Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ նոր մոտեցումները Հայաստանի վերաբերյալ ամփոփվել են և հրապարակվել որպես փաստաթուղթ

Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այցեր կատարեցին ԱՄՆ, Ֆրանսիա, քննարկվում են Հայաստանի անվտանգության հարցերը։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

ՄԱԿ-ի ամբիոնում Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ թույլ էր՝ համեմատած այն իրավիճակի հետ, որի մեջ Հայաստանը գտնվում է։ Եվ առահասարակ ամբողջ աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ պատերազմների ազդեցության տակ այսօր միջազգային կարգն է վտանգված։ Ոչինչ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցից։ Այս պահին հասկանալի է, որ մենք ոչինչ չգիտենք, բացի այն պաշտոնական տեղեկություններից, որոնք իշխանություններն իրենց ուզած ձևով ու տեսքով մատուցում են։ Հանրությունն այսօր իրականում չունի որևէ ստույգ տեղեկություն, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ են առաջարկում Հայաստանին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ի՞նչ են պահանջում։ Ոչ մի բան հայտնի չէ, և վստահություն չկա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որովհետև այն հայտնի փաստերը, որոնք մասնագիտական շրջանակում բոլորին հայտնի են եղել, օրինակ, «Մադրիդյան» սկզբունքների կամ Մինսկի խմբի տարբեր առաջարկների վերաբերյալ, իր մեկնաբանությամբ հանրությանն այնպես ներկայացվեց, որն իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն՝ այստեղ էլ տեղի ունեցավ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության կորուստ, որովհետև ինքը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող փաստերը փորձում է մեկնաբանել իր քաղաքական շահերի տեսանկյունից։ Նման պայմաններում, եթե քարոզչական նպատակներից զերծ փորձենք պարզ աչքերով նայել այս իրավիճակին, պետք է ազնվորեն ասենք, որ մեր իշխանությունները թափանցիկ չեն և ի վիճակի չեն մեր ժողովրդին, հասարակությանը, մասնագիտական շրջանակներին պարզ ու ազնիվ ներկայացնել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես գտնում եմ, որ իրենք երբևիցե ազնիվ չեն եղել հայ ժողովրդի հետ։

Այս փուլում ԱՄՆ-ն, Արևմուտքն ընդհանրապես ակտիվություն են ցուցաբերում կարգավորմանն առնչվող գործընթացում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն վերջին ժամանակահատվածում է ակտիվացել, իսկ մինչ այդ դիրքորոշում կամ ազդեցություն չուներ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ ԱՄՆ-ն գերտերություն է, և քարոզչական խնդիր կար հայ ժողովրդին խաբել, ասել, որ բացի ՌԴ-ից ոչ ոք հայերի ճակատագրով հետաքրքրված չէ։ Կյանքը ցույց տվեց, որ հակառակը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, մնացած բոլորը հետաքրքրված են Հայաստանի ճակատագրով։ Եվ այդ քարոզչական ամբողջ մեքենան, քաղաքական վերլուծաբանները, քաղաքական գործիչները երկու տարի աշխատեցին, հետո ամեն ինչ փլուզվեց, մարդիկ տեսան, որ դա այդպես չէ։ Փաստն այն է, որ ԱՄՆ-ն այս տարվա մայիսի 4-ին ընդունեց ու հրապարակեց Հայաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը, դա հրապարակային փաստաթուղթ է, այնտեղ շարադրված են Հայաստանի հետ համագործակցության նպատակները, որոնց ԱՄՆ-ն պնդում է, որ կարելի է հասնել։ Տրամաբանությունը պարզ է՝ Հայաստանին տնտեսական և ռազմական ոլորտներում տրամադրել օժանդակություն, որպեսզի Հայաստանը կարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Այդ վճռականությունը ԱՄՆ կողմից եղել է միշտ, այդ հայտարարությունները հնչել են նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այսինքն՝ մասնագիտական շրջանակներում սա նորություն չէ։ Այնպես չէ, որ ԱՄՆ-ն նոր մոտեցումներով հանդես եկավ, պարզապես այն մոտեցումները, որոնք եղել են միշտ, ամփոփվել են և հրապարակվել՝ որպես փաստաթուղթ։ Դրա միակ նպատակը եղել է կանխել այն ապատեղեկատվությունը, որը Հայաստանում եղել է։ Քանի որ Հայաստանում պետական քարոզչությունը և իր բոլոր համակարգերն առաջ էին տանում այն գաղափարը, որ Հայաստանը անհույս վիճակում է գտնվում և պետք է խոնարհվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկների առջև, հիմա այդ մոդելն ինֆորմացիոն տիրույթում տապալված է։ Իսկ թե ինչ կարող է լինել, շատ դժվար է ասել, որովհետև մենք իսկապես չունենք ոչ ամբողջական տեղեկությունը, ոչ էլ պատկերացում, թե այսօրվա իշխանություններն ինչ են ուզում։

Ընդհանրապես իրենք ուզո՞ւմ են զենք գնել ԱՄՆ-ից, իրենց ինչի՞ն է պետք զենքը։ Եթե հիշենք Լենա Նազարյանի հայտարարությունները՝ պետք է մտածել «խաղաղության պայմանագրի» մասին, ոչ թե սահմանների ամրապնդման մասին։ Ինքը դիտողություն էր անում հայ զինվորների մայրերին՝ ասելով, որ փոխանակ մտածեք խաղաղության մասին, ասում եք՝ սահմաններին երկաթբետոնե պաշտպանական դիրքեր պետք է կառուցվեն։ Նա պաշտոնատար անձ է, հրապարակային հայտարարություն է արել, իրեն դրանից հետո չեն հեռացրել պաշտոնից։ Այսինքն՝ ենթադրել, որ առհասարակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը մտադիր է պաշտպանություն կազմակերպել, ես դրա հիմքերը չեմ տեսնում։ Անցած երկու տարիների ընթացքում ինժեներական ոչ մի լուրջ պաշտպանություն չի ստեղծվել Սյունիքում ու Գեղարքունիքում՝ նոր շփման գծի երկայնքով։ Եվ դեռևս չենք կարող ենթադրել, որ կարող է այս քաղաքականության մեջ փոփոխություն տեղի ունենալ։

Ֆրանսիայի նախագահն առաջարկեց սահմանազատման աշխատանքներն իրականացնել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ, այսինքն՝ միջազգային մեխանիզմներով։ Ի՞նչ առաջարկ է սա։

Վերջիվերջո կամք պետք է ունենալ։ Այստեղ կրկին պետք է հասկանալ՝ ի՞նչ նպատակներ ունի այսօրվա իշխող ուժը, դելիմիտացիայի հարցերում որո՞նք են խոչընդոտները, կա՞ն խոչընդոտներ։ Տեսնում ենք, որ կան, եթե փաստացի ագրեսիաներ են տեղի ունենում։ Եվ նման պայմաններում կարող է ընդհանրապես հարց առաջանալ՝ ո՞նց կարող է դելիմիտացիան իրականացվել ուժի սպառնալիքի ազդեցության տակ։ Նման պայմաններում առհասարակ չի կարող լինել միջազգային ոչ մի փոխադարձ պայմանագիր, որովհետև միջազգային իրավունքն արգելում է ուժի սպառնալիքի ազդեցության տակ պայմանագրեր կնքել։ Այդօրինակ պայմանագրերն առոչինչ են։ Այսօրվա դրությամբ խնդրում եմ ասել՝ Հայաստանը հայտնվե՞լ է ուժի սպառնալիքի ազդեցության տակ, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ Ալիևը հրապարակային ասում է՝ «մենք ուժով կպարտադրենք Հայաստանին բոլոր լուծումները, որոնք հարկ ենք համարում»։ Դա առհասարակ բացառում է որևէ միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթղթի կնքում, որովհետև ուժի սպառնալիքով, շանտաժով, ուժի կիրառմամբ միջազգային պայամանագրեր չեն կնքվում։ Եվ այստեղ չգիտեմ, թե Ֆրանսիայի նախագահն ինչ նկատի ուներ՝ միջազգային մասնագետներն առհասարակ ենթադրո՞ւմ են, որ ուժի սպառնալիքի ազդեցության տակ կարող է ինչ-որ բան կնքվել, թե՞ ոչ։

Ես կարծում եմ, որ այսօր շատ հստակ է, որ, այո, Հայաստանը խրոնիկ գտնվում է ուժի, ագրեսիայի իրականացման սպառնալիքի ազդեցության տակ, ահաբեկված են ժողովուրդը, քաղաքական համակարգը։ Եվ սա արդեն անընդունելի մթնոլորտ է, որը չտեսնել անհնար է։ Նման պայմաններում ոչ մի առողջ, երկատարև խաղաղության հիմք հանդիսացող միջազգային պայմանագիր չի կարող լինել։ Մենք լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ով չի բացառում, որ վեց ամիս հետո Հայաստանն օկուպացիայի կենթարկվի, մենք կհայտնվենք կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Նման պայմաններում, երբ կա մի ժողովուրդ, որին հանձնել են՝ որպես զոհ և որի նկատմամբ թույլ են տալիս ագրեսիայի ցանկացած դրսևորում, առաջնորդները կարող են այսպիսի հայտարարություններով հանդես գալ և կոչ անել փրկվելու համար ինչ-որ պայմանագրեր կնքել։ Իրականում միջազգային իրավունքն այդպիսի բաներ բացառում է։ Բայց այդ մարդիկ ասում են՝ չկա միջազգային օրենք, ով ինչ ուզում անում է։

Ես կարծում եմ, որ և ԱՄՆ, և Ֆրանսիայի նախագահները շատ հստակ պետք է հայտարարեն, որ իրենք չեն հանդուրժի ոչ Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ոչ էլ ագրեսիայի ազդեցությամբ Հայաստանին պարտադրված որևէ պայմանագրի ստորագրում։ Մեկընդմիշտ այդ հարցը պետք է փակվի՝ թե մեր հասարակության ներսում, թե մեր թշնամիների համար, որովհետև քանի դեռ այդ հնարավորությունը կա, և թշնամիներն են կախվում այդ հնարավորությունից, և մեր ժողովրդի ներսում այդպիսի պատկերացում կա, որ բոլոր ժողովուրդներն ազատ են, բացի հայերից։ Այսպիսի պրիմիտիվ թեզեր են դրվում շրջանառության մեջ, այս ամենին պետք է վերջ դրվի, և վերջ կարող են դնել հենց այդ գերտերությունների ղեկավարները, ովքեր շատ պարզ ու հստակ մեսիջ պետք է ուղարկեն թե Թուրքիային, թե Ադրբեջանին, և նաև հայ ժողովրդին, որովհետև հայ ժողովուրդը համոզված է, որ 21-րդ դարում ինչ-որ ժողովուրդ կարող է մորթվել ու սպանվել, օկուպացիայի ենթարկվել։ Իհարկե, տեսնում են, թե Ուկրաինայում ինչ է կատարվում, բայց վճռականության բացակայությունը մանիպուլյացիաների մեծ դաշտ է ստեղծում։