Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ամեն ստորակետից Արցախի իշխանությունը տեղյակ է»․ Ալեն Սիմոնյանի համար պարզ չէ Արցախի ԱԺ-ի հայտարարության շարժառիթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Եթե Արցախի իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ են բանակցությունների…վերջիվերջո, մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա դեպի խոսակցություն։ Շատ ուրախ կլինենք, որ կարողանանք գտնել այդ մեխանիզմը վերադարձնելու։ Ինչ վերաբերում է Արցախին մենակ թողնելուն, ապա որեւէ մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, որ ներկայիս բանակցային փուլում մտահոգություններ են հնչում, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից ու մենակ թողել՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խոսակցություններից վեր կան գործողություններ։ Այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից, ապացույցն են»,-հավելեց նա։

Հարցին՝ երեկ Փաշինյանը խոսում էր, որ Արցախ-Ադրբեջան երկխոսության հնարավորություն կա, եթե Ադրբեջանը հրաժարվի, ի՞նչ է անելու ՀՀ իշխանությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ի՞նչ ենք արել մինչեւ այս պահը։ Անելու ենք այն, ինչ արել ենք մինչեւ հիմա՝ Արցախի ժողովրդի իրավունքները պահելու ենք, պաշտպանելու ենք եւ տանելու ենք առաջ»։

Հիշեցնենք, օրերս Նիկոլ Փաշինյանի՝ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցից հետո Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարել էր․ «Մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով»։ Իսկ Արցախի ԱԺ-ն դեռեւս ապրիլից ՀՀ իշխանությանը կոչ է անում հետ կանգնել աղետալի դիրքորոշումներից։

Հարցին՝ Արցախի կարգավիճակից հետ կանգնե՞լն օգնեց Փաշինյանին երեկ ասել, որ բանակցություններում առաջ գնալու ճանապարհ կա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Արցախի կարգավիճակից հետ կանգնել կամ չկանգնելու խնդիր չի եղել։ Խոսքը 30 տարում եղել է իրավունքների մասին։ Որպեսզի տպավորություն չլինի, թե դավադիր փաստաթղթեր․․․մենք մշտապես ողջ տեղեկատվությունը տվել ենք Արցախի կողմին, եւ Արցախի կարծիքը եղել է որոշիչ։ Հիմա փորձում ենք Արցախին վերադարձնել խոսակցության սեղանին, որպեսզի ՀՀ-ից եւ Արցախի ԱԺ-ից այլ կարծիքներ չհնչեն։ Մինչեւ հիմա պարզ չէ, թե Արցախից ինչու էր նման կարծիք հնչում։ Ենթադրում եմ, որ քաղաքական նկատառումներից ելնելով է եղել, որովհետեւ իրենք մշտապես ամեն ինչ իմացել են։ Ամեն ստորակետի մասին Արցախի իշխանությունները տեղեկացվել են եւ համաձայնել են։ Ավելին՝ Արցախի գործընկերներն են զգուշացրել, որ նաեւ ՀՀ-ի անվտանգության մասով վտանգ են տեսնում, ունեն տեղեկատվություն այդ մասին»։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ որեւէ քայլ առանց Արցախի իմացության չի արվելու․ «Մենք Արցախին միայնակ չենք թողնելու։ Բոլոր տարբերակները, որոնցում պետք է միայնակ թողնել, մեր համար անընդունելի են լինելու։ Հասկանում ենք, որ սուբյեկտայնության առումով Արցախը խնդիր ունի, բայց, այնուամենայնիվ, մենք ենք, մեր հայրենակիցներն են»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը սեպտեմբերին հայտարարել է, որ Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններից։ Փաշինյանը եւ թիմակիցները քանիցս հայտարարել են, որ պետք է ԼՂ հարցը տարանջատել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ