Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը մեկ հարկի տակ կհավաքի աշխարհահռչակ երաժիշտների

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը դասական արվեստի սիրահարներին հնարավորություն է տալիս վայելելու աշխարհի լավագույն երաժիշտների կատարումներն, այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 6-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությամբ։

10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 20-ը սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։

Փառատոնի, նվագախմբի 2023 թվականի ծրագրերի մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ։

- Երևանում ամեն տարի անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ժամանակ երաժշտասերները հնարավորություն են ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները։ Այս տարի ի՞նչ նորություններ են սպասվում։

- Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակում ելույթ կունենան հայտնի երաժիշտներ։ Նրանց մասնակցությամբ տեղի կունենա 5 համերգ, կհնչեն ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ  նրա ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այս անգամ փառատոնն առանձնանում է նրանով, որ լինելու են հետաքրքիր մենակատարներ, որոնց մի մասը Հայաստանում առաջին անգամ է հանդես գալու։  Մասնավորապես, Անաստասիա Կոբեկինան, որը կատարելու է Ֆրիդրիխ Գուլդայի թավջութակի կոնցերտը։ Ի դեպ այս գործը ևս Հայաստանում հնչելու է առաջին անգամ։ Հետաքրքիր կոնցերտ է՝ գրված թավջութակի և փողային նվագախմբի համար։

Համերգային ծրագրերում ընդգկված են հայտնի գործեր, հուսով ենք, որ երաժշտասերներին դուր կգան այդ ստեղագործությունները։

Փառատոնի շրջանակում դասական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան ունկնդրելու Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը՝ իտարալցի դաշնակահար Մասսիմո Սպադանի կատարմամբ։ Նա ևս առաջին անգամ է Հայաստանում ելույթ ունենալու։

Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը։ Ի դեպ այդ համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։

Իսկ փառատոնի փակմանը կներկայացնենք դասական երաժշտության ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝  դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագով հանդես կգա Կարմինե Լաուրին։

Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվելու և նկարահանվելու են՝ հետագայոմ ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հայտնի հեռուստաընկերություններով ներկայացնելու համար։

Այս տարի նաև նախատոնական տրամադրություն է. 2023 թվականին լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և այս փառատոնով, կարծես, մեկնարկում են այդ միջոցառումները։

Փետրվարից նվագախումբը 10 համերգային ծրագրով հանդես կգա Միացյալ թագավորությունում՝ ներկայացնելով  մեծ կոմպոզիտորի գործերը։

- Տասը տարիների ընթացքում ի՞նչ է ներկայացվել դասական երաժշտության սիրահարներին։ Արդյոք կային գործեր, որոնք յուրահատուկ էին մեր երկրի համար։

- Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ստեղծման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է։ Նպատակն է պահպանել և հանրահռչակել Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը, ինչպես նաև կարևոր է, որ հայտնի երաժիշտները սովորեն կոմպոզիտորի կոնցերտները, որպեսզի Արամ Խաչատրյանի երաժշտությունը նաև այս կերպ տարածվի աշխարհով մեկ։ Եւ պատահական չէ, որ ամեն տարի Խաչատրյանի ստեղծագործությունները գերիշխում են փառատոնի ծրագրերում։

Փառատոնն առանձնահատուկ է նաև նրանով, որ կոմպոզիտորի հայտնի գործերին զուգահեռ ունկնդրին հնարավորություն է տրվում ծանոթանալու նաև համեմատաբար քիչ կատարվող սիմֆոնիկ ստեղծագործություններին։ Ի դեպ, մենք ներկայացնում ենք նաև նրա կինոերաժշտությունը։ Չպետք է մոռանանք, որ Արամ Խաչատրյանը տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, և մեր ցանկությունն է, դրանց մասին ևս մարդիկ իմանան։

Բացի այդ, այս տարիներին փառատոնի շրջանակում հնչել են այլ կոմպոզիտորների գործեր, ունեցել ենք նորարարական նախագծեր։ Օրինակ, 2017 թվականին ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջոն Մալկովիչը հատվածներ ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

- Խաչատրյանական փառատոնի միջոցով ներկայացվեց նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը, որը շատ սիրվեց ունկնդրի կողմից և միշտ սպասված է։ Այս տարի նու՞յնպես սպասենք այս համերգին։

- Այո, միջազգային փառատոնում կարևոր տեղ ունի նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը։ Ավանդույթի համաձայն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի ևս  կներկայացնի կոմպոզիտորը ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար հանդես կգա ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանը։

- Վերջերս դասական երաժշտության համերգներին բավականին շատ են այլազգի ունկնդիրները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քայլեր ձեռնարկու՞մ է մեր կատարողական արվեստը նաև օտարազգի արվեստասերներին ներկայացնելու համար։

- Ամեն տարի սեպտեմբերին տեղի է ունենում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ևս Հայաստան են գալիս աշխարհահռչակ արտիստներ։ Եւ ոչ միայն այս, այլ նաև մեր մնացած համերգներին ներկա են լինում օտարերկյա զբոսաշրջիկներ։ Իհարկե որոշակի աշխատանքներ կատարվում են զբոսաշրջային ընկերությունների, հյուրանոցների հետ, որ տուրիստները ևս կարողանան ներկա լինել մեր համերգներին։ Սակայն նշեմ, որ երբ նախապես պլանավորում ենք դրանք, հատուկ այդ նպատակով Հայաստան են այցելում դասական երաժշտության սիրահար զբոսաշրջիկները։

Քիչ չեն դեպքերը, որ նրանք, օրինակ, «Արմենիա» փառատոնի ժամանակ անմիջապես գնում են մի քանի օր տևող համերգների տոմսերը, որպեսզի ունկնդրեն համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է հասանելի:

- Այս տարվա վերջին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Օմանում։ Կմանրամասնեք, թե ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու։

- Նվագախումբն արդեն մեկ անգամ հանդես է եկել Մասկատի արքայական օպերային թատրոնում, որը Միջին Արևելքի լավագույն օպերային թատրոններից մեկն է՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով։ Համերգի ժամանակ ներկայացրեցինք 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։ Դրանից հետո ստացանք երկրորդ հրավերը՝ հանդես գալ ամանորյա տոնական համերգին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին։ Ծրագրում կլինեն հետաքրքիր հայտնի դասական երաժշտական ստեղծագործություններ՝ Ռավելի «Բոլերո»-ն, Բեթհովեն, Մոցարտ և այն։ 

- Ի՞նչ ծրագրեր ու նախագծեր ունեք հաջորդ տարի։

2023 թվականը ևս հագեցած է լինելու։ Նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄԷ-ում։ Ինչպես արդեն նշել եմ՝ փետրվարին Միացյալ թագավորության տարբեր համերգասրահներում կներկայացնենք ոչ միայն եվրոպացի կոմպոզիոտրների, այլև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգներ նախատեսվում են նաև Ավստրիայում։ Մի շարք հյուրախաղերի հրավեր ենք ստացել և այժմ քննարկում ենք, թե որին կարող ենք գնալ։ Մենք անում ենք հնարավորինը, որ մեր նվագախումբը լավագույնս ներկայացվի Եվրոպայի և Ասիայի հեղինակավոր համերգասրահներում։