Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արաքս գետից ավազի արդյունահանումը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է առաջացնում. Հովհաննես Հարությունյան

«Ներողություն եմ խնդրում անհարմարության և այս հարցով ևս մեկ նիստ հրավիրելու համար, բայց նախագիծն իրապես կարևոր»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտնեց Ֆինանսների նախարարի տեղակալ  Արման Պողոսյանը, առաջարկելով հետաձգել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Նա հայտարարեց, որ եթե հնարավոր լինի հետաձգել հարցը, ապա հաջորդ օրը այդ նախագիծը քննարկելու համար հրավիրվելիք հանձնաժողովի արտահերթ նիստին կառավարությունը վերջնական իր տեսակետը կներկայացնի:

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները որոշեցին այդ փոփոխությամբ հաստատել նիստի օրակարգը, իսկ ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ քննարկեցին նախագծին:

Հանձնաժողովն անցավ ՀՀ Ընդերքի մասին  և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկմանը, որը վերաբերում էր Արաքսի ավազանից ավազի արդյունահանման կանոնակարգմանը: 

«Նախագծերը մշակվել են հաշվի առնելով մասնավորապես Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում»,-օրինագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Նա հայտնեց, որ օրինագծի նպատակն է գետերի հուների փոփոխությունը կանխարգելող արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատներշների վերականգնման մեխանիզմների արագ կարգավորումը:

«Նախագծերի մշակումը պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները` կապված գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման հրատապության հետ, ինչպես նաև գետերի հունի արգելապատնեշների կառուցման համար գետի հունից ավազն օգտագործելու նպատակով լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում` իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման կամ վերակառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` համաձայն նախապես կազմված և հաստատված նախագծի»,-ասվում է հիմնավորման մեջ:

Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների դեպքում նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ:

Օրենսգրքի փոփոխության նախագծում առաջարկվում է. « 601 . հոդվածում լրացնել  նոր մասեր հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով  ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների եւ/կամ սարքավորումների միջոցով իրականացնելու դեպքում.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:

Նախագծի հիմնավորման մեջ նաև ամրագրված է .«Սահմանային շերտում սահմանային գետերի հասկացության պարզաբանումը անուղղակի ձևով ներկայացված է «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որում կիրառվում է «սահմանային շերտ» տերմինը, ինչը օրենքի իմաստով սահմանային գետի մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ: Նշենք  նաև, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերում կիրառվում է «սահմանային շերտի սահմանային գետեր» ձևակերպումը:

Ներկայացված նախագծերը միտում ունեն նաև սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգը, ինչպես նաև սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմի ապահովում, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց և նախագիծն ընդգրկեց ԱԺ նիստերի օրակարգ: