Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անհրաժեշտ է իրականացնել բնապահպանական խնդիրների քարտեզագրում․ Դուլգարյան

Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել  բնապահպանական խնդիրների քարտեզագրում։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը։ Նրա դիտարկմամբ՝ քարտեզագրման աշխատանքներ երկար ժամանակ չեն արվել, մինչդեռ տարիների ընթացքում խնդիրները գնալով ավելացել են։

«Քարտեզագրում պետք է իրականացվի, որպեսզի համապատասխան գերատեսչությունները ոչ թե շարժվեն ահազանգից ահզանգ, այլ խնդիրների ողջ փաթեթն ունենան ձեռքի տակ և գնան դրանց հետևից։ Պետք է նշեմ, որ մի քանի տարի առաջ այդպիսի փորձ կատարվել է, երբ ստեղծվեց թափոնների քարտեզ։ Բայց, քարտեզի ստեղծվելուց բացի, որևէ այլ օգուտ այն չի բերել։ Պետական մարմինները նշում են՝ որ այդ խնդիրները լուծելու համար   չունեն  այդքան միջոցներ։ Հարկ է պետական մակարդակով գումարներ հատկացվեն, համայնքները ևս առանձնացնեն գումար նշված խնդիրների լուծման համար։ Այս ամենի հետ կախված անհրաժեշտ է զուտ քաղաքական կամք»,- նշեց Դուլգարյանը։

Խնդիրները շատ են` հատկապես հանքարդյունաբերական համայնքներում։ Տարբեր հետազոտություններ հաստատել են՝ ծանր մետաղների առկայությունն ու դրանց ազդեցությունը մարդկանց առողջության վրա։ ՀԿ ներկայացուցիչը կարևորեց նաև 2023թ․-ի ընթացքում իրականացվելիք տարբեր փորձաքննությունները ։

Նրա խոսքով՝ այս աշխատանքները կօգնեն հասկանալ, թե առկա իրավիճակն ինչպես է անդրադառնում մարդկանց սոցիական և առողջության վրա։ Դուլգարյանն ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում գյուղական համայքների նկատմամբ «ասպատակությունները» շատ են եղել։

«Տարբեր պատմություն ունեցող, տարբեր ընկերություններ, հին և նորահայտ, փորձեցին տարբեր գյուղական համայնքներում իրականացնել հանրային լսումներ, որպեսզի նոր հանքարդյունաբերական գործունեություն սկսեն կամ ուսումնասիրություններ սկսեն այդ գործունեության համար։ Ցավալին այն է, որ բոլոր գյուղական համայնքներում զարգացած էին գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։Այսինքն՝ հաշվի չի առնվում տվյալ տարածքի առանձնահատկությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ 2022թ․-ի ընթացքում թեժ կետերից էր Լոռվա մարզի Քարաբերդ համայնքը, որտեղ Քարաբերդ բնակավայրում և տեղի բնակիչներից վերցրել էին հողի և գետի հատակային նստվածքի, ինչպես նաև մազերի և մեզի փորձանմուշներ՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունն առողջության և շրջակա միջավայրի վրա ուսումնասիրելու նպատակով: Վերլուծությունների նախնական արդյունքների համաձայն՝ հողում, որը գտնվում է Քարաբերդի հանքավայրի մոտ (հեռավորությունը հանքավայրից՝ 150 մ), ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն բարձր է մաքուր հողերի և Քարաբերդ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի համեմատ։Գյուղատնտեսական հողերում նույնպես հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն։

«Վստահ եմ՝ 2023թ-ին կշարունակվեն գյուղական համայնքներում փորձերը ՝ նոր հանքային դաշտեր փնտրելու ու գտնելու նպատակով, իսկ համայնքները նորից ստիպված կլինեն պայքարի դուրս գալ։ Այստեղ կարևոր է, որպեսզի համայքների բնակիչներն ունենան համապատասխան գիտելիքներ՝ սպառնացող վտանգների մասինև թե ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները։ Այս առումով պետք է քաղաքացիական հասարակության դերը մեծ լինի»,- ասաց Դուլգարյանը։
Համայնքները պետք է սկսեն մտածել սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների մշակման և նեդրման մասին։

«Այս գործընթացը մեկնարկել է մի շարք համայնքներում։ Արդեն իսկ ակներև են արդյունքները՝ կոնկրետ համայնքի կողմից հավելյալ ռեսուրսների հայթայթման և թիրախային ծախսման ու բաշխման տեսանկյունից։ Այս օրինակները պետք է տարածվեն այլ համայնքների վրա ևս։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր գրավականը համայքների կայուն զարգացումն է և տեղում այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը»,- ասաց  Դուլգարյանն ու հավելեց․

«Թեև մենք տեսնում ենք, որ ամբողջապես բավարարված համայնքը, որտեղ գործում են մեծ գյուղատնտեսկան տնտեսություններ, այգեգործական ընկերություններ, անասնապահական ֆերմաներ, կաթի վերամշակման ընկերություններ, բայց այդ գյուղում ցանկանում են հանքային գործունեություն ծավալել։ Այսինքն՝ համայնքներն ինստիտուցիոնալ մեխանիզմներով պաշտպանված չեն նմանօրինակ երևույթներից»։