Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արձանագրված տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփվի 11-12% տնտեսական աճով. Տիգրան Խաչատրյան

«Այս նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասելու համար»,-կառավարության այսօրվա նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը:


Նրա խոսքով՝ 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում, քանի որ վերջին ամիսներին համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ այդ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական միջավայրի վրա և 2023 թ. մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում:

«2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական  նոր նախաձեռնությունների իրագործման համար»,-հայտարարեց ֆինանսների նախարարը:

Նա հավաստիացրեց, որ արձանագրված տնտեսական զարգացումները հուշում  է, որ 2022 թվականը կամփոփվի 11-12% տնտեսական աճով, բայց հաջորդ տարվա աճն ապահովելու համար պետք է իրականացվեն նախատեսված բարեփոխումները: