Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:

Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:

Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը:

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ:

Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ, հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ:

«Զվարթնոց» ագրոօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ –ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք: «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը:

Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:

Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:

Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի մինչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:

Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք:

Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագրված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ