Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ամենադաժանն այն է, երբ սպասում էին մի հույսի, որ մեկին ողջ կգտնեն»․ «Սուրմալու»-ի ողբերգությունը՝ ականատեսի աչքերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքական PR-ի եւ մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյանն այն քաղաքացիներից է, որը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո շտապեց դեպքի վայր։ Նրա հետ զրույցում փորձել ենք ցույց տալ այն իրականությունը, որը պայթյունից հետո դեպքի վայրում ապրում են կամավորներն ու փրկարարները, եւ որը հասկանալի պատճառներով հասանելի չէ այս ողբերգությանն առցանց հետեւող հազարավոր մարդկանց։

-Էդգար, դեպքի վայրում նախեւառաջ փնտրել եք ձեր հարազատներին եւ ընկերներին։ Խնդրում եմ պատմել՝ այդ ընթացքում ինչպե՞ս ներգրավվեցիք կամավորական աշխատանքում, ի՞նչ էր կատարվում պայթյունից հետո։

-Որպես առաջին կամավորական աշխատանք՝ այն զգացմունքային է եղել։ Փորձել ենք տեղում հասկանալ՝ կգտնե՞նք մեր հարազատներին, թե ոչ։ Հետո որպես քաղաքացի եմ ներգրավվել կամավորական աշխատանքում, ինչպես շատերը։ Տեղում աշխատող քաղաքացիները եւ պրոֆեսիոնալներն այս շոգին տաժանակիր աշխատանք են անում՝ 24 ժամ։ Կամավորների հետ իրար օգնելով՝ առանց գլուխ պահելու կամ շնորհակալության սպասումի, բոլորս ներգրավվել ենք աշխատանքներում։ Իրար անծանոթ մարդիկ(որոնք ծանոթ լինելու դեպքում անգամ դժվար իրար ճանաչեին, շատերը դիմակներով ու սաղավարտներով են), անկախ ամեն ինչից, օգնել են իրար, մի քանի հոգով բարձրացրել ծանր քարը, լռության րոպե պահել այն ժամանակ, երբ պետք է եղել։ Սա ասում եմ՝ շեշտելու համար, թե մարդկային գործոնը որքան բարձր է։ Տեղում «Կարմիր խաչի» աշխատակիցները եւ ՈՄԱ-ի ջոկատները եւս ահռելի աշխատանք են անում։ Իրականում հեշտ չէր առաջին օրերին այդ ծուխը շնչելը․ եղան մարդիկ, որոնց ինքնազգացողությունը ծխահարվելու պատճառով վատացավ, բայց դա մյուսներին չկանգնեցրեց։ Զոհերի հարազատները եւս մեզ հետ էին։ Ամենադաժանն այն է, երբ սպասում էին մի հույսի, որ մեկին ողջ կգտնեն։ Աշխատանքը դժվարեցնում են այն տեղեկությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին  համացանցում՝ ողջ մարդկանց եւ փլատակներից ձայներ լսելու մասին։ Դրանք հաստատված տեղեկություններ չէին եւ տեղում աշխատող մարդկանց խանգարում էին։ Դրանք հասնում էին դեպքի վայր, որտեղ գտնվողները փորձում էին հասկանալ, թե որտեղ է ողջ մարդ գտնվել։ Լինում էր ոգեւորություն, հետո լուրը հերքվում էր, ու վրա էր հասնում հիասթափությունը։ Պատկերացրեք, որ դա յուրահատուկ պատերազմի դաշտ է, որտեղ ամեն տեղեկատվություն կարող է ունենալ դրական կամ բացասական ազդեցություն, սակայն չհաստատված տեղեկությունը, միանշանակ, բացասական է ազդում՝ լինի դրական, թե բացասական։

-Պատերազմի ժամանակ եւս կրեցինք կեղծ տեղեկատվության հետեւանքները։ Ձեր վերլուծությամբ՝ ինչո՞ւ անգամ պատերազմից հետո չենք խրատվել չճշտված տեղեկություններ հրապարակելու հարցում։

-Մասնագիտական տեսանկյունից շեշտեմ, որ տեղեկատվության պակասը լրացվում է այլ տեղեկատվությամբ։ Դա հայտնի փաստ է լրատվական դաշտում աշխատողների համար։ Տեղեկատվության պակասի պայմաններում կեղծ  տեղեկատվությունը կամ ենթադրությունները հաստատ լինելու են, եթե չկա հաստատված տեղեկատվություն։ Պատերազմից հետո շատ մարդիկ այլեւս չեն վստահում պետական կառույցների տրամադրած տեղեկատվությանը, եւ դա, բնականաբար, բացասական կողմեր ունի։ Պատերազմից հետո որոշ դեպքերում թերեւս պետական կառույցների թերացումից է, որ մարդիկ տեղեկատվության այլ աղբյուրներ են փորձում գտնել։ Իհարկե, սա պատերազմի դաշտի հետ համեմատել չի կարելի, որովհետեւ  ԱԻՆ-ը չի կարող պարբերաբար հանդես գալ հայտարարություններով, որովհետեւ ժամեր շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում են որեւէ մեկին գտնում։ Փաստացի, չկա որեւէ նոր լուր, որն ԱԻն-ը պետք է հրապարակի։ Հատ-հատ ձեռքով քարեր են հանում, բացազատում տարածքը, որ տեխնիկան աշխատի։ Մի քանի ժամ այս աշխատանքը կարող է շարունակվել՝ առանց փոփոխությունների։

-Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ հիմքերի վրա է պետք դնել կամավորության մշակույթը, որպեսզի օգնել ցանկացող քաղաքացիները չխանգարեն պրոֆեսիոնալներին ու պատրաստվածներին, բայց եւ կարողանան կյանքի կոչել իրենց չափով օգնությունը։

-Երեւի թե սպասել այնքան ժամանակ, երբ պրոֆեսիոնալները կհայտարարեն, որ կա կամավորների կարիք։ Բացի այդ, չտարածել չհաստատված տեղեկատվություն, որովհետեւ անկախ նրանից՝ տեղում կամավորնե՞ր են աշխատում, թե պրոֆեսիոնալներ, դա խանգարում է։ Կամավորության մշակույթը մեզանում ավելի շատ զգացմունքային է, քան պրոֆեսիոնալ։ Ես գուցե պետք չէի տեղում։ Որ չափով որ կարողացել եմ, օգտակար եմ եղել, բայց հիմա հասկանում եմ, որ պետք էր սպասել պրոֆեսիոնալների կոչին։ Երբ կա պայթյուն, կրակ, կամավորներն իրենք կարող են վնասվել եւ խնդիր դառնալ մասնագետների համար։ Նույնն էլ պատերազմի դեպքում է։ Առանց մարտական պատրաստվածության առաջնագիծ գնալը բարդություններ կարող է առաջացնել զինվորի համար։ Բոլորս նետվել էինք «Սուրմալու»՝ զգացմունքների ազդեցությամբ։ Երբ մի քիչ խորն ենք մտածում, ակնհայտ է, որ կամավորությունը պետք է լինի պրոֆեսիոնալ։ Անգնահատելի է, երբ կողքիդ կանգնածը պատրաստ է քեզ օգնել։ Խորապես շնորհակալ ենք կամավորներին, ԱԻՆ աշխատակիցներին, «Կարմիր խաչին» ու ՈՄԱ-ին, բայց ճիշտն այն է, որ տեղում պետք է լինեին բացառապես պրոֆեսիոնալները։ Կամավորական աշխատանքում զգացմունքային գործոնը մեծ է։ Գուցե ինքս ճիշտ չեմ գնահատել իրավիճակը, որ հայտնվել եմ այնտեղ։ Գուցե ամեն ինչ պետք էր թողնել պրոֆեսիոնալներին՝ նրանց, ովքեր համապատասխան պատրաստվածություն ունեն եւ գիտեն, թե նման դեպքերում ինչպես աշխատել։ Այլապես շատ դեպքերում դու ուղղակի սպասում ես՝ հասկանալու համար, թե հետո ինչ է պետք անել։ Դա հետագայում կհասկանանք, բայց շատերս ենք այնտեղ հայտնվել զգացմունքային գործոնով, փորձել օգնել։ Գուցե պետք էր սպասել, երբ կարիքը լինի՝ կմոտենայինք։

-Սովորաբար, երբ խոսում ենք մեր հավաքական կերպարից, առաջնահերթ բացասական կողմերն ենք մատնանշում՝ աղբ ենք թափում, ողբերգության պահին հրավառություն անում, չենք դրսեւորում քաղաքացիական գիտակցություն եւ այլն։ Լինելով այդ ողբերգության վայրում՝ դուք ինչպիսի՞ բնութագիր կառանձնացնեք:

-Դեռեւս վաղուց մի միտք եմ արտահայտել, որ մենք առավելապես համախմբվում ենք այն ժամանակ, երբ ողբերգության մեջ ենք լինում։ Այլ իրողության մեջ շատ ավելի սառն ենք իրար հանդեպ, բայց դրսում մեկին ընկած տեսնելիս միանշանակ կվազենք, կմոտենանք։ Դա մեր մենթալիտետի, զգացմունքների, հոգում թաքնված ամենալավի բնութագիրն է։ Իհարկե, բացասականը շուտ է տարածվում, միշտ այդպես է։ Դրականը նկատելը միշտ դժվար է, եւ դա մարդկային բնույթ է ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհում։ Միշտ ավելի շատ նկատելու են եւ տարածելու են բացասականը, որովհետեւ հանրույթը շատ ժամանակ սիրում է տեսնել այդ բացասականը։ Մեդադաշտում էլ է գերակշռում բացասականը։ Եթե համեմատենք, թե բացասական նյութը քանի դիտում ունի, ապա դրական նյութի համեմատ բացասականի թվերը գերազանցում են։ Բայց նորից շեշտեմ, որ հոգու ամենախորքում թաքնված դրականը միշտ գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ կա մարդկային գործոն, մարդու կողքին կանգնելու խնդիր։ Նույնն էլ պատերազմի ժամանակ էր։ Կա՞ր մեկը, որը չէր անհանգստանում կամ չէր ուզում ինչ-որ բանով օգնել։ Ես, համեյան դեպս, չեմ ճանաչում այդպիսի մարդու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ