Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացանելը դառնում է ակտուալ. Լիլիթ Գալստյան

«Արցախի թիկունքում Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ներազգային թշնամանքի և ազգային պառակտման տեքստեր են հնչում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ ԱԺ իշխանական որոշ պատգամավորների խոսույթում վերջին շրջանում թրենդային են դարձել Արցախյան ազգային ազատագրական պայքարի նշանակությունը նվաստացնող, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող, պատմական իրողությունները նենգափոխող, անգամ Հայաստանն ագրեսոր ներկայացնող տեքստերը։

«Այս ամբիոնից բարձրաձայնված հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունն իր բարոյականությամբ ոչ միայն սնանկ է ու քստմնելի, այլևս հակապետական և հակազգային։

Ցավոք, իշխանական պատգամավորների հակապետական թեզերը բխում են իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվանալու, նրա սուբյեկտայնությունը և հայկական ապագան կասկածի տակ դնելու քաղաքականությունից։ Սա ՔՊ-ական դիվանագիտական սնանկ կուրսի, արժեզուրկ արտաքին քաղաքականության հետևանքներն է, որի արդյունքում փոշիացվեց նաև միջազգայնորեն ճանաչված միակ ԵԱՀԿ ձևաչափը»,- ասաց Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ Արցախի ճակատագիրը մեր հավաքական ճակատագիրն է, մեր անվտանգային համակարգի անբաժանելի բաղադրիչը, այն երբեք որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։

«Օրերս, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները,  դատապարտելով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնել, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին։ Նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով նրանք կոչ են արել հարցը քննել էթիկայի հանձնաժողովում։

«Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ վերոհիշյալ և մի շարք պարագաներում ակնհայտորեն պատգամավորական վարքագծի քննարկման խնդիր կա, և մենք հանդես ենք գալու պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։

Իսկապես, աներևակայելի է, բայց ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացանելը դառնում է ակտուալ։ Իսկապես, ձեր օրոք կարծես թե ակտուալ է դառնում նաև Ցեղասպանության ուրացման քրեականացումը»,- հայտարարեց Լիլիթ Գաստյանը։