Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արարատ Միրզոյան. Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար

 Նյու Յորքում Սեպտեմբերի 23-ին  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ 

Արարատ Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային  հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար:  Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռոզմարի ԴիԿարլոն քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։