Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ «Ակնհայտ է, որ մենք ԵԱՏՄ-ի հետ ցամաքային մեկ կապող օղակ ունենք, դա Վերին Լարսի ճանապարհն է՝ իր բոլոր հայտնի պրոբլեմներով։ Եվ օբյեկտիվորեն հաղթահարելի պրոբլեմներով, որովհետև ոչ ոք չի կարող կառավարել ձնահոսքերը, եղանակը, փլուզումները։ Մեր վրաց գործընկերները նախաձեռնել են նաև թունելի կառուցումը, որը խնդիրը մեծամասամբ կլուծի, բայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ։ Եվ մենք այս առումով շահագրգռված ենք և պետք է կրկին առիթից օգտվեմ և պատրաստակամություն հայտնեմ, որ այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել։ Ավելին, մենք շահագրգռված ենք։ Ընդհանուր առմամբ տպավորություն կա, և երբեմն այդ խոսույթը մեր մամուլի և փորձագետների հարցազրույցներում էլ կարելի է տեսնել, այնպիսի տպավորություն է, որ մեր շուրջը բոլորն ուզում են, որ այդ ճանապարհները բացվեն, մենք դիմադրում ենք։ Ոչ, ընդհակառակը, ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ճշմարտությունն այն է, որ Հայաստանն է ամենաշատը շահագրգիռ, քանի որ Հայաստանն է 30 տարի եղել շրջափակման մեջ։ Ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ «Եվ սա է իրականում պատճառը՝ քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել։ Մենք ասում ենք՝ չէ, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք։ Եվ այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի վերագրեք եռակողմ հայտարարությանը։ Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միջանցք բառ չկա, այդ ես եմ ներմուծել խոսույթ։ Սրանով ամեն ինչ ասված է։ Չկա գրված միջանցք, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում, չկա գրված ՀՀ օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում։ Եվ բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այս բոլոր գործողություններն իրականացնել, մեկնարկը տալ»,- հավելեց նա։