Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ապառազմականացման հաջորդ քայլը լինելու է Արցախի ամբողջական վերահսկողությունը թշնամու կողմից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երբ Ադրբեջանը հրաժարվում է երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, ի՞նչ է պատրաստվում անել հայկական կողմը, այս իշխանություններն ինչպե՞ս են կարողանալու ապահովել արցախահայության անվտանգության հարցը: Այս հարցերը ներկա իշխանությունների գոյության պարագայում առավել քան մշուշոտ են»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

-Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի ապառազմականացման մասին՝ ասելով, որ Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարը տեղեկացված են եղել գործընթացի մասին, ավելին, առաջարկությունը հենց Արցախից է եկել: Ուշագրավն այն էր, որ բավական ուշացումով, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն արձագանքեց՝ ասելով, որ Արցախի ապառազմականացում չի լինելու եւ, որ Արցախի որեւէ պաշտոնյա նման առաջարկ չի հնչեցրել: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ նպատակով, Արցախի ապառազմականացման հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

-Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքական իշխանությունը հրաժարվել է Արցախի հետ կապված հարցերում որեւէ միջամտությունից եւ սահմանափակվում է բացառապես հումանիտար ներդումների միջամտությամբ: ՀՀ իշխանությունները հրապարակային հայտարարում են, որ Արցախի հետ կապված խնդիրները ռուսական իրավասության դաշտում են, եւ չեն պատրաստվում ներգրավվել խնդրի ուղիղ կարգավորմանը: Ինչ վերաբերվում է Արցախի իշխանություններին, ապա դժվար է հանդիպել Արցախում որեւէ մարդու՝ շարքայինից որեւէ բարձր պաշտոն զբաղեցնողի, ով չի գիտակցում,  թե ի՞նչ կարեւոր գործառույթ է զբաղեցնում ՊԲ-ն եւ թե ինչո՞ւ է անհրաժեշտ ու կարեւոր ոչ միայն ՊԲ-ի պահպանումը, այլ զինված ուժերի բարեփոխումները: Չնայած խաղաղապահ զորքերի ներկայությանը, ՊԲ-ն ունի հստակ նպատակներ, որի իրականացումից է կախված Արցախի ժողովրդի անվտանգության ու բնականոն կյանքի ապահովումը: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչպիսի՞ սպառնալիքներ (տեղահանությունից մինչեւ ցեղասպանություն) կարող են առաջանալ նման իրավիճակում, բայց կարելի է համոզված ասել, որ ապառազմականացման հաջորդ քայլը լինելու է Արցախի ամբողջական վերահսկողությունը թշնամու կողմից:

-Վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի սահմաններին կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել, անգամ ռուս խաղաղապահներն են սկսել այդ մասին բարձրաձայն խոսել: Արցախի հատվածում, պաշտոնական հաղորդագրություններից, նույնիսկ կարելի է հստակ պատկերացումներ ձեւավորել՝ թիրախավորվող բնակավայրերի մասով: Ուշագրավ է, որ կրակոցներն ինտենսիվ են դարձել Սոչիում՝ ՌԴ նախագահի հովանու ներքո կայացած հանդիպումից հետո: Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում էլ, փաստորեն, Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը չստորագրվեց: Ի՞նչ հետեւություններ ունեք, ի՞նչ զարգացումների սպասել:

-Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Արցախի եւ ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրը բավականին խոցելի է, եւ իրադարձությունները կարող են զարգանալ ցավալի սցենարներով: Բանակցությունները մտել են փակուղի, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ սրվել է:  Եթե միջազգային դերակատարները որեւէ ձեւով չմիջամտեն, ապա ռազմական գործողությունների հավանականությունը կտրուկ կաճի:

-Ի դեպ, պաշտոնապես չհրապարակվեց, բայց ձեզ հայտնի՞ է, թե ի՞նչ էր նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթղթի աշխատանքային տարբերակում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «այդ տեսքով» փաստաթուղթը չի ստորագրի, ի՞նչ սպառնալիքներ կային Հայաստանի համար:

-Այդ փաստաթուղթը ենթադրում էր ՀԱՊԿ գնահատականը սեպտեմբերյան ռազմական  գործողությունների վերաբերյալ, ըստ որի ՀԱՊԿ-ն առաջարկում էր Հայաստանին միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական ոլորտներում,  նաեւ առաքելություն ուղարկում հայ-ադրբեջանական սահման: Ենթադրելի է, որ դրանում սահմանային ամբողջական իրավիճակը չի արձանագրվել, այդ պատճառով այս  իշխանությունները չեն ստորագրել նշված փաստաթուղթը: Մեծ հաշվով՝ աշխատանքային տարբերակների նրբություններին ու մանրամասներին չեմ տիրապետում, բայց նաեւ ենթադրում եմ, որ վերը նշված առաջարկների փաթեթը չի ապահովագրել ադրբեջանական  հնարավոր հետագա ագրեսիան:

-Վերջին օրերին նաեւ զինտեխնիկայի կուտակումներ են լինում Հայաստանի եւ Արցախի հետ Ադրբեջանի սահմանին, կարելի է ասել, որ Ադրբեջանը պաշտոնապես նաեւ Նախիջեւանի «բռնակցումը» սկսեց, թուրքական կողմն էլ խոսել է Հայաստանի հետ՝ երրորդ անձանց համար սահմանը բացելու հավանականության մասին: Ի՞նչ փուլ են մտել տարածաշրջանում զարգացումները՝ Արցախում խաղաղապահների տեղակայման սպառվող ժամկետին ընդառաջ:

-Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դերակատար ունի իր շահերը եւ յուրաքանչյուրը փորձում է խնդիրները լուծել  իր շահերին համահունչ: Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ այս իշխանությունները նույնիսկ մեզ  վերաբերվող հարցերում ունեն դիտորդի կարգավիճակ, եւ մեզ վերաբերվող հարցերը քննարկվում են տարածաշրջանային տարբեր խաղացողների հետաքրքրությունների շրջանակներում: Դժվար է  ասել, թե իրադարձություններն ի՞նչ հունով կզարգանան, բայց մի բան հստակ է, որ մարտական գործողությունների հավանականության վտանգը անընդհատ կախված է օդում: Նաեւ, հարցն այստեղ այն է, որ երբ  Ադրբեջանը հրաժարվում է երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, ի՞նչ է պատրաստվում անել հայկական կողմը, այս իշխանություններն ինչպե՞ս են կարողանալու  ապահովել արցախահայության անվտանգութան հարցը: Այս հարցերը ներկա իշխանությունների գոյության պարագայում առավել քան մշուշոտ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ