Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն և Ֆրանսիան ամեն ինչ անում են ՌԴ այդ ծրագիրը ձախողելու համար

Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակեց հինգ կետեր, որոնք, ըստ աղբյուրի, Բաքուն առաջ է քաշում Հայաստանի հետ քննարկումների ժամանակ։ Այդ թվում են Արցախի Պաշտպանության բանակի լուծարումն ու Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում՝ զրո կարգավիճակով։ Ինչպե՞ս եք գնահատում այս արտահոսքը և իրավիճակը։

Ոչ մի պետություն չի կարող գործել իր ցանկությունների շրջանակում։ Միջազգային հարաբերությունները հիմնվում են միջազգային պայմանագրերի հիման վրա։ Եվ այդ պայմանագրերից բխող բոլոր պետությունների մոտ առաջանում են համապատասխան միջազգային պարտավորություններ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական պայմանագրեր գոյություն չունեն, բայց Հայաստանը և Ադրբեջանը միաժամանակ հանդիսանում են մի քանի միջազգային պայմանագրերի կողմ։ Օրինակ՝ ԱՊՀ ստեղծման մասին պայմանագրի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի կանոնադրության կողմ։ Այդ բոլոր պայմանագրերից բխող պարտավորությունները, որոնք առաջանում են Հայաստանի և Ադրբեջանի համար, բացառում են, որպեսզի Ադրբեջանն ունենա այնպիսի պահանջներ, ինչպիսիք Հայաստանի վարչապետն իր թերթի միջոցով ներկայացրեց մեր հանրությանը։ Այդպիսի պահանջներ չեն կարող Հայաստանին առաջադրվել, քանի որ և քանի դեռ Ադրբեջանը հանդիսանում է ԱՊՀ, ԵԱՀԿ և ՄԱԿ-ի անդամ պետություն։ Նման կաբալային պայմանները կարող են առաջարկվել այն պետության կողմից, որը վերոնշյալ միջազգային որևէ պայմանագրի մասնակից չէ։ Ուստի, որպեսզի Ադրբեջանն այդպիսի պայմաններ առաջադրի Հայաստանին, պետք է նշված բոլոր կազմակերպություններից դուրս գա։ Նաև Հայաստանը պետք է դուրս գա այդ միջազգային կոնվենցիաներից, որպեսզի ցանկության դեպքում Ադրբեջանի հետ կնքի կաբալային պայմանագիր։ Կաբալային պայմանագիրը միջազգային հարաբերություններում և առհասարակ այնպիսի պայմանագիր է, երբ մի կողմը մյուս կողմին պարտադրում է պարտավորություններ՝ օգտվելով այդ կողմի ծանր կենսական իրավիճակից։

Եթե հերթականությամբ վերլուծենք այդ պահանջները, ապա ի հայտ է գալիս հետևյալը։ Ադրբեջանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հաստատում է, որ չի վերահսկում Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Եվ այդ տարածքում գոյություն ունի զինված ուժ՝ Արցախի Պաշտպանության բանակը, որի առկայությունն Ադրբեջանի կողմից չի վերահսկվում։ Ընդամենը սա կարելի է արձանագրել այդ այսպես կոչված պահանջներից առաջինի վերաբերյալ։ Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել կողմ նման պահանջի կատարման հարցում, որովհետև նման պահանջը կատարելու դեպքում Ադրբեջանը պետք է ընդունի Հայաստանի իրավունքը՝ ներխուժելու Լեռնային Ղարաբաղի տարածք և հարկադրաբար զինաթափելու Արցախի Պաշտպանության բանակը։ Ինքը՝ Ադրբեջանը չի կարող այդպիսի պահանջ առաջ քաշել։ Այդ պահանջը կարող էր ուղղված լինել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնց Ադրբեջանը չի ճանաչում և որոնց հետ 30 տարի հրաժարվում է բանակցել։

Երկրորդ պահանջն այն է, որպեսզի Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Այդ պահանջն իրականում ենթադրում է հետևյալը՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբից,  հրաժարվել իր պարտավորությունից՝ կարգավորելու Արցախի հարցը և դուրս գալ ԵԱՀԿ-ից, Եվրոպայի խորհրդից, մյուս միջազգային կազմակերպություններից, որտեղ Հայաստանն ունի պարտավորություն կարգավորել Արցախի ճգնաժամի հետ առաջացած հարցերը։ Նման պահանջ նույնպես որևէ պետություն որևէ պետության չի կարող առաջադրել։ Առաջինն ինքը՝ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ բոլոր միջազգային կոնվենցիաներից, որպեսզի Հայաստանին նման պահանջ ներկայացնի։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջը բովանդակային առումով այսօր որևէ իմաստ չունեցող պահանջ է, բացառությամբ այն հարցի, որ Հայաստանը ֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ առարկայական դա կարելի է որակել որպես պահանջ՝ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ֆինանսավորումը։

Երրորդ պահանջը՝ դելիմտացիա-դեմարկացիան իրականացնել 1919-1920 թվականների քարտեզներով, նույնպես հակասության մեջ է մտնում Ադրբեջանի պարտավորության հետ՝ անքակտելի համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի դեկտեմբերի դրությամբ գոյություն ունեցող վարչական սահմանը։ Այդ վարչական սահմանը ճանաչվեց որպես միջազգային սահման, և Ադրբեջանը չի կարող Հայաստանին պահանջ ներկայացնել՝ վերանայելու այդ սահմանը, սպառնալ ուժով։

Այս համատեքստում Հայաստանի իշխանությունն ուժի սպառնալիքի մասին հիշատակում է։

Ուժ կիրառելու համար Ադրբեջանը նաև պետք է դուրս գա ՄԱԿ-ի կանոնադրությունից, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրությունը բացառում է վիճելի հարցերի համար ուժի գործադրումը։ Ուժի գործադրման լիցենզիա ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Ինչ վերաբերում է այդ կետերում հիշատակված այսպես կոչված միջանցքին, ապա նույնպես կարելի է ասել, որ նման պահանջ չի կարող լինել Ադրբեջանի կողմից, որովհետև իրականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսքը գնում էր այն մասին, որ հայկական ուժերը դուրս են բերվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականին օկուպացված ճանաչված տարածքներից, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Հայաստանի ապաշրջափակում։ Միջանցքի հետ կապված այդ դրույթը Ադրբեջանը երկու տարի օգտագործում է, որպեսզի ապաշրջափակման հարցում իր պարտավորությունը չկատարի։ Եվ տեսնում ենք, որ իրեն դա հաջողվում է։ Այսինքն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նապատակը ոչ թե Հայաստանը ապաշրջափակելն է, այլ շարունակել Հայաստանը պահել շրջափակման մեջ։ Եվ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը լրացնում է դա։

Երկրորդ հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է։

Ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև այսօր չկա որևէ խոչընդոտ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարման համար։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դրա համար խոչընդոտ չէ։ Պարզապես մինչև Հայաստանը չհամաձայնի «Միութենական պետություն» մտնել, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանը Հայաստանն ապաշրջափակելու նպատակ չեն դնի իրենց առաջ։ Սա փոխկապակցված քաղաքականություն է։ Եվ միջանցքի հարցն ընդամենն օգտագործվում է այդ ապաշրջափակումը չիրականացնելու համար։ Ապաշրջափակման կետը ներառված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որովհետև Ռուսաստանը ցանկանում էր այդ եռակողմ հայտարարությունը ներկայացնել իբրև բալանսավորված համաձայնություն, որտեղ Ադրբեջանն ստանում է ինչ-որ մի բան, Հայաստանն ստանում է այլ բան։ Հակառակ դեպքում, ըստ գործող միջազգային հարաբերությունների կանոնների, այդ եռակողմ հայտարարությունը պարզապես ճանաչվելու էր կաբալային համաձայնություն և համարվելու էր առոչինչ միջազգային հանրության այլ ներկայացուցիչների, մասնավորապես, Ֆրանսիայի, ԱՄՆ կողմից։ Որպեսզի տպավորություն ստեղծվեր, որ այդպիսին չէ այդ հայտարարությունը, Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին այդ կետը ներառեց եռակողմ հայտարարության մեջ՝ ամենևին նպատակ չունենալով այն իրականացնելու։ Նպատակն էր նշված եռակողմ հայտարարությանն այնպիսի տեսք տալ, որպեսզի խուսափեին մեղադրանքներից, որ դա կաբալային համաձայնագիր է։

Ինչ վերաբերում է վերջին կետին՝ Արցախայան առաջին պատերազմում ռազմական հանցագործությունների բացահայտմանը, այստեղ նույնպես կա խնդիր, որ Ադրբեջանի կողմից նման պահանջ չի կարող առաջադրվել։ Տեղի ունեցած ռազմական հանցագործությունների հետաքննությունը լինում է երկկողմանի, չի կարող Ադրբեջանը պահանջել, որպեսզի հայկական կողմի ռազմական հանցագործությունները բացահայտվեն, իսկ ադրբեջանական կողմինը՝ ոչ։ Այդ հարցը կարևոր հարց է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չի կարող լինել, մինչև բոլոր ռազմական հանցագործությունների բացահայտումն ու մեղավորների պատիժը տեղի չունենա։ Երկու ժողովուրդների միջև խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների հիմքում պետք է լինի արդարադատության հաստատումն այն հարցերում, որոնք տեղի են ունեցել ռազմական կոնֆլիկտների ժամանակ և իրենցից ներկայացնում են միջազգայնորեն ճանաչված հանցագործություններ։ Այստեղ Իլհամ Ալիևը խնդիր ունի, որովհետև իր հայրը՝ Հեյդար Ալիևն առաջին պատասխանատուն է լինելու Արցախյան առաջին պատերազմի էսկալացիայի և հազարավոր զոհերի համար։ Ագրեսիվ պատերազմի նախաձեռնողը, հրդադարը խախտողը եղել է հենց Հեյդար Ալիևը։ Եվ, բնականաբար, Ալիևի ռեժիմը երբեք չի կարող շահագրգռված լինել, որպեսզի բացահայտվեն ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այս փուլում, երբ լայն հնչեղություն են ստանում ադրբեջանցի զինվորականների ակնհայտ ռազմական հանցագործությունները, Ադրբեջանն իր հերթին առաջ է քաշում ինչ-որ պահանջներ՝ հայկական կողմին վերաբերող, փորձելով հավասարության նշանի իրավիճակ ստեղծել։

Իմ կարծիքով՝ այդ այսպես կոչված պահանջները պետք է դիտարկել որպես գործիք այն քարոզարշավի համար, որը Հայաստանում իրականացվում էր և պատերազմից առաջ, և հատկապես պատերազմից հետո։ Դրա գլխավոր իմաստն այն է, որ Հայաստանն անզոր է իր անվտանգությունն ապահովել, և բնաջնջումից ու օկուպացիայից փրկվելու համար պետք է միանալ «Միութենական պետությանը»։ Այստեղ շահագրգռվածություն կա բոլոր կողմերի մոտ։ Ռուսաստանի Դաշնության համար դա ռազմավարական նշանակության խնդիր է, Ադրբեջանի համար դա հնարավորություն է դուրս գալ այդ բոլոր միջազգային կազմակերպություններից, որտեղ ինքը պարտավորություններ ունի՝ ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ես ուզում եմ նշել, որ այդ թվում՝ ԱՊՀ համաձայնագիրն Ադրբեջանի համար ստեղծում է նման պարտավորություն։ Ըստ այդ պայմանագրի, որի վրա հղում է անում Հայաստանի վարչապետը, Հայաստանի համար առաջացել է պարտավորություն հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի համար՝ Լեռնային Ղարաբաղի հայերի քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքները ճանաչել, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Եվ այս հարցում Նիկոլ Փաշինյանը ևս կոռեկտ չէ, երբ փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իբր ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը Հայաստանի համար միակողմանի պարտավորություն էր ստեղծում՝ հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդպիսի բան չի նախատեսում ոչ մի միջազգային պայմանագիր, որի կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը։ Բոլոր միջազգային կոնվենցիաներով տարածքային ամբողջականության ճանաչման իրավունքը հավասարակշռված է պետության, մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների բոլոր իրավունքների ճանաչման, պահպանման և հատուկ վերաբերմունքի պարտավորություններով։ Իսկ Ադրբեջանը դա երբեք չի ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, ուստի, խոսել այն մասին, որ Հայաստանն ունի միակողմանի նման պարտավորություն, դա մարդկանց մոլորության մեջ դնելու փորձ է։

Այսպիսով, այսօրվա հոդվածով վերահաստատվեց այն, որ գոյություն ունի քարոզարշավ, որի նպատակն է ահաբեկել մեր ժողովրդին և պայմաններ ստեղծել, որպեսզի հիմնավորել, թե ինչո՞ւ է հարկավոր «Միութենական պետության» կազմ մտնել։ Միաժամանակ, արդեն ակնհայտ է և անհնար է թաքցնել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ամեն ինչ անում են այդ ծրագիրը ձախողելու համար։ Ուկրաինայի մասով այդ ծրագիրն ամբողջությամբ տապալված է, Հայաստանի և Ադրբեջանի հարցում նույնպես գտնվում է տապալման փուլում։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հետևողական քայլեր են ձեռնարկում, որպեսզի այդ մոդելը, որը Ռուսաստանն ուզում էր այստեղ իրականացնել, տեղի չունենա։ Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները նույնպես շահ ունեն «Միութենական պետության» կազմի մեջ մտնելու հարցում, որովհետև «Միութենական պետության» ղեկավարությունը ցմահ իշխանությունով օժտված կառավարություն է։ Եվ Նիկոլ Փաշինյանն այստեղ անձնական շահագրգռվածություն ունի՝ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար։