Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

ԱՄՆ-ը չի բացառում «Ուկրաինային սպառազինությունների որևէ կոնկրետ համակարգերի մատակարարումները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC հեռուստաալիքի այն հարցին` արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ֆայներն ընդգծել է, որ Ուկրաինային օգնությունը կցուցաբերվի՝ այդ երկրի պահանջներին համապատասխան։ «Մենք շատ հանգամանորեն դա կքննարկենք», – հավելել է Բայդենի խորհրդականը՝ մեկնաբանելով Կիևին մարտական ինքնաթիռներ փոխանցելու ուկրաինական կողմի կոչերը։

Ուկրաինա ամերիկյան կործանիչներ ուղարկելը հնարավոր են համարել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: «Մենք, անշուշտ, ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից», – հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման վերաբերյալ հարցին։