսելով անելիքների, հնարավորությունների մասին, վերլուծաբանն ասաց. «Առաջինը և ամենակարևորը՝ յուրաքանչյուր սրտացավ մարդ, քաղաքացի, հայրենակից, մարդասեր ողջ աշխարհում նման իրավիճակում կանգնում է հարցի առաջ՝ կա՞ արդյոք հնարավորություն, թե ամեն ինչ սպառված է, որոշված է։ Անբանի եզրույթ է սա, քանի որ սա լավագույն մտածելակերպն է ոչինչ չանելու համար։

Արդյո՞ք ցանկացած արված քայլ, գործողություն, առավել ևս կատաստրոֆիկ  ճգնաժամի պարագայում, որում մենք ապրում ենք հիմա, երաշխավորված է բերելու արդյունք։ Ոչ։ Այնպես չէ, որ հստակ տեսանելի են բոլոր ճանապարհները, որոնք արդյունք կտան։ Ճգնաժամն այնքան մեծ է, որ չկա որևէ գործողություն, որն իմաստ չունենա անել անգամ եթե այն ակնկալած արդյունքն իր հետ չի բերի։ Հետևաբար, նման  ճգնաժամերի պարագայում կա ֆրոնտալ աշխատանքի դաշտ՝ իր մեջ ունենալով հավատի էլեմենտ, որ ջրի շիթը քար է ծակում։

Ոչինչ չանելով՝ ոչինչ չես ունենալու, անելով, եթե անգամ երաշխավորված չես, որ քո ուզած  լավագույն արդյունքն ես ունենալու, բայց եղած ընթացքն իր հետ հնարավորություններ է բերելու, մի փոքր առաջխաղացումն իր հետ նոր հնարավորություններ է բերելու»։

Կ. Բեքարյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անգամ իր չճանաչվածության  պայմաններում ու պարագայում ունի գործողությունների  բավականին լայն հնարավորություն, այդ թվում հաշվի առնելով և ողջունելով այս պարագայում այն հանգամանքը, որ արտաքին գործերի նախարարը շրջափակումից դուրս է, Երևանում է։

«Կօգնենք, որ ձևավորի իր շուրջն այնպիսի թիմ բանակցայինից մինչև ցանկացած  օպերատիվ գործողոթյան, որ ձայնը լսելի դարձնի ողջ աշխարհին՝ քայլ առ քայլ այդ ձայնի բարձրացման հնարավորությամբ։ Եթե կարող ենք՝ այդ շանսերը կա»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ յուրանքչայուր անձ, ելնելով այդ թվում իր մասնագիտական ունակություններից, հնարավորություն ունի իր լուման ներդնել։

«Երևի պետք է աշխատեր ինչ-որ կառույց, որ, օրինակ, իր ներքո ունենար տարբեր լեզուներով որակյալ թարգմանիչներ, որոնք հնարավոր ու անհնար բոլոր խողովակներով տարածեին տեղեկատվություն։ Սրա համար ի՞նչ է  պետք։ Մեսիջնե՞ր։ Այդ մեսինջները պետք է գան Արցախից, գեներացվեն տեղում։

Գործարար համայք՝ կամ կաք այս երկրի ազգային պետական շահերը առաջ մղելու, պաշտպանելու հարցում, կամ չկաք։ Իսկ եթե  չկաք, դա հետևանքներ է բերում, իսկ այդ հետևանքները չեն սկսվում ու ավարտվում այսօրվա գործող իշխանությամբ։ Ոչ մեկը չի վերացրել հանցավոր անգործության քրեական թեզը։ Հավատացեք, քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում այդտեղ շատ խոսելիք կլինի, իսկ վստահ եղեք՝ քաղաքական իրավիճակը կփոխվի։

Ժամանակն է բոլորն իրենց թափ տան»,- ասաց նա։

Բեքարյանի խոսքով, պետք է շատ հստակ լինի մեր ուղերձն այստեղից, Արցախից, Սփյուռքից՝ ցանկացած պետություն, անգամ ամենաբարեկամ, թեզը՝ մենք հայից ավելի հայ չենք կարող լինել, եթե Հայաստանի իշխանությունը ինչ որ բան չի անում, մենք ինչի անենք, արժեզրկված է և անիմաստ է արդեն։

«Հերիք է թաքնվել Հայաստանի չեղած իշխանության հետևում։

Մենք այսօր ունենք 120 հազար վտանգված ազգակից, ունենք վտանգված Հայաստան, մենք չունենք իշխանություն, որի ավելի ավել կամ քիչ հայ լինելու հետ պետք է համեմատվել։ Այդ բարդույթից մեր միջազգային գործընկերները պետք է ազատվեն։

Այո, մենք ամաչում ենք, որ ունենք նման իշխանություններ, բայց սրանք զուգահեռ գործընթացներ են, մեր ամաչելը չի նախատեսում իրենց անգործությունը որևէ կերպ ու որևէ պարագայում։


Յուրաքանչյուր մշակույթի գործիչ, հոգևորական, մարզիչ, յուրանքարյուր մարդասեր անելիք ունի, եթե նրան կա մոտեցող, նրա դուռը թակող, նրա անելիքը հուշող»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ շատ մեծ մասի մոտ անտարբերության պատը հասել է նրան, որ տեսնում է  կողքինը հուզված է, այդ նույն րոպեներին գրառում է անում երկնքի գեղեցկության վերաբերյալ։

«Մենք այս ենք այսօր դարձել, ժողովուրդ։ Ո՞ւմ կարող ենք խաբել։

Շրջափակումը սենց չի ճեղքվելու։ Չի ճեղքվելու այսպես ոչ միայն Արցախի շրջափակումը, չի ճեղքվելու մեր  ապուշացման շրջափակումը, մեր անտերբերությամբ մեր կործանմանը գնացող շրջափակումը։ Մերը չի վերաբերում միայն Արցախին, առաջին հերթին միայն Արցախին։

Մեր հանրության քանի՞ տոկոսը ընկալեց, որ շատ մեծ հարց է՝ ավելի շատ  Հայաստանի տարա՞ծքն էր վահան Արցախի տարածքին, թե՞ Արցախի տարածքն էր վահան Հայաստանի տարածքին։ Արցախցի՞ն էր վահն հայաստանցուն, թե՞ հայաստանցին արցախցուն։

Ով ընկալեց այս ընթացքում՝ տեսնելով այն ամենը, ինչի միջոցվ անցնում ենք։

Հետևաբար, մեզ պետք է շատ լուրջ ռեսթարթ՝ մեր ներսում, դրսում, սովորական մեթոդաբանությունից մի փոքր ազատագրում։ Սովորական մեթոդաբանության մեջ՝ կենացներ, բարդույթները, ձև ափելն ու կապիկությունը, սրանցից պետք է փորձել ձերբազատվել։ Ձերբազատվելու պարագայում լուծումների շատ լուրջ փունջ կգա, շատ լուրջ և այդ լուծումները  միլիմետր առաջ գնալով իրենց համար նոր դաշտեր կբացեն։ Վայրկյան անգամ չեմ կասկածում։

Ցանկացած մարդ, ով այս իրավիճակում  ունակ է արտահայտել միտք՝ մեկ է ոչինչ հնարավոր չի, ուղղակի սրիկայություն է»,- ասաց Կարեն Բեքարյանը։