Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արամ  Սարգսյան. «2023 թվականը ճակատագրական է լինելու շատ-շատերի համար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, խոսելով Բերձորի միջանցքի փակման շուրջ տարբեր մեկնաբանությունների մասին, ասաց. «Ամենագլխավոր հարցն այստեղ այն է, որ մենք հիմա գործ ունենք մի բանի հետ, երբ 120 հազար մարդ իր կյանքի իրավունքի համար է պայքարում: Դա չի կարող համեմատվել որեւէ այլ երեւույթի հետ: Չի կարող մեկնաբանվել այնպես, թե այ, ադրբեջանցիները ինչ-որ առարկություններ, դժգոհություններ ունեն կամ չեն կարողանում իրականացնել բոլոր բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունները: Դա որեւէ կապ չունի իրականության հետ: Իրականում ցեղասպանական գործողություններ են իրականացվում 120 հազար մարդու նկատմամբ: Ուզում եմ հիշատակել նաեւ, երբ Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի վարձած փորձագետը հայտարարում էր, թե իբր ցույց անելու իրավունքը այնքան «արդար» իրավունք է, որ չի կարելի դա արգելել կամ չեղարկել, աբսուրդ է: Այսինքն, ցույց անելու իրավունքի պատճառով կարելի է 120 հազար մարդու սովի ենթարկել ու ցեղասպանե՞լ:

Այստեղ է, որ հայկական կողմը պետք է Ռուսաստանի ԱԳՆ-ին եւ դրա ղեկավարությանը համապատասխան հարցադրումներն անի եւ աշխատի, որովհետեւ դա հայկական կողմի՝ Հայաստանի եւ Արցախի ղեկավարության գործն է: Սակայն մեզ բաժին է հասել այնպիսի ղեկավարություն, որ ձեռքերը լվացել եւ ասում է, թե ինքը գործ չունի, գնացեք եւ ձեր հարցերը իրար հետ  կարգավորեք»,- ասաց պարոն Սարգսյանը:

Դիտարկմանը, թե 2020 թվականի մայիսի 22-ին, պատերազմից չորս ամիս առաջ Շուշիում  Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման, սակայն խոստումը օդում մնաց, եւ պատերազմից հետո ինքն Արցախ չի գնում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Դուք դեռ լուրջ ե՞ք վերաբերվում նրա ասածներին: Դուք տրամաբանություն եք փնտրում այնտեղ, որտեղ տրամաբանություն չկա: Ես ասել եմ ու հիմա էլ եմ կրկնում. շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի նա հասկանա եւ հրաժարականը գրի, գնա, որովհետեւ ուրիշ ելք չի լինելու: Ես նկատի չունեմ՝ տարիներ հետո: Ես նկատի ունեմ այս տարին, 2023 թվականը: Հավատացեք, 2023 թվականը լինելու է ճակատագրական շատ-շատերի համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ