Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անկեղծ խոստովանություն: Թիրախում են որոշ չինովնիկներ, քաղաքագետներ… նույնիսկ` «փնթի» լրագրողները

«Այսօրվա կտրվածքով» հուշարձանների վանդալիզմից կտրուկ անցում կատարենք լեզվաբանության «դաշտի» «վանդալներին. իմ «թիրախում են» չինովնիկները, «փնթի» լրագրողները և ոչ միայն նրանք(նմանակում` ոմանց պաշտոնական խոսքին)։

Ցանկալի կլիներ այսպիսի անհաջող  գործածություններին ուղղախոսական հարցեր մեկնաբանող հարգարժան մասնագետներ` Լևոն Գալստյանը իր «Խոսենք հայերեն» և Վարդգես Ավետիսյանը իր «Մենք և մեր բառերը» Հանրային ռադիոյով իրենց հաղորդաշարերում, իսկ լեզվի պետական տեսչությունն իր հերթական «հորդորակում»  նույնպես անդրադառնային ստորև նշված բառերի գործածությանը։ Լավատեսորեն ենթադրենք, որ բոլորն ուշադի~ր կլսեն, ի նկատի կունենան նրանց հորդորներն ու ճիշտ կխոսեն։

  1. Կտրվածքո՞վ…

Ազգովի մոռանում ենք «ընթացք» բառը և ժամանակի պարագաների հետ գործածում «կտրվածքը»: «Տարվա կտրվածքով», «ամսվա կտրվածքով», նույնիսկ «օրվա կտրվածքով»։         Ինչպե՞ս «ագրեսոր կտրվածքովը» ներխուժեց շատերի բառապաշար, դուրս մղեց «բնիկ» «ընթացքում»-ին և հաղթարշավով, լայն քայլերով մեր հանրությունը նվաճելով առաջ ընթանում է: Շատ եմ զարմանում, երբ լսում եմ շատ ճանաչված ու կրթված անձնավորությունների խոսքում  «կտրվածքով»-ը` «ընթացքում»-ի փոխարեն;

«Կտրվածքով»-ը գործածության մեջ մտավ 1990-ականների վերջերից, երբ տնտեսագետները կամ սոցիալական ուսումնասիրություններ կատարող մասնագետները և այլք աղյուսակների կամ գրաֆիկների տեսքով իրենց զեկուցումները ներկայացնելիս ունկնդիրներին ասում ասում էին. «դիտենք այս կտրվածքով», ցույց տալով աղյուսակի կամ գրաֆիկական պատկերի այդ հատվածքը` կտրվածքը։ Այնուհետևդ զեկուցողի ելույթին անդրադարձող լրագրողը կամ չինովնիկի ենթակաները բառացիորեն կրկնում էին զեկուցողին։ Օրինակ; «Ըստ նախախարի ներկայացրած հաշվետվության անցած տարվա կտրվածքով գործազրկությունը նվազել է 15 տոկոսով»։ Կամ « COVID-19. Չունչուր կղզում, օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 ամսվա առավելագույնին …»:

Հարգելիներս, ի՞նչ կտրվածքի մասին է խոսքը: Երկրաչափական մարմնի հատույթի՞, գլխի մազերի խուզվածքի՞, դերձակի կարած շորի՞…

Սովորաբար կարճ և դյուրությամբ արտասանվող բառերն ավելի արագ են տարածվում ու հեշտ դուրս մղում «հնաբնակին»; «Կտրվածքով»-ը բացառություններից է:  Չնայած, որ այն մեկ վանկով երկար է «ընթացքում»-ից, չգիտեմ թե ինչու՞, այդպես հեշտությամբ «դուրս մղեց» վերջինիս: Եվ ինչքա՞ն ժամանակ դեռ պետք է «գրավի» նրա տեղը, դժվար է ասել: Թո՛ ղ Լեզվի պետական տեսչությունը և ոլորտի ճանաչված մասնագետներն ասեն իրենց հեղինակավոր խոսքը:

Հարգելի պաշտոնյաներ և հատկապես, լրագրողներ։ Լեզվական հարցերում, պահպանողական լինելը լավ է: Պետք է լավ իմանալ իր գործածած յուրաքանչյուր բառի իմաստը:

Քաոս մի՛ ստեղծեք; Անմիջապես մի՛ «խլեք» ու տարածեք, մեր լեզուն աղավաղող ոմանց «անգրագետ նորարարությունները»։

  1. Թիրա՞խ, թե՞ նպատակակետ

Շատ ավելի ծիծաղելի ու որոշ դեպքերում ցնցող է, երբ բարի նպատակի, ծրագրի, մտադրության իմաստով կիրառում են «թիրախ»-ը։ Օրինակ. «Մեր թիրախը թափառող և հիվանդ կենդանիներն են, կամ երկկողմ ծնողազուրկ երեխաները, կամ սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչները։ Բավական չէ՞ թշնամին նրանց օր ու գիշեր թիրախավորում է, դուք էլ եք նպատակադրվել նրանց  թիրախի տակ վերցնել։ Բացե՛ք բացատրական բառարանը, կարդացեք «թիրախ» բառի բացատրությունը և չնայած, Ձեր բարի նպատակներին, մի՛ թիրախավորեք անմեղ մարդկանց կամ կենդանիներին.

Թիրախը  խփելու, գցելու, ոչնչացնելու նպատակով դրված նշանակետ է; Այս բառի ոչ ճիշտ գործածումը եկավ անհաջող թարգմանությունից: Անգլերեն`«goal», ռուսերեն`  цель(прицель); Մեկն էլ որոշեց ռուսերենից թարգմանել թիրախ; Մեկն անփութորեն թարգմանում է, իսկ հետո, շատերն առանց մտածելու, կրկնում են ու այդպես տարածում…

  1. Դաշտ

«Դաշտ»-ը  նույնպես «ներմուծվեց» 1990-ականներին: Այն նախ հիմնականում կիրառվեց իրավագիտության բնագավառում։ «Դաշտ»-ը անգլերենի «field», «arena» բազմիմաստ բառի անհաջող թարգմանությունն է, որը ունի շատ հոմանիշներ ասպարեզ, ոլորտ, բնագավառ։ Նախ` ռուսներն այն թարգմանեցին որպես «поле», ապա ինչպես, շատ հարցերում, մերոնք այնտեղից մեխանիկորեն վերածեցին հայերենի, որպես`«դաշտ»։ Ինձ ռադիոֆիզիկոսիս, հարազատ ու լավ ընկալելի են էլեկտրական կամ մագնիսական դաշտը կամ վեկտորական դաշտը, բայց ինչու՞ ասել իրավական դաշտ, եթե պետք է ասել իրավունքի  բնագավառ, ասպարեզ կամ ոլորտ և այլն։

  1. 4. Ճանապարհային քարտեզ (անգլ.` road map,  ռուս.` дорожная карта)

Ավելի հեշտ ու արագ կարելի էր ասել, ուղի կամ ուղեցույց, ծրագիր, չեմ ուզում  ասել «պլան» ;

  1. 5. Մակարդակով

Վերջին ժամանակներս հաճախ ենք լսում «Նախարարի մակարդակով» կամ «բաժնի վարիչի մակարդակով» և այլն: Ի՞նչ մակարդակի մասին է խոսքը, երբ շատ դեպքերում, այնտեղ «մակարդակ» չկա…Ինչու՞ «մակարդակով», եթե կարելի է ասել` նրա որոշմամբ կամ խոսքով, արտահայտությամբ, արտասանածով կամ թեկուզ` բերանով հնչեցրած խոսքերով; Շտապում եք, ու անընդհատ ուզում եք առանց նշանի ու լուսացույցի նայելու «քյասար» քշել:  Спешишь-людей насмешишь (ռւսական ժողովրդական);

  1. Մոտիվ, մոտիվացիա, մոտիվացված և այլն

Այս բազմիմաստ բառերին համապատասխանում են հայերեն նպատակ, ձգտում, դրդված լինել և այլն: Հայոց լեզուն` ոչ ծամոն է, ոչ էլ որևէ մեկի մազերը կամ արդուզարդի պարագաները, որ ով, որտեղ, ինչպես ուզում է ոլորի, ծռմռի, ներկի և իր ուզած տեղում ու ճաշակով կապի կամ ցուցադրի: Պետք է խոսելիս նույնպես լինել նույքան մաքրասեր լինել ու ճաշակով ու բծախնդրորեն ընտրել բառերը, հատկապես, եթե դա պաշտոնական խոսք է և հեռարձակվելու է եթերով… 

  1. Նարատիվ (անգլ. և ֆր. -narrative, ռուս.- нарратив)

Վերջին մի քանի ամիսներին իշխանավորների, քաղաքագետների բառապաշար է խցկվել բազմիմաստ այս օտար բառն ու ստանձնել մի տեսակ «հերթապահի» պաշտոն:  Երբ խոսողը հարմար հայերեն բառն այդ պահին չի կարող գտնել` դիմում է նրա օգնությանը: Պատկերացրեք երկու ճանաչված քաղաքագետների մասնակցությամբ քսան րոպեանոց ռադիոհաղորդում: Գրեթե ամեն րոպե` «նարատիվ …, նարատիվ»…Մեր լեզվին օտար, իսկ իրենց արդեն հարազատ դարձած; Եթե կարելի էր ասել «խոսքաշար», «բառույթ», «պատում» և այլն:

Եկե՛ք, խոսենք հայերեն

Արտյուշ  Խանջյան

լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն», «Երևանի արձանները», «Հին ու նոր Երևան», «Երևանի եկեղեցիները» և այլ գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ,  2020-2022 թթ. Աղի  լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման , Վարդավառի լճափի «Լիոն» թիավարության մասնաճյուղի հարթակի և աստիճանաշարի աշխատանքների նախաձեռնող և իրականացնող

[email protected]