Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հյուրերին՝ ընդգծելով, որ կազմակերպության աջակցությամբ արդիականացվում են Մայր Աթոռի տպարանի սարքավորումները։

Իր հերթին պարոն Քորանթեն Քլերկինն անդրադարձել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեությանը Միջին և Մերձավոր Արևելքում՝ ի մասնավորի Հայոց Հովվապետին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը։
Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին  հետպատերազմյա մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել արցախյան 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամաբ սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինվորականների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած հայորդիների ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում։